Թեեւ ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականը դուրս է մնացել աշխարհի առաջնությունից, սակայն թիմի առաջատար եւ աշխարհի առաջնության ընթացիկ լավագույն ռմբարկու (6 գոլ) Խամես (Ջեյմս) Ռոդրիգեսն այս օրերին մնում է ամենաքննարկվող ֆուտբոլիստներից մեկը: Արքայական ակումբի տրանսֆերային ցուցակում հայտնվելուց հետո նրա արժեքը հասել է մինչեւ 80 միլիոն եվրոյի, թեեւ աշխարհի առաջնությունից առաջ նրա տրանսֆերը գնահատվում էր մոտ 40 միլիոն եվրո:
1991թ. հուլիսի 12-ին ծնված Խամես Ռոդրիգեսն ունի 178 սմ հասակ, կայուն քաշը 77 կգ է: Նրա մականուններն են Ջեյմս Բոնդ, Բամ-Բամ, Բանդիտո, Ջեսի Ջեյմս: Կինը Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի կրտսեր քույր Դանիելան է: Նա եղել է պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի: Ամուսնանալուց հետո ավարտել է կարիերան: Դուստրը մեկ տարեկան է: Նրա անունը՝ Սալոմեա, դաջված է Խամես Ռոդրիգեսի ձեռքին:
Սկանդալային բարձրաշխարհիկ լրահոսում զույգը չի նկատվել: Մոնակոյում նրանք ազատ ժամանակն անցկացնում են դստեր հետ, հաճախ են գնում եկեղեցի: Ռոդրիգեսը պաշտում է ընտանիքը, իսկ առաջին վաստակած մեծ գումարով Կոլումբիայում առանձնատուն է կառուցել պապի եւ տատի համար: Արձակուրդը Ռոդրիգեսն ու կինը միշտ անցկացնում են հայրենիքում: Դանիելա Օսպինան Մեդելյին քաղաքից է, որը 80-ականներին հայտնի էր Պաբլո Էսկոբարի նարկոկարտելով:
Ռոդրիգեսը «Բանֆիլդի» կազմում 2009թ. Արգենտինայի չեմպիոն է (Ապերտուրա), «Պորտուի» կազմում՝ 2010-2013թթ. Պորտուգալիայի չեմպիոն, 2011թ. Եվրոպայի լիգայի գավաթակիր, «Մոնակոյի» կազմում՝ Ֆրանսիայի փոխչեմպիոն:






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի