19:33  ,  1 հուլիսի, 2014

Սերգեյ Կրիվոխարչենկոն՝ Ռոբենի 11 մետրանոցի, Գերմանիայի եւ Բրազիլիայի հնարավորությունների մասին

Россия-1 եւ Спорт-1 հեռուստաալիքների մեկնաբան, Esquire.ru-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կրիվոխարչենկոն NEWS.am Sport-ի լրագրողի հետ զրույցում ամփոփել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլն ու 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Սերգեյ, աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Հոլանդիա - Մեքսիկա խաղն այժմ ամենաքննարկվողներից է: Կա՞ր 11 մետրանոց, եւ ո՞ր թիմն էր ավելի արժանի հաղթանակի:

Բացահայտ էր, որ Ռոբենը ցանկանում էր վաստակել այդ 11 մետրանոցը, բայց Մարկեսը կոպիտ սխալ թույլ տվեց՝ չհասցնելով հետ քաշել ոտքը: Ռոբենը հետ էր շարժվում եւ նրան արդեն դիմավորում էին մյուս պաշտպանները: Բայց հպում եղավ եւ 11 մետրանոցը լիովին արդարացի էր նշանակված: Թիմը, որը 88-րդ րոպեին կարողանում է հավասարեցնել խաղի հաշիվը եւ ավելացված րոպեներին խփում է  հաղթական գնդակը, արժանի է դուրս գալ հաջորդ փուլ: Այո, Մեքսիկան երկար ժամանակ ավելի լավ էր նայվում, բայց Լուի վան Գալի թիմը չի ձգտում տիրել գնդակին երկար ժամանակ, դա նրանց պետք չէ: Հոլանդացի մարզիչի փոխարինումներն աշխատեցին: Բաց թողած գնդակից հետո հոլանդացիները սկսեցին ավելի ակտիվ հարձակվել, պահեր ստեղծել, իսկ մեքսիկացիները հակառակը՝  խաղում էին սեփական տուգանային հրապարակի մոտ, ինչի պատճառով էլ պատժվեցին:

Սպասո՞ւմ էիք այդպիսի սցենար Կոստա Ռիկա - Հունաստան խաղում:

Հույները նույնիսկ Կոլումբիայի հետ խաղում 0:3 հաշվով պարտվելիս վատ չէին խաղում: Ստեղծում էին վտանգավոր պահեր: Այդ պատճառով, Կոստա Ռիկայի դեմ նրանց ակտիվ խաղն անակնկալ չէր: Իսկ առաջնության անակնկալ Կոստա Ռիկան, չի կարելի ասել, որ սուր հարձակողական ֆուտբոլ է խաղում: Նրանք ավելի շատ կազմակերպված թիմ են, բայց շատ գոլային պահեր չեն ստեղծել խմբային փուլում:

Կոտառիկացիների խաղաոճը նման է մեքսիկացիներին: Հոլանդիային ավելի հե՞շտ կլինի նրանց հետ:

Հոլանդիան Կոստա Ռիկայի հետ խաղալու է տեղի ժամանակով 17:00-ին: Այդ ժամին հավանաբար այդքան շոգ չլինի: Մեքսիկացիների հետ նրանց շատ դժվար էր այդ շոգին խաղալ, բայց նրանք իսկապես շատ լավ խաղացին, հատկապես, վերջում: Կարծում եմ՝ Կոստա Ռիկայի հետ ավելի հեշտ է լինելու: Այս թիմը նման է Մեքսիկային, բայց ֆուտբոլիստների ընտրությունն այդքան լայն չէ, որքան Մեքսիկայում:

Բրազիլիա - Կոլումբիա դիմակայությունում ո՞ր թիմն է ֆավորիտը:

Բրազիլիայի խաղը դեռ շատ հարցեր է առաջացնում, եւ ես նրանց բացահայտ ֆավորիտ չէի համարի: Իմ կարծիքով, խաղի կազմակերպման տեսանկյունից Բրազիլիան ամենաթույլերից է քառորդ եզրափակիչ դուրս եկած թիմերից: Չիլիի հետ նրանք հույզերի շնորհիվ շատ լավ խաղացին առաջին 20 րոպեներին, բայց չիլիացիները նրանց հեռացրին սեփական դարպասի մոտից եւ հավասար խաղ ցուցադրին: Բրազիլիացիների բախտն իսկապես բերեց. դարպասաձողը փրկեց նրանց խաղավերջում, ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ:

Գերմանիա - Ֆրանսիա խաղում ո՞վ ավելի մեծ հնարավորություններ կունենա:

Կազմով ֆրանսիացիները չեն զիջում գերմանացիներին: Դեշամի թիմը շատ լավ մարզավիճակ է ձեռք բերել այս տարի: Գերմանիային դժվար խաղ է սպասվում: Բացի այդ, պետք չէ մոռանալ դասական հակամարտության պատմությունը: Գերմանացիները կլինեն ոչ բացահայտ, բայց ֆավորիտ:

Մեծամասնությունն ասում է, որ սա վերջին 24 տարվա ամենագեղեցիկ առաջնությունն է: Համամի՞տ եք:

Սա 1990-ից սկսած, երբ ես սկսեցի դիտել ֆուտբոլ, ամենադիտարժան առաջնությունն է: Ես 1990-ի ԱԱ-ի ժամանակ ութ տարեկան էի եւ լավ չեմ հիշում այդ առաջնությունը, բայց կարծում եմ՝ այսքան գունեղ չէր: Այս առաջնությունն այդքան ուրախ ստացվեց մի քանի պատճառներով. շատ երկրպագուներ այդքան էլ չգիտեին, թե ինչ են իրենցից ներկայացնում Չիլիի, Կոլումբիայի նման թիմերը, բայց նրանք, ովքեր հետեւում էին, գիտեին այդ թիմերի ներուժը: Չիլին մարզչական աշխատանքի հիանալի արդյունք է: Նրանք խաղում են բարդ տակտիկական ֆուտբոլ: Բարձր արդյունավետությունը բացատրվում է պաշտպանության ոչ այդքան վստահ խաղով: Հնարավոր է՝ շոգի պատճառով պաշտպանները շատ սխալներ են թույլ տալիս, իսկ երկրպագուները միշտ սիրում են գոլառատ խաղեր:

Խմբային փուլի ավարտից հետո շատ երկրպագուներ հիասթափվեցին եվրոպական առաջատար հավաքականների ձախողմամբ: ԱԱ-ն կորցրե՞ց գունեղությունը, երբ եվրոպական հիմնական ֆավորիտներից մեծ մասը լքեց այն:

Չեմ կարծում: Անգլիայի հավաքականը հանդես եկավ իր ուժերին համապատասխան, եւ նրանց չէր կարելի անվանել ֆավորիտ: Ապագայում անգլիացները դժվարությամբ են կարողանալու դուրս գալ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր: Անգլիական Պրեմյեր լիգայում հանդես են գալիս մեծ թվով օտարերկրացիներ: Այնտեղ մեծ փողեր են պտտվում, մարզիչների վրա մեծ ճնշում կա, եւ նրանք երիտասարդներին այդքան էլ չեն վստահում, ինչպես դա անում են Գերմանիայում եւ Իսպանիայում: Ֆուտբոլիստների ընտրության հարցում Իսպանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Անգլիայից մի գլուխ բարձր են: Պորտուգալիան նույնպես ֆավորիտ չէր: Այդ թիմը չի առաջադիմել վերջին տարիների ընթացքում: Ամեն ինչ կառուցում էին Ռոնալդուի շուրջ: Բոլորը գտել են Ռոնալդուի դեմ հակախաղը՝ նույն գերմանացիներն ու ամերիկացիները: Իսպանացիները վերջին տարիներին նույնպես չէին փոխվել եւ ծերացել էին: Հոլանդացիներն ու չիլիացիները գիտեին՝ ինչպես խաղալ նրանց դեմ: Ես գիտեմ, թե ինչպես են պատրաստվում խաղալ մրցակիցների դեմ գերմանացիները: Նրանց այդ հարցում օգնում է երկրի համալսարաններից մեկը: Լյովը ստանում է հաստ դոսյեներ յուրաքանչյուր մրցակցի մասին:

Ի՞նչ կասեք Սուարեսի որակազրկման մասին: Խի՞ստ էր, թե՞ նա արժանի էր դրան:

Սուարեսի որակազրկումը մեծ կորուստ էր Ուրուգվայի եւ չեզոք երկրպագուների համար: Առանց նրա, Կոլումբիայի դեմ խաղում Ուրուգվայը դատապարտված էր: Դա երեւում էր նույնիսկ ֆուտբոլիստների տրամադրությունից եւ վարքից: Խաղը չստացվեց լարված, ինչպիսին պետք է լիներ: Բայց Սուարեսն այդքան էլ առողջ մարդ չէ: Սա առաջին անգամ չէր, երբ նա այդպես վարվեց, եւ ՖԻՖԱ-ն երեւի այլ ելք չուներ: Պաշտոնյաները չէին կարող ասել, որ ներում են նրան, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրանց չէին հասկանա:

Ինչո՞ւ ձախողվեց Ռուսաստանի հավաքականը:

Ռուսաստանը խաղաց իր հնարավարությունների չափով: Թիմը մոտ էր խմբից դուրս գալուն, բայց Ալժիրի եւ Հարավային Կորեայի դեմ հանդիպումներում բաց թողած գնդակներն ամեն ինչ որոշեցին: Այն, որ նրանք հեշտությամբ դուրս կգան խմբից, դժվար էր պատկերացնել: Այս պահին Ռուսաստանն ամենաթույլ կազմ ունեցող թիմերից մեկն է այս առաջնությունում: Հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ հանդես չի գալիս եվրոպական առաջատար ակումբներում: Նրանք չեն ցանկանում ոչ մի տեղ գնալ, քանի որ մեծ գումարներ են ստանում Ռուսաստանում եւ շատ լավ են իրենց զգում լեգեոնակաների թվի սահմանափակման շնորհիվ: Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս մեզ, թե ինչքան դժվար կարող է լինել ավելի ուժեղ առաջնությանը հարմարվելը, երբ նախկինում ունենում էիր տարվա մեջ մի քանի բարդ խաղ, իսկ Գերմանիայում՝ ամեն շաբաթ: Նոր ռիթմին հարմարվելու համար Մխիթարյանին ժամանակ պետք եկավ:

Պե՞տք է Ֆաբիո Կապելոյին թողնել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Սխալ է միայն Կապելոյին մեղադրելը: Նա Ռուսաստանին խմբային փուլի առաջին տեղից դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար: Նա թիմը լավ պատրաստեց ֆիզիկապես եւ տակտիկապես: Այլ հարց է, որ այս պահին Ռուսաստանին այդքան թանկ մարզիչ պետք չէ: Այս կազմով նա չի կարող Ռուսաստանի թիմին դարձնել մեծ մրցաշարերի ֆավորիտ:

Ո՞րն էր Ձեր մեկնաբանած ամենադիտարժան խաղն այս առաջնությունում:

Իմ բախտը բերեց, իմ բոլոր մեկնաբանած խաղերը դիտարժան էին: Բայց կառանձնացնեմ ԱՄՆ - Պարտուգալիան, որտեղ ամերիկացիները շատ ագրեսիվ եւ լավ էին նայվում: Ինչպես նաեւ Արգենտինա - Նիգերիան: Այնտեղ նիգերիացիները ֆավորիտների հետ շատ լավ խաղացին, երկու գնդակ խփեցին, եթե Մեսին չլիներ, գուցե եւ միավոր վաստակեին:

Իսկ այլ խաղերի՞ց, որոնք չեք մեկնաբանել:

Ես Գերմանիայի երկրպագու եմ, եւ ինձ իհարկե դուր եկավ նրանց հաղթանակը պորտուգալացիների հանդեպ: Բայց իմ կարծիքով ամենադիտարժանը Իսպանիա – Հոլանդիան խաղն էր:

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր սերը Գերմանիայի հանդեպ:

Երեք տարի ապրել եմ Բեռլինում: Վաղուց է, ինչ գրում եմ գերմանական ֆուտբոլի մասին եւ Eurosport-ի եթերում մեկնաբանում եմ Բունդեսլիգան:

Ո՞ր հավաքականը ամենից շատ հիասթափեցրեց:

Երբեք չեմ եղել Իտալիայի սիրահար, բաց նույնիսկ ինձ նրանք հիասթափեցրին: Մրցաշաից առաջ թվում էր, թե նրանք լավ առաջ կգնան:

Ո՞ր թիմը հաճելիորեն զարմացրեց:

Ես դարձա Չիլիի երկրպագու մինչեւ ԱԱ-ն: Նրանք ունեն հիանալի մարզիչ, ով իր էմոցիոնալությամբ եւ սիրով ագրեսիվ ֆուտբոլի հանդեպ, բարձր պրեսինգի վրա հիմնված բարդ ֆուտբոլով հիշեցնում է ինձ Յուրգեն Կլոպին: Չիլիի ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին հայտնի երկրպագուներին, բայց կարծում եմ՝ Դիասը եւ Արանգիսը կարող են ուժեղացնել եվրոպական ակումբները:

Ո՞ր ֆուտբոլիստը հիասթափեցրեց:

Ես չեմ սիրում Կրիշտիանո Ռոնալդուին: Ես չէի ուրախանում նրա անհաջողությամբ, բայց սպասում էի, որ նա կրկին չի կարողանա իրեն ոչ մի ձեւ դրսեւորել: Ամենից մեծ հիասթափությունն Իգոր Ակինֆեեւի ճակատագրական սխալներից էր: Ոչ ոք նրանից այդպիսի բան չէր սպասում:

 Իսկ ո՞վ ուրախացրեց:

Տոմաս Մյուլերը, ով ձեռք է բերել հիանալի մարզավիճակ եւ միշտ եղել է իմ ամենասիրելի ֆուտբոլիստբերից մեկը: Բացի այդ, իսկական հրաշքներ է գործում Խամես Ռոդրիգեսը: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կարող է անել նա Բրազիլիայի դեմ:

Ո՞ր մարզիչը ամենից լավ պատրաստեց իր թիմը այս ԱԱ-ին:

Չիլիի մարզիչ Սամպաոլին: Լյովը նույնպես հետաքրքիր հնարքներ մտածեց, հիմնականում կառուցեց պաշտպանությունը կենտրոնական պաշտպաններով, որոնցից երկուսը խաղում են եզրերում:

Առաջնության ամենագեղեցիկ գոլը:

Վան Պերսիի գոլն էր՝ Իսպանիայի դարպասը: Այդ գնդակի հետ չի կարող համեմատվել նույնիսկ Խամես Ռոդրիգեսի գոլը Ուրուգվայի հետ: Վան Պերսին հասցրեց գնահատել դարպասապահի դիրքը: Եվ հարված կատարեց ընկնելիս՝ գիտակցաբար փորձելով գնդակը նրա վրայով ուղարկել դարպասը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով