01:51  ,  27 հունիսի, 2014

ԱԱ-2014. Ալժիրի պատմական նվաճումը, ռուսները տուն են վերադառնում

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբից Բելգիայի հավաքականի պես 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին ալժիրցիները, ովքեր առաջին անգամ կխաղան «Մունդլիալների» փլեյ-օֆֆում: Ռուսներն ու կորեացիները տուն են վերադառնում:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում բելգիացիները 10 ֆուտբոլիստներով նվազագույն հաշվով հաղթեցին Հարավային Կորեային, իսկ ռուսները ոչ ոքի խաղացին Ալժիրի հետ՝ 1:1:

Ռուսաստանի հավաքականը չպահպանեց հաղթական հաշիվը, որը Ֆաբիո Կապելոյի թիմին դուրս կբերեր փլեյ-օֆֆ: Սկզբնամասում Ռուսաստանի թիմը վերահսկում էր խաղը եւ 6-րդ րոպեին Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Գոլից հետո ալժիրցիներն ակտիվացան, սակայն առաջին խաղակեսում չկարողացան հավասարեցնել հաշիվը, ինչն արեցին ընդմիջումից հետո: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ռուսները կորցրեցին իրական գոլային պահ, ինչի համար պատժվեցին 60-րդ րոպեին, երբ Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Իսլամ Սլիմանին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց աֆրիկացիների պատասխան գոլը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ֆաբիո Կապելոյի թիմը չկարողացավ խնդիրներ առաջացնել մրցակցի համար:

Հարավային Կորեա – Բելգիա խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը: Բելգիայի հավաքականից 45-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել «Պորտուի» կիսապաշտպան Ստիվեն Դեֆուրը, սակայն դա չխանգարեց Մարկ Վիլմոտսի թիմին:

Բելգիացիները 100 տոկոսանոց արդյունքով ավարտեցին խմբային փուլը, իսկ 1/8 եզրափակիչում կխաղան ամերիկացիների հետ: 4 միավոր հավաքած Ալժիրցիներին բաժին հասավ G խմբի հաղթող Գերմանիան: Ռուսներն ԱԱ-2014-ը լքեցին 2 միավորով, իսկ կորեացիները՝ 1:

ԱԱ-2014. H խումբ, երրորդ տուր

ԱլժիրՌուսաստան` 1:1 

Իսլամ Սլիմանի, - 60 – Ալեքսանդր Կոկորին, 6

Հարավային ԿորեաԲելգիա՝ 0:1

Յան Վերտոնգեն, 78

Հեռացում՝ Ստիվեն Դեֆուր, 45 (Բելգիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով