14:14  ,  20 հունիսի, 2014

Սուարեսին օգնած ֆիզիոթերապեւտը հիվանդ է քաղցկեղով (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը մենիսկի վիրահատությունից հետո չափազանց սեղմ ժամկետներում կարողացել է գերազանց մարզավիճակ ձեռք բերել եւ Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի՝ անգլիացիների դեմ խաղին։

Դա տեղի է ունեցել հավաքականի ֆիզիոթերապեւտ Վալտեր Ֆերեյրայի շնորհիվ։ 63-ամյա մասնագետը հիվանդ է քաղցկեղով եւ առողջական վիճակի պատճառով չի կարողացել ժամանել հավաքականի մարզաբազա։ Դրա փոխարեն Սուարեսը վերջին մեկ ամսվա ընթացքում գնացել է Ֆերեյրայի տուն եւ մարզվել Վալտերի կազմած ծրագրով, հաղորդում է Depor.pe-ն։

Ֆիզիոթերապեւտի վերականգնողական կուրսի շնորհիվ հարձակվողը ռեկորդային ժամկետում վերադարձել է խաղադաշտ եւ Անգլիայի դեմ խաղում դարձել դուբլի հեղինակ։ Անգլիացիների դարպասն առաջին անգամ գրավելուց հետո Սուարեսը վազել է Ֆերեյրայի մոտ, ամուր գրկել նրան եւ աջ ձեռքի ցուցամատն ուղղել նրա ուղղությամբ։ Խաղից հետո ուրուգվայցին շնորհակալություն է հայտնել մասնագետին. «Եթե չլիներ նա, ես այստեղ չէի լինի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով