18:48  ,  15 հունիսի, 2014

Թենգիզ Պաչկորիա. Հայաստանին կհաջողվի դուրս գալ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Աշխարհի չեմպիոն կդառնա կամ Արգենտինան, կամ Բրազիլիան: Ցավում եմ, որ Հայաստանին չհաջողվեց հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը, բայց այստեղ ձեր հավաքականը ցուցադրեց բավական գեղեցիկ եւ սոլիդ խաղ: Համոզված եմ, որ Հայաստանին կհաջողվի դուրս գալ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ մինչ այդ էլ` 2016թ. Եվրոպայի առաջնություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի վրացի մարզական լրագրող Թենգիզ Պաչկորիան:

Պարոն Պաչկորիա, ֆուտբոլային տոնն արդեն մեկնարկել է: Բոլորը սպասում էին դրան: Ձեզ դուր եկա՞վ բացման արարողությունը:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության բացման արարողությունը շատ հետաքրքիր է, դիտարժան: Բայց ինձ այն այդքան էլ դուր չեկավ: Ավելին էի սպասում, քան այն ինչ տեսա: Եթե համեմատեմ նախորդ առաջնությունների բացման արարողությունների հետ, Բրազիլիայի այս տարվա արարողությունն ավելի բազմազան էր, բայց կարծես մի բան բաց էր թողնված: Իմ կարծիքով կարող էին ավելի լավ կազմակերպել:

Ի՞նչ կանխատեսումներ ունեք խմբային փուլում: Ըստ Ձեզ, որ թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ:

Իմ կարծիքով 1/8 եզրափակիչում պայքարի դուրս կգան Բրազիլիան, Մեքսիկան, Հոլանդինա, Իսպանիան, Կոլումբիան, Հունաստանը, Իտալիան, Անգլիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Արգենտինան, Նիգերիան, Գերմանիան, Պորտուգալիան, Բելգիան եւ Ռուսաստանը: 

Իսկ եզրափակիչում ո՞ր թիմերին եք տեսնում:  

Արգենտինա - Բրազիլիա:

 Ի՞նչ կասեք այս օրերին ամենաքննարկվող խաղի՝ Հոլանդիա - Իսպանիայի մասին

Հրաշալի խաղ էր: Հոլանդացիներն ուղղակի ջախջախեցին իսպանացիներին. Պատժեցին իսպանացիներին իրենց ինքնավստահության համար: Հոլանդացիներն իսպանացիների նկատմամբ առավելության հասան անիրական թվացող կամքի շնորհիվ, արագության ու ամենակարեւորը վստահության շնորհիվ: Հոլանդացիները ռեւանշի էին դուրս եկել, հաղթելու անսահման ցանկությունը նրանց օգնեց ջախջախել իսպանացիներին: Նրանք թռչող հոլանդացիներ էին. բրավո, Հոլանդիա:

Պարոն Պաչկորիա, այն հավաքականներից, որոնց չհաջողվեց հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը, ո՞ր թիմերին եք երկրպագում:

Ցավում եմ Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականների համար: Վրաստանի ազգային հավաքականի համար ցավում եմ, բայց հասկանում եմ, որ Վրաստանի հավաքականը հեռու է աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորությունից: Երկրպագում եմ նաեւ Հայաստանին: Հայաստանի հավաքականն ընտրական փուլում հրաշալի պայքար ցուցադրեց, բոլոր հանդիպումներում Հայաստանի հավաքականը բավական գեղեցիկ եւ սոլիդ խաղ ցուցադրեց: Եվ շատ ցավում եմ, որ չկարողացավ հայտնվել աշխարհի առաջնության երզափակիչ փուլ: Կարծում եմ` Հայաստանն անպայման դուրս կգա 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ մինչ այդ էլ Հայաստանի հավաքականին կհաջողվի հայտնվել 2016թ. Եվրոպայի առաջնությունում: Իսկ Ուկրաինայի բախտն ուղղակի չբերեց Ֆրանսիայի հետ պատասխան խաղում, հակառակ դեպքում Ուկրաինայի հավաքականը միանշանակ կհայտնվեր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Անդրադառնալով անհատներին. Ըստ Ձեզ, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դեշամը ճիշտ վարվե՞ց` չընդգրկելով Սամիր Նասրիին հավաքականում:

Դեշամն ավանտյուրիստ է: Նա մեծագույն սխալ է կատարել` Նասրիին չընդգրկելով հավաքական: Նման մեծագույն սխալի մի անգամ էլ եմ ականատես եղել` երբ 1982 աշխարհի առաջնության ժամանակ Բեսկովն ու Լոբանովսկին չհրավիրեցին հավաքական Դավիթ Կիպիանիին, ով այդ ժամանակ լավագույն 5 ֆուտբոլիստների մեջ էր մտնում:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն աչքի ընկավ ռմբարկուական փայլուն հատկանիշներով, լավագույն ռմբարկու ճանաչվեց: Աշխարհի առաջնությունում նա աչքի կընկնի՞ շատ գոլերով:

Կարծում եմ`աշխարհի առաջնությունում Ռոնալդուն աչքի չի ընկնի այնպես, ինչպես նա դա անում է «Ռեալում»: Նա չի խաղում Պորտուգալիայի հավաքականում այնքան հզոր, որքան նրա հնարավորություններն են, որքան նա կարողանում է, բայց սպասենք անսպասելիին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով