01:55  ,  13 հունիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլացիները մեկնարկեցին կամային հաղթանակով

Բրազիլիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում: Սան Պաուլուի «Կորինտիանս Արենա» ստադիոնում կայացած բացման խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ լավ տպավորություն թողած խորվաթների նկատմամբ:

Խաղի սկզբնամաում թիմերի մոտ նկատվում էր լարվածություն, ինչին նպաստում էր նաեւ երկկողմանի հզոր պրեսինգը: Մեկնարկում եվրոպացիները ոչնչով չէին զիջում դաշտի տերերին եւ նույնիսկ ավելի վստահ տեսք ունեին: Խորվաթների հակագրոհներից մեկը 11-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով Խորվաթիայի թիմին: Բաց թողած գոլից հետո բրազիլացիներն ակտիվացան եւ աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը: 29-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն ունեին նկատելի առավելություն, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո էլ խորվաթները որոշ դրվագներում բավական լավ էին գործում, սակայն բրազիլացիները, մեծացնելով ճնշումը, 71-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: 11 մետրանոցն ավրեպ իրացրեց Նեյմարը, ով, միանշանակ, լավագույնն էր դաշտի տերերի կազմում եւ դարձավ դուբլի հեղինակ: Վերջնամասում խորվաթները պայքարում էին հանդիպումը փրկելու համար եւ նույնիսկ ունեցան գոլային պահեր, բայց խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը՝ 3:1:

A խմբում են ընդգրկված նաեւ Մեքսիկայի եւ Կամերունի թիմերը, որոնք կհանդիպեն հունիսի 13-ին:

ԱԱ-2014, A խումբ, առաջին տուր

ԲրազիլիաԽորվաթիա՝ 3:1

Նեյմար, 29, 71 (11մ.), Օսկար, 90+1 – Մարսելո, 11 (ինքնագոլ)

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 63), Օսկար, Հալկ (Բեռնարդ, 68), Ֆրեդ, Նեյմար (Ռամիրես, 88):

Խորվաթիա. Ստիպե Պլետիկոսա, Դարիո Սրնա, Վեդրան Չորլուկա, Դեյան Լովրեն, Շիմե Վրսալկո, Լուկա Մոդրիչ, Իվան Ռակիտիչ, Իվան Պերիշիչ, Մատեո Կովաչիչ (Մարսելո Բրազովիչ, 61), Իվիցա Օլիչ, Նիկիցա Ելավիչ (Անտե Ռեբիչ, 78):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս