01:55 13 հունիսի, 2014Բրազիլիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում: Սան Պաուլուի «Կորինտիանս Արենա» ստադիոնում կայացած բացման խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ լավ տպավորություն թողած խորվաթների նկատմամբ:
Խաղի սկզբնամաում թիմերի մոտ նկատվում էր լարվածություն, ինչին նպաստում էր նաեւ երկկողմանի հզոր պրեսինգը: Մեկնարկում եվրոպացիները ոչնչով չէին զիջում դաշտի տերերին եւ նույնիսկ ավելի վստահ տեսք ունեին: Խորվաթների հակագրոհներից մեկը 11-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով Խորվաթիայի թիմին: Բաց թողած գոլից հետո բրազիլացիներն ակտիվացան եւ աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը: 29-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն ունեին նկատելի առավելություն, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:
Ընդմիջումից հետո էլ խորվաթները որոշ դրվագներում բավական լավ էին գործում, սակայն բրազիլացիները, մեծացնելով ճնշումը, 71-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: 11 մետրանոցն ավրեպ իրացրեց Նեյմարը, ով, միանշանակ, լավագույնն էր դաշտի տերերի կազմում եւ դարձավ դուբլի հեղինակ: Վերջնամասում խորվաթները պայքարում էին հանդիպումը փրկելու համար եւ նույնիսկ ունեցան գոլային պահեր, բայց խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը՝ 3:1:
A խմբում են ընդգրկված նաեւ Մեքսիկայի եւ Կամերունի թիմերը, որոնք կհանդիպեն հունիսի 13-ին:
ԱԱ-2014, A խումբ, առաջին տուր
Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1
Նեյմար, 29, 71 (11մ.), Օսկար, 90+1 – Մարսելո, 11 (ինքնագոլ)
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 63), Օսկար, Հալկ (Բեռնարդ, 68), Ֆրեդ, Նեյմար (Ռամիրես, 88):
Խորվաթիա. Ստիպե Պլետիկոսա, Դարիո Սրնա, Վեդրան Չորլուկա, Դեյան Լովրեն, Շիմե Վրսալկո, Լուկա Մոդրիչ, Իվան Ռակիտիչ, Իվան Պերիշիչ, Մատեո Կովաչիչ (Մարսելո Բրազովիչ, 61), Իվիցա Օլիչ, Նիկիցա Ելավիչ (Անտե Ռեբիչ, 78):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.