12:16  ,  5 հունիսի, 2014

Շարունաս Մարչուլյոնիս. Մեր փորձով պետք է ցույց տանք երեխաներին հաջողության հասնելու ճանապարհը

«Ես շատ տպավորված եմ Հայաստանից, ինձ մասնավորապես գրավել է Մատենադարանը: Սա իմ առաջին այցն է Հայաստան, ՀՀ սպորտի նախարարին եւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահին առաջարկել եմ վերապատրաստման ընդունել մի քանի հայ մարզիչների իմ ակադեմիայում: Դա կնսպատի Հայաստանում բասկետբոլի զարգացմանը։ Այստեղ բասկետբոլը զարգացած չէ, քանի որ այն չունի պատմություն, չկա մանկապատանեկան սպորտի հիմք: Վստահ եմ, եթե հայ երեխաները տարվա մեջ 40-50 հանդիպում անցկացնեն, մի քանի տարի անց նույն այդ երեխաները զգալի արդյունքի կհասնեն արդեն մեծ սպորտում»: 

Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսը:

«Մեդիամաքս» ընկերության «Մեծ չեմպիոններ» նախագծի շրջանակում հունիսի 4-ին լեգենդար բասկետբոլիստը ժամանել է Հայաստան: Շարունաս Մարչուլյոնիսը Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988թ.  ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում),  Բարսելոնայի (1992թ.) եւ Ատլանտայի (1996թ.) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ Լիտվայի հավաքականի կազմում: Շարունաս Մարչուլյոնիսը խորհրդային առաջին լեգեոնականներից մեկն էր ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):  1989-ին նա պայմանագիր կնքեց «Գոլդեն Սթեյտի» հետ, որում հանդես է եկել մինչեւ 1994-ը։ 1994-ից 1997-ը նա խաղացել է «Սիեթլ», «Սակրամենտո» եւ «Դենվեր» ակումբներում: 

«Ինձ շատ հաճելի է լինել Երեւանում: Կարծում եմ՝ շատ կարեւոր է նման այցերը մանկապատանեկան սպորտի զարգացման համար: Երեկ հանդիպեցի շուրջ 150 հայ երեխաների, վարպետության դաս անցկացրեցի: Կարողացա միայն իմ բասկետբոլային կյանքի մի մասը ներկայացնել երեխաներին: Նրանց շատ հետաքրքրում էր այն, ինչ ես պատմում էի, ներկայացնում, բացատրում: Սա կարեւոր քայլ է բասկետբոլի զարգացման համար, մենք մեր փորձով պետք է երեխաներին ցույց տանք հաջողության հասնելու ճանապարհը, փորձենք մղել նրանց դեպի սպորտը, ոչ միայն դեպի բասկետբոլը: Դա կօգնի երեխաներին հետագայում ընտրել ճիշտ ճանապարհ. սպորտը առողջ ապրելակերպ է եւ այն կստիպի շատերին երեկոյան շուտ քնել եւ առավոտյան վաղ արթնանալ: 

Հայկական բասկետբոլն ուսումնասիրեցի: Այն անցյալ չունի, որ դրա հիման վրա կերտվի նորը: Երբ վարպետության դաս էի անցկացնում, ուշադիր հետեւում էի երեխաների հետաքրքրությանը, դա արդեն նշանակում է, որ նրանք անտարբեր չեն բասկետբոլի նկատմամբ: Եվ հնարավոր է հենց այս սերնդին աճեցնել բասկետբոլի ուղղվածությամբ: Ինքս ինձ մտածում էի՝ եթե ֆիններն են կարողանում լավ խաղալ բասկետբոլ, շվեդները, ապա ինչու հայերը չեն կարող լավ խաղալ բասկետբոլ: Այնպես որ, պետք է հիմք դրվի, քանի որ կա ձգտում: Դրա համար հարկավոր է ընդամենը ստեղծել ծրագիր, կառուցել բասկետբոլային մի համալիր մարզումների համար եւ տարիներ անց Հայաստանն էլ կունենա զարգացած բասկետբոլ: 

Կարծում եմ, Հայաստանում բասկետբոլի զարգացման համար անհրաժեշտ է բասկետբոլային մշակույթ, չկա այդ մշակույթը, անհրաժեշտ են պայմաններ, դահլիճներ: Ձեր երկրում այս մարզաձեւի զարգացման համար հարկավոր է նաեւ մեծ մարզչական կազմ, որը կմշակի ծրագիր, ոճ այս մարզաձեւի զարգացման համար: Եթե պատանեկան տարիներից երեխաները սկսեն մարզվել, լինի հատուկ մշակված ծրագիր, տարիների աշխատանքի շնորհիվ կլինի արդյունք: Բասկետբոլի զարգացման համար երկու կարեւոր ճյուղեր միաժամանակ պետք է մշակվեն՝ բասկետբոլային կառույցների առկայությունն է՝ մարզագույքով՝ գնդակներ, զամբյուղներ, ստանդարտներին համապատասխանող դահլիճներ եւ, ինչպես արդեն նշեցի մարզչական խորհուրդն է: 

Հայաստանին հարկավոր են լավ մարզիչներ: Միայն այս երկու կարեւորագույն հանգամանքների առկայության դեպքում է հնարավոր արդյունք ակնկալել որեւէ մարզաձեւում: Այստեղ հանդիպեցի Հայաստանի սպորտի նախարարի, ինչպես նաեւ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Հայաստանում իմ ներդրումը բասկետբոլի զարգացման հարցում ունենալու համար առաջարկեցի մարզիչներից մի քանիսին հյուրընկալել իմ ակադեմիայում վերապատրաստման: Դա կարծում եմ մեծ օգնություն կլինի հայկական բասկետբոլի համար:

Կարծում եմ՝ որքան էլ կայացած լինես քո մասնագիտության մեջ, միեւնույնն է միշտ սովորելու բան կա, առաջ գնալու տեղ կա: Ես շատ եմ խաղացել բասկետբոլ: Երեխաներին հարկավոր է տարվա մեջ 40-50 խաղ խաղալ, որպեսզի արդյունք տեսնես: Հայաստանը փոքր պետություն է եւ շատ դժվար կլինի փոքր երկրների համար զարգացնել զանգվածային սպորտը: Հայաստանում, որքան հասցրեցի ծանոթանալ, զարգացած են անհատական մարզաձեւերը: Իմ բասկետբոլային կյանքի հաջողության գրավականը չհանձնվելն է, որքան էլ բարդ լինի ճանապարհդ, որքան էլ հոգնեցուցիչ լինեն մարզումներդ, եթե նպատակ ունես, ուրեմն երբեք չպետք է հանձնվես, նույնիսկ իրար հաջորդող պարտությունների դեպքում: Ես խաղացել եմ աշխարհահռչակ Մայքլ Ջորդանի հետ, ինձ ասում էին, թե նա ինձանից վախենում է: Երբեք չեմ հավատացել դրան, բայց նաեւ մտածում եմ՝ ախր Ջորդանն էլ է մարդ (ծիծաղում է)»,- ասաց Շարունաս Մարչուլյոնիսը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով