18:23  ,  28 մայիսի, 2014

Արթուր Աբրահամ. Հունիսի 4-ին մեկնելուս գլխավոր պատճառը Գերմանիա - Հայաստան հանդիպումն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 4-ին մեկնելու է Գերմանիա, որպեսզի հունիսի 6-ին ներկա գտնվի Գերմանիա - Հայաստան ընկերական խաղին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 34-ամյա բռնցքամարտիկը:

«Մինչեւ հունիսի 4-ն եմ մնալու Հայաստանում. այդ օրը կմեկնեմ Գերմանիա. նախ՝ նրա համար, որ հունիսի 5-ին կարեւոր հանդիպում ունեմ, սակայն ամենաշատը՝ Գերմանիա - Հայաստան խաղին ներկա գտնվելու համար: Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանն իմ ընկերներն են. շատ ուրախ եմ, որ Հայաստանում ֆուտբոլն այսպես զարգանում է»,- ասաց նա:

Անդրադառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ Արթուր Աբրահամը նշեց, որ հնարավոր է՝ մեկնի Բրազիլիա՝ հանդիպումներին հետեւելու:

«Չի բացառվում, որ կգնամ: Եթե ժամանակ ունենամ, անպայման կգնամ: Իսկ առաջնությանը երկրպագելու եմ Գերմանիային, Արգենտինային եւ Իսպանիային, ինչպես նաեւ՝ Բրազիլիային. այնպես չի, որ հատուկ նախասիրություն ունեմ»,- ավելացրեց բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մայիսի 14-ից գտնվում է Հայաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում