13:02  ,  15 մայիսի, 2014

Արթուր Աբրահամ. Գալու է մի ժամանակ, երբ պետք է հրաժեշտ տամ սպորտին

«Գալիս է մի ժամանակ, երբ յուրաքանչյուրն էլ պետք է սպորտին հրաժեշտ տա: Ես էլ պետք է հրաժեշտ տամ սպորտին, քանի որ կյանքիս լավագույն երիտասարդ տարիներն անցնում են մարզումներով, կրկին մարզվելով, քաշ գցելով, ու հերթական անգամ մարզումներով: Կյանքում ավելի վատ բան չկա, երբ մարդ ծարավ է լինում եւ սոված: Սա է բռնցքամարտիկի կյանքը: Միայն սպորտին հրաժեշտ տալուց հետո կյանքս կփոխեմ, կապրեմ այնպես, ինչպես ցանկանում եմ, կուտեմ, կխմեմ այն, ինչ ուզում եմ: Իսկ այսպես ես դեռ պետք է մտածեմ իմ մենամարտերի մասին»:

Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարի  սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին Երեւանում է:

«Ես այս տարի ունեցա բավական բարդ մենամարտեր: Նախ՝ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը, որը թերեւս ամենաբարդն էր, շատ ավելի ծանր էր, քան ես սպասում էի, քանի որ երկու տարի անց վերանվաճեցի իմ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ուրախ եմ, որ Շտիգլիցին հաղթեցի: Հաջորդը՝ մայիսի 3-ին մենամարտեցի Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ, ով նույնպես շատ ուժեղ էր, ծանր հարվածներ ուներ, հնարամիտ էր: Նրան ռինգում խորամանկությամբ, հայկական դպրոցի հնարամտությամբ հաղթեցի: Ձախ ձեռքով էի մենամարտում, քանի որ վնասվածք ունեի: Մինչեւ տարվա վերջ մտադիր եմ երկու մենամարտ անցկացնել՝ օգոստոսին եւ դեկտեմբերին: Այս օրերին Հայաստանում եմ, մի քանի օր կմնամ այստեղ եւ կհանգստանամ»,- ասել է 34-ամյա բռնքամարտիկը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան (NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով