15:14  ,  5 մայիսի, 2014

Ruhrnachrichten.de. Դորտմունդում գրանցվեց 5 գոլ, սակայն ամենագեղեցիկը Մխիթարյանի գնդակն էր

Դորտմունդում գրանցվեց 5 գոլ, իսկ «Բորուսիան» հերթական հաղթանակը տարավ, գրում է Ruhrnachrichten.de-ն՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի»՝ «Հոֆենհայմի» նկատմամբ տարած հաղթանակին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլին։

«Գոլերից ամենագեղեցիկը գրանցվեց 31-րդ րոպեին։ Այն եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։ Նա աստիճանաբար բարելավում է իր խաղը, սակայն կկարողանա՞ Մխիթարյանը պահպանել առաջընթացը։

Գոլի ժամանակ հայ կիսապաշտպանն արագ անցավ մրցակցի գրեթե ամբողջ կիսադաշտը՝ եզրափակելով Մարկո Ռոյսի փոխանցումը։ Համեստ, գրեթե մեղավորի զգացողությամբ Մխիթարյանը խաղից հետո մեկնաբանել է. «Գրոհն այնպիսին էր, որ ես կարող էի միայն գլխով հարվածել։ Կխաղամ այնտեղ, որտեղ կարող եմ օգնել թիմին։ Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգամ»։ 

Հայ կիսապաշտպանը նաեւ ակնարկել է, որ թեեւ եզրերում ավելի շատ տարածություն է ստանում, սակայն հետագայում կցանկանար վերադառնալ կենտրոն»,- գրում է գերմանական կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 8-րդ գոլն էր խփել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։ 25-ամյա կիսապաշտպանը Goal.com-ի վարկածով ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով