16:38  ,  26 ապրիլի, 2014

Նարեկ Մանասյան. Մարդկանց ցնծությունը, այս պահն ինձ երջանկացրեց

Ուրախ եմ, որ հայրենիք եմ վերադառնում մեդալով: Կային թերություններ, եւ ես կարող էի ոսկե մեդալով վերադառնալ: Հաջորդ անգամ ամեն ինչ կանեմ, որ չեմպիոն դառնամ: Դա կլինի պատանեկան Օլիմպիական խաղերը, եւ ես պետք է օլիմպիական խաղերից վերադառնամ ոսկե մեդալով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ում մեծ շուքով ապրիլի 25-ին հայ երկրպագուները դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը Սոֆիայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց բուլղարացի Բլագո Նայդենովին: Բրոնզե մեդալի շնորհիվ Նարեկ Մանասյանը նվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: 

Նարեկ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ բրոզնե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանես քո ելույթը աշխարհի առաջնությունում:

Թերություններ կային, բայց այս պահին այլեւս դրանց վրա չեմ կենտրոնանա, ուղղակի պետք է ամեն ինչ անեմ, որ մյուս անգամ ավելի լավ պատրաստվեմ: Եվ հաջորդ անգամ արդեն անպայման ոսկե մեդալով վերադառնամ:

Ի՞նչ խոչընդոտ եղավ ոսկե մեդալին հասնելուն:

Սխալները: Ավելի բարձր արդյունք էի սպասում ինքս ինձնից: Հնարավորություն ունեի, դա վստահ կարող եմ ասել: Բայց այն, որ չկարողացա կիսաեզրափակչում հաղթել, դա իմ սխալների պատճառով էր: Ես կարող էի ստանալ ոսկե մեդալ, եթե նույն տեմպով շարունակեի մինչեւ վերջ, ինչպես մեկնարկել էի: Բայց աշխարհի առաջնության բրոնզե մեդալից էլ դժգոհ չեմ: Այսպես ստացվեց, ինչի համար շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հետ աշխատել են:

Մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:

Մրցակիցներս բավական ուժեղ էին, փորձառու: Դժվար էր բոլոր մենամարտերս էլ, հաղթանակները պայքարի արդյունքում էի ձեռք բերում: Բայց ուրախ եմ, որ մեդալով եմ վերադարձել: Ինձ համար այս առաջնությունում բացի մեդալ նվաճելուց, ուրախացնում է նաեւ մեկ այլ շատ կարեւոր նվաճում՝ Նանջինգի պատանիների Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեցի: Այժմ ամբողջ ուժերս կկենտրոնացնեմ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վրա: Պետք է լավ պատրաստվեմ: Պետք է ոսկե մեդալով վերադառնամ օլիմպիական խաղերից:

Հայրենիքում քեզ եւ Անուշ Գրիգորյանին դիմավորում են այսքան մեծ շուքով, ի՞նչ է տալիս քեզ նման վերաբերմունքը: Ի՞նչ զգացողություններ ունես այս պահին՝ այսքան շատ երկրպագուներ տեսնելով:

Այս պահն ինձ երջանկացրեց: Շատ ուրախ եմ, նույնիսկ արդեն անցավ տխրությունս, որ ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունը ձեռքիցս բաց թողեցի: Երբ տեսա, թե մարդիկ ինչպես են ցնծում, ուրախ են, ուրախանում են Անուշով, ինձնով, բոլորը շնորհավորում են, այս ժամին եկել են, որպեսզի մեզ դիմավորեն եւ մեզ հետ ուրախանան, դա միայն ինձ ուժ է տալիս եւ ոգեւորում հաջորդ վերադարձի ժամանակ ոսկե մեդալով ուրախացնելու մեր ժողովրդին:

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով