Փադելի զարգացումն ու տարածումն աշխարհում շատ արագ է տեղի ունենում, կարծում եմ՝ Հայաստանը հետ չի մնում: Հայաստանում փադելը մեծ զարգացում է ապրում եւ շուտով կդառնա մեր երկիրն աշխարհին ներկայացնելու եւս մեկ հնարավորություն: Հաջորդ տարի փադելը հնարավոր է՝ ընդգրկվի Համահայկական խաղերի ծրագրում, իսկ օլիմպիական մարզաձեւ դառնալուց հետո, գուցե մասնակիցներ ունենանք նաեւ 2032 թ. Օլիմպիական խաղերում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի փադելի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ Լուսինե Գասպարյանը:
Հայաստանում խաղային մարզաձեւերը մեծ տարածում ունեն: Բազմաթիվ ակումբներում, մասնավորապես, երեկոյան ժամերին կարելի է տեսնել մեծ թվով ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, թենիս խաղացողներ: Այս ամենի կողքին հայ երիտասարդները նոր ժամանցի միջոց են գտել. խաղում են փադել: Թենիսի կորտերից անհամեմատ փոքր (20 մ x 10 մ), արհեստական խոտածածկույթով եւ փակ ռակետներով մարզաձեւը մի քանի տարում հասցրել է սիրված դառնալ հայերի շրջանում:
2019-ից Հայաստանում գործում է փադելի ֆեդերացիա, որը նաեւ միջազգային ֆեդերացիայի անդամ է:
Տիկին Գասպարյան, վերջին տարիներին փադելը մեծ տարածում է գտել Հայաստանում: Ինչպե՞ս որոշվեց մարզաձեւը «բերել» Հայաստան, որքանո՞վ էիք վստահ, որ այն կսիրվի մեր երկրում:
Եվրոպական տարբեր երկրներում շրջելով միշտ տեսել եմ, թե որքան տարածված է փադելը: Գրեթե բոլոր քաղաքների զբոսայգիներում, հնարավոր բոլոր վայրերում կառուցված են փադելի կորտեր, մարդիկ խաղում են, մարզվում, իրենց ժամանցը կազմակերպում այդկերպ: Երկար մտածելուց հետո, որոշեցի Հայաստանում հիմնադրել փադելի ֆեդերացիա եւ 2019-ին նախաձեռնեցի: 2020-ին դարձանք Փադելի միջազգային ֆեդերացիայի լիարժեք անդամ՝ ձայնի իրավունքով, որը ենթադրում է միջազգային մրցաշարերի մասնակցություն: 2024 թվականին հիմնադրվեց առանձին Padel Europe-ը, որի հիմնադիր անդամներից մեկն էլ դարձավ մեր ֆեդերացիան:
Մարզաձեւը մեծ տարածում ունի աշխարհում, 35 մլն մարդ է խաղում փադել:
Հայաստանում ի՞նչ տարածում ունի մարզաձեւը:
Հաշվի առնելով, որ դեռ մի քանի տարի է, ինչ պաշտոնապես ներկայացնում ենք մարզաձեւը, բայց արդեն ունենք մեծ թվով խաղացողներ՝ տեղացի, արտերկրացի, պրոֆեսիոնալ, սիրողական խաղացողներ: Հոսքը մեծ է, ինչն ուրախացնող է: Մեզ պարբերաբար դիմում են, թե որտեղ կարող են խաղալ, ինչ ակումբներ կան: Եթե մինչեւ 2025 թ. ունեինք ընդամենը 4 ակումբ, մեկ տարվա ընթացքում Հայաստանում արդեն ունենք 9 փադել ակումբ եւ 22 կառուցված կորտեր: Կորտերի կառուցումը շարունակվում է:
Հասկանալի է, որ կառուցվող կորտերը մասնավոր են: Այդ ակումբները համագործակցու՞մ են ֆեդերացիայի հետ եւ ո՞րն է ֆեդերացիայի հիմնական գործառույթը:
Ֆեդերացիայի կարեւոր նախապայմանը ենթակառուցվածքների ավելացումն է Հայաստանում, ինչը կնպաստի փադելի մասսայականացմանը եւ միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորություն ունենալուն: Ըստ չափանիշների, պետք է ունենանք համապատասխան քանակի կորտեր եւ այլ պայմաներ, որպեսզի մեզ թույլ տան մրցաշարեր հյուրընկալել:
Այսինքն՝ Հայաստանն արդեն կարո՞ղ է միջազգային մրցաշար անցկացնելու հայտ ներկայացնել:
Այո, եւ ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ներկայացրել ենք հայտ 2027 թ. Հայաստանում միջազգային FIP (Փադելի միջազգային ֆեդերացիա) մրցաշարեր անցկացնելու համար: Այնպես որ հաջորդ տարի կանցկացնենք առաջին միջազգային մրցաշարերը Հայաստանում:
Կենտրոնացվածությունը Երեւանո՞ւմ է, թե՞ նաեւ մարզերում կան կորտեր, զբաղվողներ:
Ակումբների եւ գործող կորտերի գերակշռող մասը մայրաքաղաքում է, բայց կորտեր ունենք նաեւ Դիլիջանում, Վաղարշապատի Դաշտ գյուղում, Աշտարակի խճուղում: Մյուս մարզերում, տարբեր վայրերում արդեն կան նախագծեր, որոնք ավարտին կհասցվեն 2027-2028-ին:
Նշեցիք, որ ունենք պրոֆեսիոնալ խաղացողներ: Թիմ, հավաքական, մարզիչներ ունե՞նք: Պրոֆեսիոնալ խաղացողներն ի՞նչ արդյունքներ ունեն:
Ունենք անհատ խաղացողներ, որոնք պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերում ներկայացնում են Հայաստանը: Կանանց պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակիցների մեջ լավագույն արդյունքներ ունեն Հայաստանը ներկայացնող Աննա Գուրյանովան (209), Նարինե Սարգսյանը (360), տղամարդկանց մեջ՝ Արամ Քոչարյանը (615):
Մարզիչներ ունենք, որոնք այս փուլում վերապատրաստվում են Հունաստանում, Իսպանիայում: Վերջերս Հայաստանում անցկացրեցինք մրցավարական դասընթաց եւ արդեն ունենք սերտիֆիկացված 8 մրցավար: Ունենք նաեւ միջազգային կարգի մրցավար, որը տարածարջանում միակն է:
Պետական ֆինանսավորում ունե՞ք:
Ինքնաֆինասավորվող ֆեդերացիա ենք, քանի որ նախարարությունը հիմնականում ֆինասավորում է օլիմպիական մարզաձեւերին: Համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ: Ունենք փաստաթուղթ, որով ճանաչում են Հայաստանի փադելի ֆեդերացիան որպես մարզաձեւը ներկայացնող միակ ֆեդերացիա:
Փադելը դեռեւս օլիմպիական մարզաձեւ չի, բայց նախատեսված է 2032 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկել: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ցուցադրական կարգով մրցախաղեր կլինեն, իսկ արդեն հաջորդ Խաղերին հնարավոր է՝ ընդգրկվի ծրագրում:
2027թ. Համահայկական խաղերի ծրագրում նախատեսվում է ներառել նաեւ փադելը: Այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, որ հաջորդ տարի ամառային կամ ձմեռային Խաղերի ծրագրում լինի, քանի որ շատ մեծ տարածում ունի մարզաձեւը եւ դրսում փադելով զբաղվող շատ հայեր սիրով պատրաստ են գալ եւ մասնակցել Խաղերին: Հայերի մեծ ներգրավվածությունն է բերել նրան, որ առաջարկ ենք ստացել փադելը ներկայացնել Համահայկական խաղերում:
Վերջերս կնքվեց համագործակցության պայմանագիր Վրաստանի փադելի ֆեդերացիայի հետ: Կնքել ենք նաեւ հուշագիր ուսանողակսն միության նախագահ Հովհաննես Գաբրիելյանի հետ։ Փադելը ներառված է նաեւ Համաշխարհային և Եվրոպական ուսանողական խաղերի ծրագրում, քանի որ ուսանողների շրջանում եւս շատ տարածված է մարզաձեւը:
Ե՞րբ է նախատեսվում Հայաստանի առաջնությունը:
Ներքին առաջնությունը տեղի կունենա նոյեմբերին: Մինչեւ այդ կանցկացնենք մեկ մրցաշար: Ստեղծվել է փադելի լիգա՝ EVN Padel Tour. կկազմակերպի տղամարդկանց եւ կանանց մրցաշարեր տարբեր փադելի ակումբներում, որոնք համագործակցում են ֆեդերացիայի հետ: Մրցաշարի մասնակիցները կստանան ֆեդերացիայի վարկանիշային միավորներ: Հայաստանի առաջնությունով կամփոփենք տարվա արդյունքները:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:12 , 11 հոկտեմբերի
09:03 , 11 հոկտեմբերի
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի