20:43  ,  26 մարտի, 2014

Դերենիկ Ոսկանյան. Ես հավաքականի աղջիկներից ոչ մեկի հետ խնդիր չունեմ

Ռաֆայել Մեհրաբյանից ստացել եմ շատ լավ ժառանգություն: Նա փորձառու մարզիչ է եւ չէր կարող վատ հիմք դնել կանանց բռնցքամարտում: Հավաքականը ոչ ամբողջական կազմով է մարզվում այսօր, բայց դա չի նշանակում, որ Ռաֆայել Մեհրաբյանի մոտ են մարզվում: Նրանք մարզվում են իրենց անձնական մարզիչների հետ: Ես աղջիկներից ոչ մեկի հետ խնդիր չունեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, բռնքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարության որոշմամբ, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին փոխարինել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:

Պարոն Ոսկանյան, շնորհավորում եմ  նոր նշանակման կապակցությամբ: Դուք ցանկանո՞ւմ էիք գլխավորել կանանց հավաքականը: Տեսնո՞ւմ եք Ձեզ կանանց բռնցքամարտում տղաների երիտասարդական հավաքականից հետո:

Շնորհակալություն: Այո, ինձ տեսնում եմ աղջիկների բռնցքամարտում եւ համոզված եմ որ միասին կարող ենք հասնել հաջողությունների: Տղաներից հետո աղջիկների հետ ավելի թեթեւ է եւ դյուրին, քանի որ աղջիկների հետ աշխատելն ավելի հեշտ է: Մինչ այդ էլ հետեւում էի մեր աղջիկների ելույթներին, հաջողություններին եւ ուրախանում նրանց ամեն մի հաղթանակով: Այսօր արդեն այդ հաղթանակները ես պետք է նրանց օգնեմ ձեռք բերել: Դա նշանակում է, որ անելիքներ շատ ունեմ:

Արդեն սկսվել են մարզումները, մարտի 26-ից հավաք կանցկացնենք ֆուտբոլի ակադեմիայում երկու շաբաթ, որից անմիջապես հետո կմեկնենք Բուլղարիա, որտեղ կայանալու է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Իսկ այնտեղ ով մրցանակ ձեռք բերեց, կմասնակցի Չինաստանում կայանալիք պատանեկան եւ երիտասարդական Օլիմպիական խաղերին:

Արդեն հայտնի՞ են երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցները:

Այո, դեռեւս մեկն է` 52 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը: Մյուս քաշային կարգերում ներկայացուցիչներ չենք ունենա երեւի, քանի որ իրականում քիչ են բռնցքամարտով հիմնական զբաղվող աղջիկները եւ դեռեւս չկա այն ներուժը, որ դուրս գան միջազգային արենա, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ներկայացնեն Հայաստանը եւ մեդալներ ակնկալենք նրանցից: Բայց կա ամենակարեւորը՝ ցանկություն զբաղվելու եւ զարգացնելու կանանց բռնցքամարտը: Զբաղվողներ շատ կան, միայն նրանց պետք է ճիշտ ուղու վրա դնել եւ աճեցնել մինչեւ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, Օլիմպիական խաղերը:

Երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո մեծահասակների աշխարհի առաջնությունն է: Մեծահասակների հետ կապված ի՞նչ ծրագրեր կան, ովքե՞ր են այժմ պատրաստվում աշխարհի առաջնությանը:

Մեծահասակների աշխարհի առաջնությանը 4 քաշային կարգերում հանդես կգանք` 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ: Այժմ նրանք մարզվում են, եւ նրանց հետ կապված հույսերը մեծ են:

Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում կանանց բռնցքամարտի զարգացման մակարդակը:

Վատ չի: Իհարկե, դեռեւս աշխատանք տանելու շատ կա, բայց այն ինչ ունենք այսօր, ուրախացնող է: Օրինակ՝ անցյալ տարի պատանիների աշխարհի առաջնությունից մեր աղջիկները երկու մեդալ բերեցին` արծաթ եւ բրոնզ: Սա լավ արդյունք է եւ լավ հիմք զարգացնելու եւ բարձր մակարդակի հասցնելու կանանց բռնցքամարտը: Աստիճանաբար ամեն ինչ կհասնի իր զարգացման գագաթնակետին, կարեւորն այն է, որ կան զբաղվող մարզուհիներ, բացի այդ պետությունը, բռցնքամարտի ֆեդերացիան եւս մեծ աշխատանք է տանում կանանց բռնցքամարտը առաջ տանելու համար: Այս երկու ամիսների ընթացքում հաճելի զարմացա այն փաստի կապակցությամբ, որ փոքր տարիքից ծնողներն իրենց կամքով աղջիկներին բերում են մարզումների: Նախկինում կար կարծիք, որ բնռցքամարտը աղջկա մարզաձեւ չէ, բայց փաստն այն է, որ այսօր 11-12 տարեկան աղջիկներին ծնողները բերում են եւ ցանկություն հայտնում իրենց աղջիկներին տեսնել բռնցքամարտում: Իսկ սա նշանակում է, որ կամաց-կամաց մարզաձեւը կզարգանա: Մենք ունենք հանրահայտ Սյուզի Կենտիկյան, ով այսօր հանդիսանում է լավ օրինակ եկող սերդի համար: Նրան տեսնելով՝ շատերը ցանկություն են հայտնում գնալ նրա ճանապարհով եւ ունենալ այն ճանաչումն ու հաջողությունները, ինչ Սյուզին: Բացի նրանից, էլի կան հայտնի կին բռնցքամարտիկներ, ովքեր նպաստում են Հայաստանում կանանց բռնցքամարտի զարգացմանը: Կարծում եմ մի քանի տարի անց արդեն ակնհայտ կլինեն մեր արդյունքները:

Նշեցիք, որ արդեն սկսվել են աղջիկների մարզումները: Մինչ այդ էլ հետեւե՞լ եք նրանց հաջողություններին: Արդեն ծանոթացե՞լ եք նրանց ունակություններին: Ըստ ձեզ՝ ի՞նչ հնարավորություններ ունեն կին բնռցքամարտիկները:

Այո, արդեն հասցրել եմ ուսումնասիրել: Հետեւում եմ բոլորի մարզումներին, ծանոթացել եմ նրանցից յուրաքանչյուրի անձնական մարզիչների հետ եւ արդեն մանրամասն հետաքրքրվել եմ, թե ինչի են ընդունակ: Եկող տարի արդեն կանենք Հայաստանի առաջնություն, բոլոր քաշային կարգերից կկազմենք Հայաստանի հավաքական եւ արդեն կաշխատենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճելու ուղղությամբ:

Պարոն Ոսկանյան, ի՞նչ եք ժառանգել նախկին մարզիչից` Ռաֆայել Մեհրաբյանից: Նախկին գլխավոր մարզիչի ժառանգությունը լավ հիմք կլինի՞ հետագա զարգացման համար:

Այո, իսկապես ես ստացել եմ շատ լավ ժառանգություն Ռաֆայել Մեհրաբյանից: Նա ստեղծել է հավաքական, նա դրել է հրաշալի հիմք, ունեցել ենք արդյունքներ, եւ այդ ամենը նրա ջանքերով: Իմ խնդիրն է այժմ այդ ամենին նոր ուժ տալ եւ ավելի զարգացնել: Ռաֆայել Մեհրաբյանը փորձառու մարզիչ է, Խորհրդային Միության ժամանակ աշխատել է խորհրդային հավաքականների հետ, երկար տարիներ եղել է Հայաստանի գլխավոր մարզիչը, եւ նա չէր կարող վատ հիմք դնել կանանց բռնցքամարտում:

Ճի՞շտ է, որ հավաքականն առայժմ ոչ ամբողջական կազմով է մարզվում եւ որ մարզիկների մի մասը չի ցանկանում Ձեր գլխավորած հավաքականի հետ մարզվել՝ նախընտրելով նախկին մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին:

Այո, հավաքականը ոչ ամբողջական կազմով է մարզվում այսօր, բայց դա չի նշանակում, որ Ռաֆայել Մեհրաբյանի մոտ են մարզվում: Խնդիրն այն է, որ ոմանք ապրում են մարզերում եւ առայժմ մարզվում են իրենց անձնական մարզիչների հետ: Այստեղ լուծելու որեւէ խնդիր չկա, այդ մասին տեղյակ եմ ես, ֆեդերացիան, նրանք մեզ շուտով կմիանան: Ոչ ոք էլ Ռաֆայել Մեհրաբյանի մոտ չի մարզվում, իսկ ես աղջիկներից ոչ մեկի հետ խնդիր չունեմ:

Մոտ երկու ամիս անց լինելու է պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Կարո՞ղ են մեր երիտասարդ բռնցքամարտիկները օլիմպիական ուղեգիր նվաճել:

Չեմ կարող առայժմ որեւէ բան կանխատեսել: Մասնակցելու ենք թեթեւ քաշայիններով: Ունենք հրաշալի մի աղջիկ` 52 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը: Նա մեծ հնարավորություններ ունի, կարող է աշխարհի չեմպիոն էլ դառնալ, օլիմպիական ուղեգիր էլ նվաճել, օլիմպիական մեդալ էլ կարող է բերել, քանի որ շատ մեծ հնարավորություններ ունի:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով