20:16  ,  10 մարտի, 2014

Վազգեն Բադալյան. Բոլորից առանձնացող, փայլուն որակներով բռնցքամարտիկ երիտասարդների մեջ չկա

Լավ տղաներ կան իհարկե: Օրինակ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը, 56 կգ-ում  Հրայր Շահվերդյանը,49 կգ-ում Արսեն Պողոսյանը: Մենք հույսեր ունենք, որ այս տղաները՝ ապրիլի 10-25-ը կայանալիք  աշխարհի առաջնությունում լավ հանդես կգան, սակայն նրանք իրենց որակներով հեռու են միջազգայինից:

Այդ մասին, ամփոփելով բռնցքամարտի  երիտասարդների Հայաստանի առաջնությունը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

«Չնայած, որ մենամարտերն անցան շատ լարված, դիտարժան եւ մարզիկները հավասարազոր մրցակիցներ էին, բայց մեր այն բռնցքամարտիկները, ովքեր մնացածի համեմատ մի փոքր ավելի լավն են՝  իրենց որակով դեռ շատ ցածր են: Ցավոք սրտի՝ բոլորից առանձնացող փայլուն որակներով բռնցքամարտիկ երիտասարդների մեջ չկա:

Ինչ վերաբերում է սերնդափոխությանը՝  երիտասարդական հավաքականում տեսնում եմ արժանի տղաների, ովքեր լավ աշխատանքի արդյունքում, կարող են համալրել մեծահասակների հավաքականը:

Մոտ 10 օրից կսկսվի աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը:  Կլինեն քաշային կարգեր, որտեղ Հայաստանը մարզիկ չի ունենա: Պատճառը՝ ցածր որակներն են: Թե, որ քաշային կարգերի բռնցքամարտիկները կմեկնեն Սոֆիա՝ ցույց կտա հավաքը:

Սակայն նշեմ, որ, օրինակ, 69կգ քաշային կարգի բռնցքամարտիկներից եւ ոչ մեկը չի համալրի հավաքականը, նրանք շատ թույլ են եւ հավաքականի տղաներ չեն: Կմասնակցեն մի քանի միջազգային մրցումների՝ կբարձրացնեն որակները, փորձ ձեռք կբերեն»,- ասաց Վազգեն Բադալյանը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում