20:11  ,  2 մարտի, 2014

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները (ֆոտոշարք)

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: 49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Եվրոպայի երիտասարդների կրկնակի հաղթող Կորյուն Սողոմոնյանը, ով եզրափակիչում առանց մեծ դժվարության առավելության հասավ Շիրակի մարզը ներկայացնող Սուրեն Առաքելյանի նկատմամբ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Այս քաշային կարգում միակ բրոնզե մեդալին արժանացավ Դավիթ Ալավերդյանը:

52կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը եւ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նարեկ Աբգարյանը: Դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Աբգարյանը: 52կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գեւորգ Թովմասյանն ու Դավիթ Սարգսյանը:

Դիտարժան եւ միեւնույն ժամանակ վիճահարույց ստացվեց 56 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հենրիկ Մոքոյանի եւ Արթուր Մովսիսյանի մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին Մոքոյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին բարձրացան Վահան Սարգսյանն ու Էռնեստ Նազարյանը:

Պակաս դիտարժան չէր 60 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ մրցում էին Արթուր Վարդանյանն ու Հայրիկ Նազարյանը: Փորձի եւ գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակ տարավ «Դինամո» մարզական ակումբը ներկայացնող Արթուր Վարդանյանը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Անդրանիկ Հլոյանն ու Կարեն Տոնականյանը:

64-ում Հավասարը չուներ Հովհաննես Բաչկովը: 2-րդը Արա Պուլուզյանն էր, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գոռ Երիցյանն ու Մաքսիմ Ակոպովը:

69-ում ոսկե մեդալի համար պայքարեցին «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Լեո Պապյանը եւ դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը՝ դինամոյականների համար ապահովելով երրորդ չեմպիոնական տիտղոսը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացավ Ռաֆայել Բարսեղյանը:

75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արման Հովհիկյանը, ով եզրափակչում առավելության հասավ Արման Դարչինյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արտյոմ Գալստյանն ու Գոռ Ջեւելիկյանը: 81-ում հավասարը չուներ Նիկոլ Արությունովը: 2-րդը Ռուսլամ Իբրահիմյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Տիգրան Արմենակյանն ու Լեւոն Բաբայանը:

91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արամ Իքլիմյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաեւ Ռազմիկ Հարությունյանը եւ Կարեն Հակոբյանը:

Գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Լոռին ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը, ով եզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Աղասի Մեհրաբյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Հակոբ Մելքոնյանն ու Արկադի Հարությունյանը:

Մարտի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-ից 20-ը ասպարեզ դուրս կգան արդեն պատանի մարզիկները:

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում