15:26  ,  15 փետրվարի, 2014

Մելանյա Ստեփանյան. Ճապոնացի օլիմպիականները շատ գոհ են երեւանյան սառույցից

Ճապոնացիները շատ գոհ են թե՛ երեւանյան սառույցի որակից, թե՛ պայմաններից: Բոլոր հարմար պայմանները ստեղծված են: Իրենց իսկ ցանկությամբ ՝ մարզահամերգային համալիրում նույնիսկ կախված են Ճապոնիայի դրոշները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում կանանց մենասահքի ֆավորիտներ Մաո Ասադան եւ Ակիկո Սուզուկին փետրվարի 16-ին դուրս կգան օլիմպիական մեկնարկ։

«Անկեղծ ասած՝ անգամ չգիտեմ, նրանք ցանկություն ունեն, որ այդ մասին գրվի, թե ոչ: Առայժմ մարզվում են: Մարզումները փակ են բոլորի համար: Անվտանգության աշխատակիցները դռների մոտ կանգնած են եւ թույլ չեն տալիս ոչ ոքի ներս մտնել: Ես խնդրեցի նրանց, որ թույլ տան մարզվող երեխաներին ներկա լինել իրենց մարզմանը, սակայն նրանք ներողություն խնդրեցին եւ ասացին, որ դա հենց մարզուհիների ցանկությունն է: Անգամ նրանք միասին չեն մարզվում, այլ՝ առանձին-առանձին:

Նրանք շատ գոհ են թե՛ սառույցի որակից, թե՛ պայմաններից: Ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Բոլոր հարմար պայմանները ստեղծված են: Իրենց իսկ ցանկությամբ ՝ մարզահամերգային համալիրում անգամ կախված են Ճապոնիայի դրոշները:

Ինչ վերաբերում է նախնական պայմանավորվածությանը, ըստ որի Երեւանում պետք է մարզվեին նաեւ Ճապոնիայի հավաքականի տղամարդ գեղասահորդներ՝ պարզապես ժամանակի սղության պատճառով նրանք չհասցրեցին գալ այստեղ: Կանանց մենասահքի  մեկնարկի նախօրեին ճապոնուհիները կմեկնեն Սոչի»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Կանանց մենասահքի կարճ ծրագիրը փետրվարի 19-ին է, չեմպիոնը հայտնի կդառնա փետրվարի 20-ին: Գլխավոր ֆավորիտ, ռուսաստանցի Յուլիա Լիպնիցկայան եւս հրաժարվել էր նախապատրաստվել Սոչիում եւ մարզումներն անցկացնում է Մոսկվայում:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում