15 տարեկան 249 օրական ձմեռային Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոն հռչակված ռուսաստանցի Յուլիա Լիպնիցկայան ստիպված է եղել մրցումից հետո գիշերը երկու ժամ անցկացնել դոպինգ ստուգմանը: Նրան ստիպել են մի քանի լիտր ջուր խմել: Ռուսական կողմի բողոքներին մրցավարները չեն արձագանքել, հաղորդում է Sovsport-ը:
Լիպնիցկայան մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ մեկնել է Մոսկվա՝ մենասահքի օլիմպիական մրցաշարին պատրաստվելու: Կանանց մենասահքի մրցումները կմեկնարկեն փետրվարի 19-ին:
Նշենք, որ Լիպնիցկայան մոր հետ մի քանի տարի առաջ է Եկատերինբուրգից ժամանել Մոսկվա եւ ծանր սոցիալական պայմաններում կարողացել է ամենօրյա մարզումների արդյունքում հասնել համաշխարհային գեղասահքի գագաթին: Հունվարին Լիպնիցկայան Բուդապեշտում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ութ տարի Ռուսաստանը կանանց մենասահքում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ չէր ունեցել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում