15:26 15 փետրվարի, 2014Ճապոնացիները շատ գոհ են թե՛ երեւանյան սառույցի որակից, թե՛ պայմաններից: Բոլոր հարմար պայմանները ստեղծված են: Իրենց իսկ ցանկությամբ ՝ մարզահամերգային համալիրում նույնիսկ կախված են Ճապոնիայի դրոշները:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում կանանց մենասահքի ֆավորիտներ Մաո Ասադան եւ Ակիկո Սուզուկին փետրվարի 16-ին դուրս կգան օլիմպիական մեկնարկ։
«Անկեղծ ասած՝ անգամ չգիտեմ, նրանք ցանկություն ունեն, որ այդ մասին գրվի, թե ոչ: Առայժմ մարզվում են: Մարզումները փակ են բոլորի համար: Անվտանգության աշխատակիցները դռների մոտ կանգնած են եւ թույլ չեն տալիս ոչ ոքի ներս մտնել: Ես խնդրեցի նրանց, որ թույլ տան մարզվող երեխաներին ներկա լինել իրենց մարզմանը, սակայն նրանք ներողություն խնդրեցին եւ ասացին, որ դա հենց մարզուհիների ցանկությունն է: Անգամ նրանք միասին չեն մարզվում, այլ՝ առանձին-առանձին:
Նրանք շատ գոհ են թե՛ սառույցի որակից, թե՛ պայմաններից: Ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Բոլոր հարմար պայմանները ստեղծված են: Իրենց իսկ ցանկությամբ ՝ մարզահամերգային համալիրում անգամ կախված են Ճապոնիայի դրոշները:
Ինչ վերաբերում է նախնական պայմանավորվածությանը, ըստ որի Երեւանում պետք է մարզվեին նաեւ Ճապոնիայի հավաքականի տղամարդ գեղասահորդներ՝ պարզապես ժամանակի սղության պատճառով նրանք չհասցրեցին գալ այստեղ: Կանանց մենասահքի մեկնարկի նախօրեին ճապոնուհիները կմեկնեն Սոչի»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:
Կանանց մենասահքի կարճ ծրագիրը փետրվարի 19-ին է, չեմպիոնը հայտնի կդառնա փետրվարի 20-ին: Գլխավոր ֆավորիտ, ռուսաստանցի Յուլիա Լիպնիցկայան եւս հրաժարվել էր նախապատրաստվել Սոչիում եւ մարզումներն անցկացնում է Մոսկվայում:
Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.