19:22  ,  10 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Թե ինչ պայմաններում են ապրում հայ օլիմպիականները (ֆոտո)

Չնայած միջազգային լրատվամիջոցների քննադատությունների, 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը Սոչիում կազմակերպվածության առումով գրեթե ամենալավն են: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Հայաստանի պատվիրակության անդամները:

Հայաստանի պատվիրակությունն ապրում է օլիմպիական ավանում, որը գտնվում է լեռնային հատվածում: Հայերը բնակվում են Սլովակիայի, Սլովենիայի, Գերմանիայի հարեւանությամբ՝ մեկ առանձին տանը, ղեկավարությունից անջատ: Նույն տանը բնակվում են մարզիկներն ու մարզիչները: Մարզիկներին հատկացված բնակարանը բաղկացած է երեք սենյակից, որից մեկում տեղավորվել է Հայաստանի միակ կին օլիմպիական՝ դահուկորդ Կատյա Գալստյանը, մյուս երկու սենյակներում տեղավորվել են մարզիկներն ու մարզիչները:

Դահուկավազքի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն ասաց, որ բոլոր հարմարությունները մարզիկների համար ստեղծված են:

«Ամեն ինչ հրաշալի է, պայմանները ստեղծված են մարզիկներին լավ մարզավիճակում պահելու համար՝ մարզադահլիճ, լողավազան, հատուկ ճաշարան՝ հատուկ սննդակարգով, հարմարավետ ննջասենյակներ, հանգստի կետեր, զվարճանքի վայրեր, վարսավիրանոց: Ոչինչ չեն մոռացել կազմակերպիչները: Մեզ հետ միասին միայն չեն բնակվում Արման Սերեբրակյանն ու նրա մարզիչը: Նրանք առանձին այլ տանն են բնակություն հաստատել: Այստեղից շատ հեշտ է լեռներ բարձրանալը, տրանսպորտն էլ մեզ տրամադրել են»,- ասաց Սլավիկ Սարգսյանը:

Օլիմպիական ավանում ամենամեծը Ռուսաստանի պատվիրակության տունն է: Ավանի կենտրոնական հրապարակում գործում է նաեւ մեծ բացօթյա լողավազան տաք ջրով, որը մեր նկարահանման պահին փորձում էին շվեդ մարզիկները:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով