17:18  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սերգեյ Միքայելյան. Նպատակս լավագույն 30-յակում ընդգրկվելն էր

Օլիմպիական խաղերում 40-50-ի մեջ հայտնվելն այնքան էլ վատ չէ: Ճիշտ է, ես ունեի ավելի լավ հնարավորություններ եւ լավագույն 30-յակում ընդգրկելու նպատակ, բայց ուժերս բավականացրեցին միայն 46-րդ տեղի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի սկիատլոնի մրցաշարում (30 կմ) 46-րդ տեղը զբաղեցրած Սերգեյ Միքայելյանը: 21-ամյա մարզիկի հետ հաջողվեց զրուցել մրցման ավարտից անմիջապես հետո:

Սերգեյ, դու 46-րդն ես: Ինչպե՞ս կգնահատես այս արդյունքը:

Զգացողություններս դեռ անհասկանալի են, հենց նոր ավարտեցի մրցումը: Կարծում եմ՝ 46-րդը տեղը վատ արդյունք չէ: Իհարկե, ինքս ինձանից սպասելիքներ ունեի, որ ավելի լավ արդյունք կունենամ: Նպատակս էր մտել լավագույն 30-յակ, այդպես ավելի լավ կլիներ: Ինձ համար վատ արդյունք չէ, նորմալ է: 40-50-ի մեջ հայտնելը բավարար արդյունք է: Պարզապես ես ավելիին հասնելու հնարավորություններ ունեի: Բայց իրականում շատ բարդ էր: Վատ չէ: Վատ կլիներ, եթե 50-յակում էլ չընդգրկվեի:

Բա՞րդ պայքար էր:

Բավական, քանի որ սպասարկող անձնակազմը բացակայում էր: 30 կիլոմետրը շատ բարդ մրցատարածություն է, հարկավոր է սնվել այս տարածությունը հաղթահարելիս, հատուկ հեղուկներ ընդունել եւ դրա համար պետք են հատուկ մարդիկ՝ կանգնած հատուկ տեղերում: Ցավոք, այդ հարցում պակասություն կար: Բացի այդ, ես ունեի նաեւ դահուկների հետ կապված խնդիր: Նախքան մրցումը հարկավոր էր մեկ անգամ ստուգել դահուկները եւ ճիշտ քսուք օգտագործել մրցումներից առաջ: Դրա պատճառը կրկին սպասարկող անձնակազմի բացակայությունն էր:

Մրցուղիների մասին ի՞նչ կասես:

Իհարկե, սա Օլիմպիական խաղերն է եւ այստեղ ոչինչ հեշտ չէ: Ամենաբարդ մրցուղիներն Օիմպիական խաղերում են: Սա էլ ամենաբարդ մրցուղին էր:

Մեկնարկից առաջ հուզմունք կա՞ր:

Մեկնարկից առաջ կար, բայց մեկնարկից հետո ամբողջ հուզմունքն անցավ:

Այժմ ի՞նչ զգացողություններ ունես: Րոպեներ չեն անցել այդքան երկար սպասված Օլիմպիական խաղերում առաջին մրցելույթիցդ:

Այս պահին ոչինչ չեմ զգում, քանի որ անտանելի մրսում եմ, ամբողջովին քրտնած ու հոգնած եմ: Ցանկանում եմ գնալ համազգեստս փոխել, քնել եւ հանգստանալ: Հետո նոր կամփոփեմ այն, ինչ տեղի ունեցավ այսօր:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով