Մեզ իսկապես պատմական իրադարձություն է սպասվում, Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ռուսաստանցի հեռուստամեկնաբան եւ հաղորդավար Կիրիլ Նաբուտովը, որը ռուսական Առաջին ալիքի եթերում մեկնաբանել է 2010թ. Վանկուվերի ձմեռային եւ 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Նրան է վստահվել նաեւ Սոչիի Խաղերի բացման արարողությունը: Կիրիլ Նաբուտվոը եղել է ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը:
«Ես հետեւել եմ բացման արարողության փորձերին եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Լինելու է հեքիաթ, աննկարագրելի եւ ինչու չէ, անիրական մի շոու, ինչը նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ:
Իսկ թերությունները, բացթողումները, որոնց մասին այս օրերին մամուլում եւ համացանցում քննարկումներ են գնում, անհնար է չլինեն: Ամեն տեղ էլ, ամեն Օլիմպիական խաղերի ժամանակ էլ լինում են թերություններ, չավարտված կառույցներ: Դա նորմալ է:
Ես արդեն 13-րդ Օլիմպիական խաղերն եմ լուսաբանում, այսօր էլ ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում պետք է լուսաբանեմ բացման արարողությունը: Եվ որպես բազմաթիվ Օլիմպիական խաղերի ականատես, կարող եմ ասել, որ Սոչիի Օլիմպիական խաղերը ոչնչով չեն զիջում նախկինում անցկացված Խաղերին, եթե չասեմ՝ նույնիսկ առավել են»,- ասաց Կիրիլ Նաբուտովը:
Փետրվարի 7-ին կայանալիք 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի 20:14-ին եւ կտեւի մոտ երեք ժամ:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում