Մոսկվայի «Սպարտակի» բաժնետեր լինելը ո՛չ բիզնես է, ո՛չ էլ հրապուրանք: Դա սեր է կյանքի նկատմամբ, ֆուտբոլը կյանք է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Սպարտակի» բաժնետեր Ջեւան Չելոյանցը։ Նա Ռուսաստանի նավթային եւ գազային արդյունաբերության վաստակավոր գործիչ է, եղել է «Լուկօյլի» փոխնախագահ։
Պարոն Չելոյանց, Դուք գրեթե երբեք հարցազրույց չեք տալիս: Շնորհակալություն այս հանդիպման համար: Ձեր մասին շատ քիչ բան է հայտնի: Որտեղի՞ց է արմատներով Ձեր ընտանիքը: Որքանո՞վ են սերտ Ձեր կապերը Հայաստանի հետ:
Ես ծնվել եմ Գրոզնիում: Նախնիներս Արեւմտյան Հայաստանից են: Մենք խարբերդցի ենք: Պապս ու տատս 1915-ին Ցեղասպանության ժամանակ փախել են Ռուսաստան: Առաջին անգամ եկա Հայաստան, երբ 10-11 տարեկան էի:
Հետեւու՞մ եք Հայաստանի իրավիճակին:
Ինձ դժվար է կողքից կարծիք կազմել Հայաստանի իրավիճակի մասին:
Ճի՞շտ է, որ Թուրքիայում տեղի ունեցած շախմատի Համաշխարհային օլիմպիադայից հետո Դուք Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր մասնակիցներին դրամանական պարգեւ եք տվել:
Եթե ես ինչ-որ մեկին նվեր եմ տալիս, դա նրա համար չէ, որ այդ մասին խոսվի հարցազրույցում: Դրա համար եկեք այս հարցը բաց թողնենք:
Իսկ ճի՞շտ է, որ Դուք հովանավորում եք Ցեղասպանության թանգարանը:
Օգնում եմ:
Շատերը Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի տեղափոխությունը «Սպարտակ» Ձեզ հետ են կապում: Նրանց ազգությունը այդ տեղափոխության հարցում որեւէ դեր խաղացե՞լ է: Կային նաեւ այլ թեկնածուներ:
Ազգությունը ոչ մի դեր չի խաղացել: Յուրան եւ Արասը ֆուտբոլիստներ են, որոնց պրոֆեսիոնալ մակարդակը համապատասխանում է «Սպարտակին»: Հենց դա է դեր խաղացել:
Ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները:
Ըստ իս, Մովսիսյանն արդեն լիովին հարմարվել է թիմին ու հանդիսանում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Պատահական չէ, որ նա «Սպորտ Էքսպրեսի» վարկածով Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է: Արասը, իմ կարծիքով, դեռ լիովին չի հարմարվել, բայց Ռուսաստանում այդ դիրքում խաղացող ֆուտբոլիստների թվում լավագույններից մեկն է:
Հայաստանի հավաքականում կա՞ն այլ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել «Սպարտակի» կազմը:
Իհարկե, Մխիթարյանը:
Իսկ նրանի՞ց բացի։
Ես ինձ ֆուտբոլային առումով մեծ մասնագետ չեմ համարում: Ես մի ժամանակ զբաղվել եմ ֆուտբոլով, բայց դա վաղուց էր: Ակումբում մարդիկ կան, ովքեր զբաղվում են սելեկցիոն աշխատանքներով: Իմ գործը բաժնետիրությունն է, ոչ թե ֆուտբոլիստներին գնահատելը: Իմ գործը կազմակերպչական բնույթ ունի: Ես երբեք քիթս ուրիշի գործերի մեջ չեմ մտցնում: Ամեն ոք պետք է զբաղվի իր գործով:
Նախորդ ձմռանը խոսակցություններ կային, որ «Սպարտակը» մտադիր է ձեռք բերել նաեւ Մխիթարյանին: Նույնիսկ խոսում էին, որ նրան ակումբում ռեկորդային աշխատավարձ էին խոստացել:
Դա ճիշտ չէ: Մենք, ինչպես այլ ակումբներ, հետաքրքրվել ենք, բայց թվերի քննարկմանը գործը չի հասել: Մխիթարյանը շատ էր ցանկանում Եվրոպայում խաղալ: Մենք դա հասկանում էինք եւ մնում էր միայն հաջողություն մաղթել նրան:
Ո՞րն է Հայաստան այցելելու Ձեր նպատակը: Ակումբը Հայաստանում ձմեռային ուսումնամարզական հավաք անցկացնելու մտադրություն չունի՞:
Ես եկել եմ անձնական գործերով: Այլ հարցերը ինձ չեն վերաբերում: Գոյություն ունի թիմի մենեջմենթ, որն էլ որոշում է՝ որ երկրում անցկացնել հավաքները:
«Սպարտակի» բաժնետեր լինելը Ձեզ համար բիզնե՞ս է, թե՞ հրապուրանք:
Դա ո՛չ բիզնես է, ո՛չ էլ հրապուրանք: Դա սեր է կյանքի նկատմամբ: Ֆուտբոլը կյանք է:
Մի՞թե ռուսական ֆուտբոլում գումարներ ներդնելը եկամտաբեր չէ:
Նայած՝ ինչպես ենք մոտենում հարցին: Եթե սպասում ես նյութական փոխհատուցման, ապա՝ եկամտաբեր չի: Բայց կա նաեւ բարոյական բավարարվածության պահը:
Բազմաթիվ հայ ձեռներեցներ հայկական տարբեր ակումբներ են հովանավորում. օգնում են, որ Հայաստանի առաջնությունը գոյատեւի: Ձեզ մոտ երբեք ցանկություն չի առաջացե՞լ աշխատել հայկական ակումբներից որեւէ մեկի հետ:
Ես ամբողջ կյանքում միայն մեկ սեր ունեմ՝ «Սպարտակը»: Դա կախված է իմ հոր դաստիարակությունից: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, խաղացել է Գրոզնիի «Նեֆտյանիկում»: Հայրս է ինձ ներարկել այս խաղի ու «Սպարտակի» նկատմամբ սերը:
Ինչպե՞ս եք գնահատում «Սպարտակի» ելույթները Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում:
Դեռ վաղ է արդյունքներ ամփոփել: Հուսով եմ, որ այս մրցաշրջանը նախկինից ավելի լավը կլինի:
Բայց մրցաշրջանը այդքան էլ լավ չսկսվեց: Թիմը անսպասելիորեն դուրս մնաց Եվրոպայի լիգայից: Մի՞թե այդ մրցաշարից դուրս մնալը նպաստեց ներքին առաջնությունում գրանցած լավ մեկնարկին:
Դե, մենք մինչ շվեյցարացիներից կրած պարտությունը, լավ էինք մեկնարկել: Երեւի այդ պարտությունը նպաստեց, որպեսզի առաջնության հետագա խաղերին թիմն ավելի լավ նախապատրաստվի: Ցավալի պարտություն էր, բայց դե ֆուտբոլ է:
Բազմաթիվ թիմերի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք մեկ տարում ցանկանում են հաղթել բոլոր երեք տիտղոսները, ուժերը սխալ են հաշվարկում եւ ձեռնունայն են մնում: Ոչ բոլոր թիմերն այդպիսի ներուժ ունեն: Նույն «Բորուսիային» այս մրցաշրջանում դրանում մեղադրում են: «Սպարտակը» կարո՞ղ էր միաժամանակ հաղթել թե՛ առաջնությունում, թե՛ Եվրոպայի լիգայում, թե՛ գավաթի խաղարկությունում:
Ես չեմ լսել, որ «Բորուսիայի» պաշտոնատար անձինք հայտարարեն, որ դա իրենց թուլությունն է: Թիմի ուժը հենց այն է, որ նա կարող է տարբեր մրցաշարերի մասնակցել: Պրոֆեսիոնալները նախապես չեն կարող պլանավորել որեւէ մրցաշարից դուրս մնալը:
Շատերը դժգոհ են Ռուսաստանի ֆուտբոլային խաղադաշտերի որակից: «Սպարտակի» նոր մարզադաշտը կհամապատասխանի՞ եվրոպական մակարդակին ու կկարողանա՞ դիմանալ ռուսական ձմռանը:
«Սպարտակի» մարզադաշտը կհամապատասխանի ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին: Այդ մարզադաշտում կկայանան 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները:
«Սպարտակում» անփոփոխ ավանդույթներ կա՞ն:
Իհարկե, «Սպարտակի» «ծնողներ» Ստարոստին եղբայրները, մեր փառապանծ վետերաններ Նետտոն, Սիմոնյանը, Խուսաինովը, Չերենկովը, Դասաեւը եւ այլոք: Նաեւ մեր լավագույն, Ռուսաստանում ամենաշատ թվաքանակն ունեցող երկրպագուները: Վերջապես, սպարտակյան ոգին, հաղթողի ոգին:
Հայաստանի հավաքականն ինչպիսի՞ տպավորություն է թողնում:
Հավաքականը բավականին առաջադիմել է:
Հայաստանի հավաքականին ի՞նչը չի հերիքում:
Փորձը: Բայց դա ժամանակի ընթացքում գալիս է:
Բացի «Սպարտակից», ո՞ր թիմերի համար եք ցավում:
Չեմ ցավում, համակրում եմ: Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալ» - «Բորուսիա» խաղում ցավո՞ւմ էիք անգլիացիների համար:
Այո:
Իսկ հավաքականների՞ց:
Ռուսաստան, Հայաստան:
Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
Մարադոնան, Ղիփիանին:
Ո՞մ կտայիք «Ոսկե գնդակն» այս տարի:
Չեմ կարծում, որ այս տարի Մեսին կհաղթի: Վերջերս Ռոնալդուն իրեն ավելի լավ է դրսեւորել:
Ամենահետաքրքիր հանդիպումը, որը դիտել եք:
Ես մշտապես հետաքրքրվել եմ ֆուտբոլով: Կարող եմ ժամերով դիտել, հատկապես, երբ խաղում է «Սպարտակը»:
Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն մարզիչը:
Այժմ Ֆաբիո Կապելոն, իսկ ընդհանրապես, բրազիլացի Ֆեոլան:
Ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն գոլը:
1988թ. Եվրոպայի առաջնությունում հոլանդացի Վան Բաստենի գոլը՝ ԽՍՀՄ դարպասը:
Իսկ հայ ֆուտբոլիստներից ո՞վ է լավագույնը: Կարելի՞ է արդեն ասել, որ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Ոչ, կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Արկադի Անդրեասյանն է: Ամեն դեպքում, դեռ նա է: Իսկ Հենրիխի մոտ ամեն ինչ դեռ առջեւում է: Միգուցե մի քանի տարի անց ես նրան դասեմ Մարադոնայի ու Ղիփիանիի կողքին: Ամեն դեպքում, ես դա շատ եմ ցանկանում:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում