21:37  ,  13 դեկտեմբերի, 2013

Կարեն Աղամալյան. Ոչ ոք իրավունք չունի ասել, թե ես թերագնահատել եմ ուժեղներին

Ես այս 1.5 տարվա ընթացքում աշխատել եմ իմ խղճի հետ, իմ խղճի համար: Եղել են մեդալներ, որոնք մեր օրերում դժվար է ձեռք բերել: Սա նախագահի որոշումն է, բայց ինձ համար կան անհասկանալի բաներ:

Այսպես արձագանքեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից իր ազատվելու մասին հայտարարությանը դեկտեմբերի 13-ին կայացած ՀԲՖ խորհրդի նիստի ժամանակ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Ոչ ոքի մասին չեմ ուզում խոսել, իրավունք էլ չունեմ, նախագահը կայացրեց որոշում, ինձ համար անհասկանալի բաներ կան, բայց հարցը դա չէ: Ես ուզում եմ պարզ նայել բոլոր այն մարզիչներին, ովքեր աշխատել են ինձ հետ, տվել են կադրեր հավաքականին: Այսքան ժամանակ` 1.5 տարի աշխատանքի ընթացքում աշխատել եմ իմ խղճի հետ, իմ խղճի համար: Ոչ ոք իրավունք չունի ասել, թե ես թերագնահատել եմ ուժեղներին, թույլերը գնացել են ուժեղների տեղը մրցումներին, կամ որեւէ մի հարցով ես նեղել եմ իմ բռնցքամարտիկին: Հակառակը` որքան կարողացել եմ, օգնել եմ տղաներին: Աշխատել եմ բոլոր մարզիչների հետ արդար, կազմերի որոշումները կայացրել եմ ես: Եվրոպայից եւ Ունիվերսիադայից վերադարձել ենք 6 մեդալով, իսկ այսօրվա օրով նման արդյունք տալը շատ դժվար է: Ինչու եմ այս ամենը նշում, քանի որ իմ խիղճը այժմ հանգիստ է: Ես միշտ խոսել եմ պարզ, պատերի տակ չեմ խոսել: Այն մարդիկ, ովքեր չեն ցանկացել հավաքականի հաջողությունը, ես երբեք նրանց հետ ոչ խորհրդակցել եմ, ոչ բանակցել»,- ամբիոնից հայտարարեց Կարեն Աղամալյանը:

Նիստից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը խնդրեց Արթուր Գեւորգյանին մեկնաբանել Կարեն Աղամալյանի` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի իրավունքներից զրկելու մասին որոշումը:

«Եթե նա լավ աշխատեր, միանշանակ կշարունակեր գլխավորել հավաքական թիմը: Ես նրա աշխատանքը գնահատում եմ բավարար: Պարոն Աղամալյանը թիմում մարզիկների հետ աշխատելու շատ լավ փորձ ունի, եւ դա իր մոտ լավ է ստացվում: Պետք չէ այդ մարդուն սահմանափակել: Ամեն մարդ իր տեղում պետք է լինի: Իմ օրինակով ասեմ: Ժամանակին ես ունեի շատ լավ մարզիչ, որը մեր լավագույն մարզիչներից մեկն էր: Բայց գալիս է մի պահ, որ քո մարզիչը չի կարողանում քեզ ավելին տալ: Ու հասկանում ես, որ կան ավելի պրոֆեսիոնալ մարզիչներ: Իսկ նույն այդ պրոֆեսիոնալ մարզիչները չեն կարողանում մանկապատանեկան բռնցքամարտում իրենց դրսեւորել: Նրանք լավ են աշխատում վարպետների հետ: Եկեք տարանջատենք: Եկեք փոխենք մեր մտածելակերպը: Սա բարեկամություն, ընկերություն անելու, խորհուրդներ լսելու տեղ չի: Պատահական չեն ընտրված տարբեր խմբերի մարզիչները: Շատ կարեւորում եմ հենց երիտասարդների հետ աշխատող մարզչական խումբը: Հիմա ունենալու ենք մի նոր մոտեցում մանկապատանեկան բռնքամարտում` բացի այն, որ նրանք դառնալու են լավ մարզիկներ, մանկապատանեկան տարիքում հետեւելու ենք նաեւ նրանց կրթական մակարդակին, թե ինչպես են իրենք սովորում դպրոցներում: Ինձ անգրագետ, վատ խոսացող մարզիկներ պետք չեն: Այստեղ նստած ցանկանած մարզիչ շնչում է հաջորդի թիկունքին: Եվ եթե մեր նշանակած մարզիչները չարդարացնեն իրենց, իհարկե կգնանք փոփոխության: Ես սկզբունքային մարդ եմ եւ շարունակելու եմ նույն ոգով: Ժամանակը ցույց կտա, որ իմ մոտեցումները իրենց արդյունքը կտան: Այսօրվա նիստի ընթացքում կադրային ջարդ տեղի չունեցավ: Տեղի է ունեցել ռոտացիա, մի խումբ մարզիչներ զիջել են իրենց տեղը մեկ այլ խումբ մարզիչների: Ես ինքս համոզված եմ, որ շատ լավ ընտրություն ենք կատարել: Հավաքականի հետ աշխատելու է պրոֆեսիոնալ թիմ: Գյուղ չկա շուն չլինի: Այսօր էլ ունեցանք մի նախադեպ: Ֆեդերացիայի անդամը իրեն տեղից թույլ տվեց ավել պակաս շեշտադրումներ անել: Ես բավարարվեցի նրանով, որ այդ շեշտադրում անողը ոչ լավ բռնցքամարտիկ է եղել, ոչ լավ մասնագետ եւ առհասարակ կապ չունի այս ֆեդերացիայի հետ: Պատահական մարդիկ միշտ լինում են: Հաջորդ անգամ կլինենք ավելի ուշադիր, որպեսզի կոլեկտիվ կազմում էլ չլինեն նման մարդիկ: Վերջ տանք հավաքականում պտտվող ասեկոսեներին: Պարոն Թորոսյանը բավականին խիստ, անփոփոխ, անկաշառ եւ ճշմարիտ անձնավորություն է: Ես նրան վստահում եմ»,- ասաց Արթուր Գեւրոգյանը:

Հարցին, թե ինչ ավանդ է թողել ֆեդերացիայի նախկին նախագահ Արման Մուրադյանը, Արթուր Գեւորգյանը չցանկացավ պատասխանել. «Թույլ տվեք այդ մասին չխոսեմ: Ունենք այն, ինչ ունենք. լավ կռվող, տղամարդ տղաներ, որոնք երազում են դառնալ աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի չեմպիոններ: Ես այստեղ եմ, որ օգնեմ նրանց երազանքը իրականություն դառնա»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով