16:48  ,  10 դեկտեմբերի, 2013

Դերենիկ Գաբրիելյան. Բլեֆ է, սուտ, ինձ ոչ ոք չի հեռացրել ֆեդերացիայից

Այդ ամենը լրիվ բլեֆ է, սուտ: Նման բան չկա: Ինձ ոչ ոք չի հեռացրել ֆեդերացիայից: Ես մնում եմ ֆեդերացիայում, միայն թե փոխնախագահ այլեւս չեմ ուզում լինել: Սա այն պաշտոնը չի, որ հանեն կամ նշանակեն: Սա ընտրովի պաշտոն է: Ուղղակի համաձայն օրենքի եւ մեր կանոնադրության, պետք է բոլորս էլ հրաժարական տանք: Պարզ է, որ չուզող, չկամեցող մարդիկ կան, ովքեր էլ տարածել են այս լուրը: Ես ինքս չեմ ցանկանում այլեւս շարունակել լինել բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արդեն նախկին փոխնախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, հերքերլով այն լուրերը, թե նոր նախագահը` Արթուր Գեւորգյանը Դերենիկ Գաբրիելյանին հեռացրել է ֆեդերացիայից` զրկելով փոխնախագահի պաշտոնից:

«Նախագահության խորհրդի նիստի ժամանակ ես ինքս հայտարարություն եմ արել, որ ես մնում եմ բռնցքամարտում, քանի որ այն իմ ամեն ինչն է, 25 տարի եղել եմ ֆեդերացիայի նախագահի տեղակալ, իսկ հիմա եկել է ժամանակը` իմ տեղը զիջելու երիտասարդներին: Ես ուզում եմ, որ երիտասարդներն ավելի մեծ հնարավորություններ ունենան ինքնահաստատվելու եւ ինքնադրսեւորվելու:

Շուտով, ըստ կանոնակարգի, նոր նախագահի ընտրությունից հետո պետք է լինի նախագահության խորհրդի կազմի ընտրություններ: Ինչը ենթադրում է, որ հին կազմը պետք է հրաժարական տա, որպեսզի նորն ընտրվի: Ոմանք կվերընտրվեն, ոմանք նոր պաշտոններ կստանան: Եթե ես թեկնածությունս դնեմ, ես էլ կվերընտրվեմ, բայց բանն այն է, որ ես ինքս չեմ ցանկանում այլեւս շարունակել լինել բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ: Ես հրաժարական եմ տալիս: Այն, թե իբր ինձ նոր նահախագհն է հեռացրել ֆեդերացիայից, բլեֆ է, սուտ, նման բան չկա: Գործկոմի բոլոր անդամների ներկայությամբ ես հայտարարել եմ, որ հրաժարական եմ տալիս: Ինձ նոր նախագահը չի հեռացրել ֆեդերացիայից: Ես մնում եմ ֆեդերացիայում, բայց ոչ նախագահի տեղակալի պաշտոնում:

Բանն այն է, որ խորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ միայն ես կանգնեցի եւ ասացի, որ հրաժարական եմ տալիս: Իսկ ըստ օրենքի բոլորը պետք է այժմ հրաժարական տան: Ուղղակի քանի որ միայն ես կանգնեցի եւ ասացի, որ հրաժարական եմ տալիս, այդ պատճառով գուցե շատերի մոտ թյուր կարծիք ձեւավորվեց, թե նախագահն է ինձ հեռացրել: Այս ինֆորմացիան, թե որտեղից է տարածվել, չեմ հասկանում, գուցե մարդիկ կան, որոնց այդպես ձեռք էր տալիս, բայց ես պատոնապես հայտարարում եմ, որ ես ինքս իմ ցանկությամբ եմ հրաժարվում նախագահի տեղակալի պաշտոնից: Ոչ ոք իրավունք չունի ինձ հանի կամ նշանակի, դա այն պաշտոնը չի, որ հանեն կամ նշանակեն: Դա ընտրովի պաշտոն է:

Վերընտրվելու հնարավորություն ունեմ, ուղղակի ես չեմ ուզում: Ես կվերընտրվեմ խորհրդի կազմում, բայց առաջին տեղակալ չեմ ուզում այլեւս լինել: Եթե նույնիսկ ինձ նորից առաջարկեն իմ թեկնածությունը, ես կրկին կհրաժարվեմ: Ես միեւնույն ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալն եմ եւ ժամանակի խնդիր ունեմ արդեն»,- մեկնաբանեց Դերենիկ Գաբրիելյանը:

Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա ֆեդերացիայի խորհրդի կազմի ընտրությունները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով