17:56  ,  26 ապրիլի, 2012

Le Parisien. Բլանի աստղից խամրում է ֆեդերացիայի հեղինակությունը

«Le Parisien»-ն անդրադարձել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Լորան Բլանի մնալ-չմնալու թեմային, շեշտելով, որ այդ որոշումը կախված չի լինի  Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի արձանագրած արդյունքներից: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն նշել է Բլանի արած հայտարությունը, որտեղ նա ասել էր, թե հեշտությամբ կլքի Ֆրանսիայի հավաքականը եւ կմարզի ֆրանսիական ակումբերից մեկը: Ըստ Նոել Լե Գրեի՝ հիմարություն կլինի երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ, ով ոչ մի հաջողության չի հասել հավաքականի հետ:

Լե Գրեն ընդունում է, որ Բլանը լավ մարզիչ է, սակայն նաեւ չի հերքում, որ տարաձայնություններ կան իրենց միջեւ: Բլանն էլ իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ֆեդերացիան բավականաչափ գումար չի տրամադրում: Լե Գրեն ի պատասխան ասել է, որ նա բավականաչափ գումար է հատկացնում, ուղղակի ֆուտբոլիստները սովոր են հավաքների ընթացքում մնալ միայն լյուքս կարգի համարներում:
Լորան Բլանը նաեւ մեծ հեղինակություն է հավաքականի ֆուտբոլիստների համար, իսկ դա դուր չի գալիս ֆեդերացիային, քանի որ Բլանի աստղից խամրում է ֆեդերացիայի հեղինակությունը։

Մամուլում շատ է խոսվում Բլանի մասին, ինչը նույնպես դուր չի գալիս Լե Գրեին: Վերջինս նշել է, որ եթե հավաքականը հայտնվի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, ապա ֆեդերացիան կքննարկի Բլանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը:

«Լորան Բլանը երեխա չէ, նա հասուն մարդ է եւ շատ լավ գիտի, թե ինչ է ուզում: Նա գործազուրկ չէ, ով աշխատանք է փնտրում: Ես գիտեմ նրան 1994-ից: Նա խելացի մարդ է: Թող նա որոշի իր հետագա անելիքները»,- Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է ֆրանսիական պարբերականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով