«Արթուրն ունի հայկական արմատներ: Անգամ եթե նա փոխել է իր անունը, ինձ համար նա Ավետիք Աբրահամյանն է: Ես հետաքրքրվել եմ նրա պատմությամբ: Ունեմ ընկերներ Երեւանում: Ինքս Կրասնոդարի մարզից եմ, որտեղ շատ հայեր կան, եւ ես նրանց շատ լավ եմ վերաբերվում»:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը։
Ռոբերտ, երեկ Աբրահամը հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ պատրաստվում է Ձեզ հետ փետրվարի 1-ին կայանալիք ռեւանշ մենամարտին: Արթուրը վճռական է տրամադրված: Ինչպե՞ս են ընթանում գործերը Ձեր մոտ: Արդեն պատրաստվո՞ւմ եք:
Ես գիտեմ, որ պետք է մենամարտենք: Գտնվում եմ լավ մարզավիճակում: Տրամադրված եմ լավատեսորեն: Ես աշխարհի գործող չեմպիոնն եմ, իսկ Արթուրը հանդես է գալու չելենջերի դերում՝ նա հավակնելու է իմ գոտուն: Կսպասեմ մենամարտի հաջող արդյունքին: Մենամարտի օրը դեռ նշանակված չէ:
Աբրահամն այսօր ասաց, որ փետրվարի 1-ին եք մենամարտելու:
Ես հստակ ամսաթիվ չգիտեմ: Կարծում եմ՝ դա հնարավոր օրերից մեկն է: Այսօր հանդիպել էի մենեջերիս հետ, նա նույնպես ոչինչ չասաց: Երեքշաբթի օրը հեռուստաընկերության հետ հանդիպում ունենք, այդ ժամանակ երեւի ամեն ինչ պարզ կդառնա:
Դուք Աբրահամի հետ երկու մենամարտ եք անցկացրել: Մեկը իր քաղաքում՝ Բեռլինում, մյուսը Ձեզ մոտ՝ Մագդեբուրգում: Որտե՞ղ պետք է անցնի երրորդ մենամարտը:
Դա կախված է նրանից, թե ով կհաղթի հեռարձարկելու իրավունքը՝ իմ թե Արթուրի հեռուստաընկերությունը: Արթուրը կցանկանա, որ այն անցնի Բեռլինում, իսկ ես՝ Մագդեբուրգում: Տեսնենք՝ ինչպես կստացվի:
Հետեւե՞լ եք Արթուրի վերջին մենամարտին: Ինչպե՞ս կգնահատեք նրա մարզավիճակը:
Այո, հետեւել եմ։ Այդքան էլ դուրս չեկավ նրա պատրաստվածությունը, չնայած՝ նա հաղթեց: Կարծես թե անվստահ էր մենամարտում: Գուցե դա արվում էր, որպեսզի ինձ մոլորության մեջ գցի կապված իր մարզավիճակի հետ: Այս վերջին մենամարտում նա այն մարզավիճակում չէր, որում առաջ էր:
Արթուրն ասաց, որ եթե չհաղթի Ձեզ, գուցե թողնի մեծ սպորտը: Դուք ինչպե՞ս կվարվեիք նրա փոխարեն:
Յուրաքանչյուր մարզիկ ինքն է որոշում իր ապագան: Նա ունի իր պայմանագրերը իր մենեջերի հետ: Նա 33 տարեկան է: Դեռ կարող է մենամարտեր անցնկացնել: Գուցե նա այդպես է ցանկանում ինքն իրեն մոտիվացնել:
Ո՞րն է ըստ Ձեզ պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռանալու օպտիմալ տարիքը:
Դա անհատական է: Կան մարդիկ, ովքեր մինչեւ 40 տարեկան շարունակում են մենամարտել: Արթուրը 33 է, ես ՝ 32: Կարծում եմ, որ ինքս մի քանի տարուց կթողնեմ բռնցքամարտը: Մենք արդեն շատ ենք վնասվածքներ ստանում, ոսկորները նախկինի նման չեն դիմանում, ուսերը ցավում են: Գուցե Արթուրը ինչ-որ վնասվածք ունի, որը զգացնել է տալիս եւ այժմ նրան ավելի դժվար է, քան առաջ:
Երեւի թե վերդիտել եք Աբրահամի հետ ձեր վերջին մենամարտը: Հետաքրքրությունը դեպի այդ մենամարտը մեծ էր, սակայն այն դիտարժան չստացվեց: Արդեն երկար ժամանակ է անցել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը չստացվեց Աբրահամի մոտ:
Գուցե նրա թիմը նրան այդքան էլ լավ չէր պատրաստել, կամ նա կարծում էր, որ մեկ անգամ ինձ հաղթեց, հաջորդ անգամ էլ հեշտությամբ կհաղթի: Հնարավոր է, որ Արթուրը ճիշտ տրամադրված չէր: Իսկ ես տանն էի մենամարտում: Պետք է լավ դրսեւորեի ինձ: Ես նույնպես անձնական խնդիրներ ունեի: Սակայն այդ ժամանակ արդեն ամուսնալուծվել էի եւ ամբողջովին կենտրոնացել մենամարտի վրա, իսկ Արթուրը երեւի թերագնահատեց այն:
Ռոբերտ, Ձեզ բոլորը ճանաչում են որպես գերմանացի բռցքամարտիկ, սակայն Դուք կիսով չափ ռուս եք: Մեծացել եք Ռուսաստանում: Երբ Արթուրի հետ մենամարտում եք, ով է Ձեր առջեւ՝ գերմանացի բռցքամարտիկ՝ գերմանական ճշգրտությամբ հզոր մեքենա, թե՞ նա մարզիկ է հայկական մենթալիտետով եւ ամբիցիաներով:
Այո, ես մեծացել եմ Ռուսաստանում ՝ Կրասնոդար մարզի Եյսկ քաղաքում: Աբրահամի հետ մենամարտից հետո ցանկանում եմ մեկնել Սոչի՝ հետեւելու Օլիմպիադային: Ինչ վերաբերում է Արթուրին, ես չգիտեմ ՝ որ տարիքում է նա տեղափոխցել Գերմանիա, սակայն նա մեծացել է Հայաստանում: Նա ունի հայկական արմատներ: Անգամ եթե նա փոխել է իր անունը, ինձ համար նա Ավետիք Աբրահամյանն է: Ես հետաքրքրվել եմ նրա պատմությամբ: Ունեմ ընկերներ Երեւանում: Ինքս Կրասնոդարի մարզից եմ, որտեղ շատ հայեր կան եւ ես նրանց շատ լավ եմ վերաբերվում:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում