Ռոբերտ Շտիգլից. Արթուր Աբրահամն ինձ համար մնում է Ավետիք Աբրահամյան

10:35   21 նոյեմբերի, 2013

«Արթուրն ունի հայկական արմատներ: Անգամ եթե նա փոխել է իր անունը, ինձ համար նա Ավետիք Աբրահամյանն է: Ես հետաքրքրվել եմ նրա պատմությամբ: Ունեմ ընկերներ Երեւանում: Ինքս Կրասնոդարի մարզից եմ, որտեղ շատ հայեր կան, եւ ես նրանց շատ լավ եմ վերաբերվում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը։

Ռոբերտ, երեկ Աբրահամը հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ պատրաստվում է Ձեզ հետ փետրվարի 1-ին կայանալիք ռեւանշ մենամարտին: Արթուրը վճռական է տրամադրված: Ինչպե՞ս են ընթանում գործերը Ձեր մոտ: Արդեն պատրաստվո՞ւմ եք:

Ես գիտեմ, որ պետք է մենամարտենք: Գտնվում եմ լավ մարզավիճակում: Տրամադրված եմ լավատեսորեն: Ես աշխարհի գործող չեմպիոնն եմ, իսկ Արթուրը հանդես է գալու չելենջերի դերում՝ նա հավակնելու է իմ գոտուն: Կսպասեմ մենամարտի հաջող արդյունքին: Մենամարտի օրը դեռ նշանակված չէ:

Աբրահամն այսօր ասաց, որ փետրվարի 1-ին եք մենամարտելու:

Ես հստակ ամսաթիվ չգիտեմ: Կարծում եմ՝ դա հնարավոր օրերից մեկն է: Այսօր հանդիպել էի մենեջերիս հետ, նա նույնպես ոչինչ չասաց: Երեքշաբթի օրը հեռուստաընկերության հետ հանդիպում ունենք, այդ ժամանակ երեւի ամեն ինչ պարզ կդառնա:

Դուք Աբրահամի հետ երկու մենամարտ եք անցկացրել: Մեկը իր քաղաքում՝ Բեռլինում, մյուսը Ձեզ մոտ՝ Մագդեբուրգում: Որտե՞ղ պետք է անցնի երրորդ մենամարտը:

Դա կախված է նրանից, թե ով կհաղթի հեռարձարկելու իրավունքը՝ իմ թե Արթուրի հեռուստաընկերությունը: Արթուրը կցանկանա, որ այն անցնի Բեռլինում, իսկ ես՝ Մագդեբուրգում: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Հետեւե՞լ եք Արթուրի վերջին մենամարտին: Ինչպե՞ս կգնահատեք նրա մարզավիճակը:

Այո, հետեւել եմ։ Այդքան էլ դուրս չեկավ նրա պատրաստվածությունը, չնայած՝ նա հաղթեց: Կարծես թե անվստահ էր մենամարտում: Գուցե դա արվում էր, որպեսզի ինձ մոլորության մեջ գցի կապված իր մարզավիճակի հետ: Այս վերջին մենամարտում նա այն մարզավիճակում չէր, որում առաջ էր:

Արթուրն ասաց, որ եթե չհաղթի Ձեզ, գուցե թողնի մեծ սպորտը: Դուք ինչպե՞ս կվարվեիք նրա փոխարեն:

Յուրաքանչյուր մարզիկ ինքն է որոշում իր ապագան: Նա ունի իր պայմանագրերը իր մենեջերի հետ: Նա 33 տարեկան է: Դեռ կարող է մենամարտեր անցնկացնել: Գուցե նա այդպես է ցանկանում ինքն իրեն մոտիվացնել:

Ո՞րն է ըստ Ձեզ պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռանալու օպտիմալ տարիքը:

Դա անհատական է: Կան մարդիկ, ովքեր մինչեւ 40 տարեկան շարունակում են մենամարտել: Արթուրը 33  է, ես ՝ 32: Կարծում եմ, որ ինքս մի քանի տարուց կթողնեմ բռնցքամարտը: Մենք արդեն շատ ենք վնասվածքներ ստանում, ոսկորները նախկինի նման չեն դիմանում, ուսերը ցավում են: Գուցե Արթուրը ինչ-որ վնասվածք ունի, որը զգացնել է տալիս եւ այժմ նրան ավելի դժվար է, քան առաջ:

Երեւի թե վերդիտել եք Աբրահամի հետ ձեր վերջին մենամարտը: Հետաքրքրությունը դեպի այդ մենամարտը մեծ էր, սակայն այն դիտարժան չստացվեց: Արդեն երկար ժամանակ  է անցել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը չստացվեց Աբրահամի մոտ:

Գուցե նրա թիմը նրան այդքան էլ լավ չէր պատրաստել, կամ նա կարծում էր, որ մեկ անգամ ինձ հաղթեց, հաջորդ անգամ էլ հեշտությամբ կհաղթի: Հնարավոր է, որ Արթուրը ճիշտ տրամադրված չէր: Իսկ ես տանն էի մենամարտում: Պետք է լավ դրսեւորեի ինձ: Ես նույնպես անձնական խնդիրներ ունեի: Սակայն այդ ժամանակ արդեն ամուսնալուծվել էի եւ ամբողջովին կենտրոնացել մենամարտի վրա, իսկ Արթուրը երեւի թերագնահատեց այն:

Ռոբերտ, Ձեզ բոլորը ճանաչում են որպես գերմանացի բռցքամարտիկ, սակայն Դուք կիսով չափ ռուս եք: Մեծացել եք Ռուսաստանում: Երբ Արթուրի հետ մենամարտում եք, ով է Ձեր առջեւ՝ գերմանացի բռցքամարտիկ՝ գերմանական ճշգրտությամբ հզոր մեքենա, թե՞ նա մարզիկ է հայկական մենթալիտետով եւ ամբիցիաներով:

Այո, ես մեծացել եմ Ռուսաստանում ՝ Կրասնոդար մարզի Եյսկ քաղաքում: Աբրահամի հետ մենամարտից հետո ցանկանում եմ մեկնել Սոչի՝ հետեւելու Օլիմպիադային: Ինչ վերաբերում է Արթուրին, ես չգիտեմ ՝ որ տարիքում է նա տեղափոխցել Գերմանիա, սակայն նա մեծացել է Հայաստանում: Նա ունի հայկական արմատներ: Անգամ եթե նա փոխել է իր անունը, ինձ համար նա Ավետիք Աբրահամյանն է: Ես հետաքրքրվել եմ նրա պատմությամբ: Ունեմ ընկերներ Երեւանում: Ինքս Կրասնոդարի մարզից եմ, որտեղ շատ հայեր կան եւ ես նրանց շատ լավ եմ վերաբերվում:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.