21:16  ,  21 ապրիլի, 2012

«Կուբանը» չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 40-րդ տուրում Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվել էր Կրասնոդարի «Կուբանին»:

Մինչեւ հանդիպման 78-րդ րոպեն «Կուբանը» կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեի դուբլի շնորհիվ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն պետերբուրգցիները երկու րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին՝ փրկելով հանդիպումը: «Զենիթի» կազմում աչքի ընկան Ռուսաստանի հավաքականի խաղացողներ Անդրեյ Արշավինն ու Ռոման Շիրոկովը:

Հայաստանի ազգային հավաքականի ենթահարձակվող Մարկոս Պիզելին «Կուբանի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 73-րդ րոպեին Մարկոսի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Տրաորեն կրկնապատկեց կրասնոդարցիների առավելությունը:

Մոսկվայի «Դինամոն» Զվեզդան Միսիմովիչի խփած գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» պահեստայինների թվում էր: 37-ամյա դարպասապահը չմասնակցեց հանդիպմանը:

Բ խմբում ընդգրկված Նալչիկի «Սպարտակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Պերմի «Ամկարին»:

Հաղթական գնդակն իր անվան դիմաց գրանցեց ռուսաստանցի կիսապաշտպան Վիտալի Գրիշինը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը «Սպարտակի» պահեստայինների կազմում էր, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում:

Ռուսաստանի առաջնություն. 40-րդ տուր

Ա խումբ

«Կուբան» - «Զենիթ»՝ 2:2

Տրաորե, 60, 73 – Արշավին, 78, Շիրոկով, 80

«Դինամո» - ԲԿՄԱ՝ 1:0

Միսիմովիչ, 17

Բ խումբ

«Ամկար» - «Սպարտակ Նալչիկ»՝ 1:0

Գրիշին, 35

«Վոլգա» - «Տոմ»՝ 2:0

Կարյակա, 21 (11մ.), Բիբիլով, 90 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում