21:12  ,  14 հոկտեմբերի, 2013

Արթուր Աբրահամը սպարինգ-մենամարտեր է անցկացնում ռուսաստանցի եւ ամերիկացի մրցակիցների հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28) պատրաստվում է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին։

«Դե Կարոլիսի ոճին համապատասխան բռնցքամարտիկների հետ սպարինգ-մենամարտեր եմ անցկացնում: Նրանք Գերմանիա են ժամանել Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Ուլի Վեգների հետ դիտում ենք Դե Կարոլիսի մենամարտերի տեսագրությունները եւ մարտավարություն մշակում»,- ասել է Արթուր Աբրահամը: 

Մենամարտը կհեռարձակվի գերմանական ARD եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։  IBF վարկածով չեմպիոն Բերնարդ Հոփկինսի եւ հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադի մենամարտը եւս կկայանա հոկտեմբերի 26-ին (լուսանկարում` Արթուր Աբրահամ, Կարո Մուրադ), հաղորդում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում