11:27  ,  20 փետրվարի, 2012

Sky Sports. Չիսորան ու Հեյը Բրիտանիայի խայտառակությունն են

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկներ Դերեկ Չիսորան ու Դեւիդ Հեյը Բրիտանիայի խայտառակությունն են, գրում է Sky Sports-ի փորձագետ Գլեն Մակրոյը։

Չիսորան ու Հեյը նման գնահատականի են արժանացել Վիտալի Կլիչկո - Դերեկ Չիսորա մենամարտից հետո մեծ սկանդալ սարքելու արդյունքում։

Հիշեցնենք, որ այդ մենամարտից առաջ Չիսորան ապտակել էր Վիտալի Կլիչկոյին, բերանի ջուրը թքել էր Վիտալիի եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մրցամարտի վերջում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք էր սարքել Դեւիդ Հեյի հետ։

«Ես հիասթափված եմ։ Այս ամենը նվաստացուցիչ էր բրիտանական բռնցքամարտի ու ամբողջ սպորտի համար։ Իմ կարծիքով Չիսորան պետք է զրկվի բռնցքամարտիկի արտոնագրից։ Նա իրեն փողոցային ավազակի պես պահեց։ Չիսորան այն ամենի մարմնավորում է, ինչը չպետք է չլինի սպորտում»,- Չիսորային քննադատում է Մակրոյը։

Քննադատական խոսքերի է արժանացել նաեւ գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյը։ «Ընդհանրապես ինչ գործ ուներ այնտեղ Հեյը։ Ես կարծում էի, որ նա ավարտել է կարիերան ու մեկնել Հոլիվուդ։ Շատ կցանկանայի, որ հենց այդպես լիներ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Նրանք սարսափելի օրինակ ծառայեցին դեռահասների համար։ Բրիտանացի գերծանրքաշայինների նման պահվածն ուղղակի ահավոր էր»,- գրում է Մակրոյը։

«Դա ուղղակի սեւ օր էր բրիտանական բռնցքամարտի համար»,- ավարտում է հեղինակը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով