22:13  ,  16 ապրիլի, 2012

Նշանակություն չունի` կին է ռինգում, թե տղամարդ. Արմինե Սինաբյան

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկված է լինելու բռնցքամարտի կանանց մրցաշարը: Օլիմպիական մեդալներ կվիճարկվեն երեք քաշային կարգերում` 51 կգ, 60կգ եւ 75կգ: Հայաստանը այս մրցաշարում կարող է ներկայացված լինել  60կգ եւ 75կգ քաշային կարգերում: Համենայնդպես, հիմա մեր հավաքականի կազմում երկու մարզուհիներ  պատրաստվում են վարկանիշային վերջին մրցաշարին, որը անցկացվելու է Չինաստանում: Մեր թիմի կազմում ամենափորձառուն 60կգ քաշային Արմինե Սինաբյանն է, ով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արմինե Սինաբյանի հետ:

Արմինե, հետաքրքիր է, թե ինչո՞ւ ընտրեցիր բռնցքամարտը:

Փոքր տարիքում ես նախընտրում է զբաղվել դահուկային սպորտով: Շվեդիայում դահուկային սպորտը շատ տարածված է: Բայց երբ գալիս էր ամառը, արդեն դահուկներով զբաղվելու հնարավորություն չկար:  Նման պայմաններում վճռական դեր խաղաց այն հանգամանքը, որ հայրս բռնցքամարտիկ է եղել, ու ես սկսեցի նրա գլխավորությամբ մարզվել:

Արդեն քանի՞ տարի է, որ մարզվում ես բռնցքամարտով:

Տասը տարեկանից սկսեցի մարզվել, բայց այդ մարզումները լրջություն ստացան, երբ ես արդեն 16 տարեկան էի: Ու ընդգրկվելով Շվեդիայի հավաքականի կազմում` բնականաբար մարզումները արդեն պրոֆեսիոնալ բնույթ ստացան:

Հիմա դու մարզվում ես փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ: Առաջընթաց զգո՞ւմ ես քո վարպետության մեջ:

Այո, իհարկե, առաջընթացը ես զգում եմ: Շատ գործոններ կան, որոնք Ռաֆայել Մեհրաբյանի հետ մարզվելով` հղկվում են: Նախ տեխնիկական պատրաստականության մեջ ես զգում եմ բավականին առաջ եմ գնացել, բայց դեռ աշխատել պետք է: Ինքնավստայություն եմ զգում ռինգում, հարվածների տեխնիկայի վրա ենք աշխատում, մի խոսքով` շատ լավ եմ զգում մարզումների ժամանակ ու զգում եմ, որ նոր որակներ եմ ձեռք բերում:

Դու եղել ես Շվեդիայի հավաքականում, հետո որոշեցիր հանդես գալ արդեն Հայաստանի հավաքականի կազմում:

Ես միշտ երազանք են ունեցել` հաղթել ու բարձրացնել Հայաստանի դրոշը: Շվեդիայում մարզվելու ժամանակ էլ մտածում էի Հայաստանի դրոշի տակ հանդես գալու մասին: Իհարկե, հայ լինելն է ինձ «օգնել» այդպես մտածել, ու ես հիմա ուրախ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը:

Արմինե, բռնցքամարտում կա՞ մի մարզիկ, ով քո կուռքն է հանդիսանում:

Ճիշտն ասած, ես միշտ ձգտել եմ ունենալ իմ ոճը: Այնքան էլ շատ չեմ հետեւել բռնցքամարտի տղամարդկանց ելույթներին: Իսկ կանանցից Սյուզի Կենտիկյանին կնշեմ, ով շատ լավ մարտավոճ ունի, եւ նրա ոճը ինձ շատ դուր է գալիս:

Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար ի՞նչ որակներ են քեզանից պահանջվելու:

Դե հիմա մարզումներով մենք ձգտում ենք ամեն ինչ բարելավել: Ես իմ քաշային կարգում բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ, շարունակում են նրանց մենամարտերը ուսումնասիրել: Կարող եմ ասել, որ ի տարբերություն Եվրոպայի առաջնության, որտեղ ես եկրորդ տեղ զբաղեցրի, հիմա իմ մենամարտելու ոճը անկասկած փոխվելու է: Ես Չինաստան գնալու եմ մեդալ վաստակելու համար եւ Օլիմպիական խաղերում հանդես գալու ու հաջողության հասնելու համար: Նշանակություն չունի, որ առաջին անգամ է անցկացվում օլիմպիական մրցաշարը:

Արմինե, շատերը նշում են, որ բռնցքամարտը կանանց մարզաձեւ չէ:

Չեմ կարծում, որ այդպես է (ծիծաղում է): Ռինգում եթե գործես խելքով, մտքի արագությամբ ու տեխնիկապես լավ հղկված գործողություններով, նշանակություն չունի` կին է ռինգում, թե տղամարդ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս