13:04  ,  8 օգոստոսի, 2013

Կարեւոր չէ՝ որտեղ է կազմավորվել հավաքականը, կարեւորն այն է, որ թիմի բոլոր անդամները հայ են. Կարլ Բարդակյան

«Կարեւոր չէ, թե որտեղ է կազմավորվել հավաքականը, կարեւորն այն  է, որ թիմի բոլոր անդամները հայ են եւ միասին լավ են զգում: Եկել ենք Հայաստան՝ համախմբվելու հայաստանցի խաղացողների հետ եւ պատրաստվելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոս Անջելեսում կազմավորված բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանը: Լոս Անջելեսում ձեւավորված բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի տասը խաղացողներ այս օրերին գլխավոր մարզիչի եւ երկորդ մարզիչի հետ ժամանել են Հայաստան:

Հայաստանում նրանք ծանոթացել են բասկետբոլով զբաղվող երիտասարդների հետ, Հայաստանում բասկետբոլի զարգացման պայմաններին:

«Եկել ենք Հայաստան այստեղի խաղացողների հետ հանդիպելու եւ միասին մարզվելու համար: Արդեն սկսել ենք մարզումները: Ամեն օր մարզվում ենք: Մեկնելու ենք Արցախ: Արցախից էլ հավաքականի թեկնածու կա: Հույս ունենք Ղարաբաղի նախագահը կաջակցի եւ կընդունի մեզ, մեր խաղացողին էլ կկարողանանք մեզ հետ տանել Լոս Անջելես: Հավաքականն արդեն ձեւավորված է: Դեռեւս պաշտոնական մրցաշարերի չենք մասնակցի, միայն կմարզվենք: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի եւ սպորտի ղեկավարության ծրագրերով նպատակ կա հաջորդ տարի Երեւանում անցկացնել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը: Եթե այդպես լինի, մեր առաջին պաշտոնական մեկնարկը կլինի Եվրոպայի առաջնությունը: Իսկ մինչ այդ կսահմանափակվենք միայն ընկերական հանդիպումներով»,- ասաց Կարլ Բարդակյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս