22:57  ,  15 հուլիսի, 2013

Kicker. Կլոպը հիացած է եղել Մխիթարյանի գործողություններով Հայաստան - Իտալիա խաղում

«Բորուսիայի» առաջին երկու ստուգողական հանդիպումները ցույց տվեցին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Գերմանիայի հերթական առաջնության իսկական հայտնությունը, գրում է գերմանական Kicker-ը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին նվիրված հոդվածում:

«Ընդամենը մեկ շաբաթ է Հենրիխ Մխիթարյանը մարզվում եւ խաղում «Բորուսիայի» հետ, սակայն արդեն հիմա հայ ֆուտբոլիստը հրաշալի ներդաշնակություն է գտել խաղընկերների հետ: Առաջին երկու ստուգողական հանդիպումները ցույց տվեցին, որ նա կարող է Գերմանիայի հերթական առաջնությունում դառնալ իսկական հայտնություն: Ավելի քան 15 տարի «Բորուսիայի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնող եւ բազմաթիվ ֆուտբոլիստների թիմ բերած Միխայել Ցորկը պարզապես զարմացած է այն տեմպից, որով Մխիթարյանը ձուլվում է կոլեկտիվին եւ դորտմունդյան թիմի խաղային սխեմային:

«Բուրսասպորի» դեմ հանդիպումը ցույց տվեց, որ Հենրիխն ավելի է արագացրել «Բորուսիայի» առանց այդ էլ արագ խաղը՝ աչքի ընկնելով դիպուկ եւ սուր փոխանցումներով, մշտապես սրելով խաղը: Մխիթարյանն այն աստիճան լավ էր համագործակցում Օբամեյանգի եւ Լեւանդովսկու հետ, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա ամբողջ կյանքը խաղացել է այս ֆուտբոլիստների հետ:

Մխիթարյանը հետաքրքրասեր է, միշտ լրացուցիչ հարցեր է տալիս, ուշադիր լսում է, սպունգի նման վերցնում է նոր բառերն ու արտահայտությունները: Հենրիխը մայրենիից բացի, գիտի նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ պորտուգալերեն:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացած է եղել Մխիթարյանի գործողություններով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իտալիա (1:3) խաղում: Գերմանական ակումբի ներկայացուցիչները ուշադիր հետեւել են Մխիթարյանի խաղը Հայաստանի հավաքականում, իսկ Դանիայի դարպասն ուղարկած հրաշալի գնդակը դորտմունդցիների մարզչական շտաբին ստիպեցին ընդունել վերջնական որոշում:

Յուրգեն Կլոպը մտադիր է Մխիթարյանին օգտագործել հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ նրանից ակնկալելով գրոհի կայծակնային զարգացում, թեեւ «Շախտյորում» Հենրիխը հաճախ էր խաղում գրոհն ավարտողի դերում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով