11:45  ,  28 հուլիսի, 2014

ESPN FC. Վերջին խաղերը վկայում են, որ սա լինելու է Հենրիխ Մխիթարյանի տարին

Ինչ էլ պատահի այս մրցաշրջանում, Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ցուցադրել իր մեծությունը։ Կան բազմաթիվ պատճառներ, որ հայ ֆուտբոլիստը հաջողության կհասնի, գրում է ESPN FC-ը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։ 

«Մեկ տարի առաջ նա վնասվածք ստացավ ընկերական խաղում։ Այդ պահը վճռորոշ դեր խաղաց Մխիթարյանի՝ «Բորուսիայում» անցկացրած առաջին մրցաշրջանի վրա։ Նրա համար դորտմունդցիները վճարեցին ռեկորդային գումար։

Այն պահից, երբ նա վերադարձավ խաղադաշտ, բոլորը սպասում էին կտրուկ աճի, որն այդպես էլ չգրանցվեց։ Որոշ հանդիպումներում Հենրիխը ցուցադրում էր իր հանճարեղությունը, սակայն դա բավարար չէր տրանսֆերային արժեքի բեռից ազատվելու համար։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր լավագույն թշնամին էր։ Ինքնաքննադատ կիսապաշտպանը կորցրեց իր թեթեւությունը խաղադաշտում։ «Բորուսիայի» երկրպագուները կարող էին նկատել, թե ինչպես է Մխիթարյանը որոշ դրվագներում խաղը չափից շատ վերցնում իր վրա։

Առաջին մրցաշրջանում չափից շատ էին պահանջում նրանից։ Հենրիխին խանգարեցին նաեւ թիմակիցների բազմաթիվ վնասվածքները։ Շատ հաճախ նա ստիպված էր կատարել նաեւ պաշտպանի պարտականություններ։ Ավարտված մրցաշրջանի վերջնամասը ճիշտ քայլ էր Մխիթարյանի համար. Յուրգեն Կլոպը նրան տեղափոխեց եզր, իսկ կենտրոնում տեղ զբաղեցրեց Մարկո Ռոյսը։ Դա հիանալի արդյունք տվեց։  

Վստահ ենք՝ այս տարին լինելու է Մխիթարյանինը։ Ռոբերտ Լեւանդովսկին մեծ աճ գրանցեց երկրորդ մրցաշրջանում, եւ նույնը սպասվում է Հենրիխին։ Առաջին մրցաշրջանը լավն էր, սակայն այժմ ժամանակն է «Բորուսիայի» գրոհներում կայուն դեր խաղալու համար։ Թվում է, որ դա անպայման տեղի կունենա։ Այդ մասին վկայում են վերջին ընկերական խաղերում նրա խփած գոլերը եւ կատարած փոխանցումները»,- գրում է կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով