17:32  ,  29 հունվարի, 2018

Մխիթարյանը երջանիկ է` սպասեք հրավառության. Հետհայացք «հայ մաեստրոյի» կարիերային (ֆոտո)

«Միշտ քայլել առաջ եւ երբեք կանգ չառնել` հասնելով նորանոր բարձունքների»: Այս կարգախոսով Հենրիխ Մխիթարյանը Երեւանի «Փյունիկից» հասավ լեգենդար «Մանչեսթեր Յունայթեդ», գեղեցիկ հարվածով վերջակետ դրեց Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում՝ դառնալով եվրագավաթային մրցաշարում հաղթած առաջին հայաստանցի ֆուտբոլիստը: 

Սակայն եկեք 10 տարով հետ վերադառնանք: Երեւանում տաք հուլիսյան երեկո է, «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պատվով դիմակայում է Դոնեցկի «Շախտյորին»: Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կրկնակի փոփոխություն է կատարում: Այն խաղացողներից մեկը, որի նպատակասլաց հայացքում որոշ շփոթվածություն էր նկատվում, 18-ամյա Հենրիխ Մխիթարյանն էր:

Արդեն րոպեներ անց պատանի կիսապաշտպանն ապացուցեց, թե ինչու է մարզիչը վստահել իրեն պատասխանատու խաղում: Կարիերայում առաջին քայլերը կատարող Հենրիխի խաղում արդեն այն ժամանակ նկատվում էին այն գործողությունները, շարժումներն ու որոշումները, որոնք տարիներ անց ֆիրմային դարձան աշխարհահռչակ հայ խաղարկողի համար:

Երբ 3 տարի անց Մխիթարյանը «Շախտյոր» տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգից», որի առաջատարն ու ավագն էր դարձել ընդամենը մի քանի ամսում, «Շախտյորը» գլխավորող Միրչա Լուչեսկուն նշեց, որ նկատել էր Հենրիխի տաղանդը դեռեւս երեւանյան խաղում, ինչից հետո սկսել էր հետեւել տաղանդավոր ֆուտբոլիստի ելույթներին:

Հենց բազմափորձ ռումինացի մասնագետի գլխավորությամբ, որն ասես «երկրորդ հայր» դարձավ երիտասարդ Հենրիխի համար, Մխիթարյանը շարունակեց հսկայական քայլերով առաջադիմել. երկրպագուների ճանաչում, հայաստանցի ֆուտբոլիստի առաջին գոլերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ռեկորդ մեկ մրցաշրջանի ընթացքում Ուկրաինայի առաջնությունում խփած գոլերի քանակով:

Հերթական քայլ առաջ կարիերայում եւ Մխիթարյանին սպասում էր Գերմանիայի լավագույն թիմերից մեկը` հուզական եւ ոչ միշտ ադեկվատությամբ աչքի ընկնող Յուրգեն Կլոպի գլխավորած Դորտմունդի «Բորուսիան»: Գերմանացի մասնագետն իր համար «հայտնաբերել» էր Հենրիխին Չեմպիոներրի լիգայում` Դոնեցկի «Շախտյորի» դեմ հանդիպումների արդյունքում: Կարծես թե, այդ առումով պատմությունը կրկնվեց:

Նոր մակարդակում առաջին մրցաշրջանում Մխիթարյանը ամենեւին «չկորավ»: 9 գոլ եւ 10 գոլային փոխանցում Բունդեսլիգայում առաջին մրցաշրջանում. այսպիսի ցուցանիշով քչերը կարող են պարծենալ:

Ստացվե՞ց հայ կիսապաշտպանի եւ գերմանացի մասնագետի համագործակցությունը: Այո, Կլոպն, իրոք, համակրում էր Հենրիխին, ինչի մասին բազմիցս էր նշել: Սակայն, հանուն ճշմարտության պետք է ընդգծել, որ Մխիթարյանն ու Կլոպը լիովին չէին համապատասխանում իրար ինչպես զգացմունքայնության, այնպես էլ` խաղային փիլիսոփայության առումով: Մշտական պրեսինգ, շարժում եւ առավելագույն աշխատանք խաղադաշտում. այսպիսին էր Կլոպի որդեգրած խաղային փիլիսոփայությունը «Բորուսիայում»:

Իսկ ահա Հենրիխը միշտ էլ նախընտրել է կոմբինացիոն եւ ստեղծագործ ֆուտբոլը: Այդ իսկ պատճառով լիովին բացահայտել իր ներուժը Կլոպի գլխավորությամբ «հայ մաեստրոյին» չհաջողվեց:

Մոռանանք երկրորդ մրցաշրջանի մասին, որի ընթացքում Մխիթարյանը, ինչպես եւ մրցաշրջանը տապալած «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիսները, ոչնչով աչքի չընկավ, եւ հիշենք, թե ինչ եղավ դրանից հետո:

Կլոպին փոխարինեց Թոմաս Տուխելը` երիտասարդ եւ պատվախնդիր մասնագետ, որը հայտնի էր «Մայնցում» կատարած իր աշխատանքով: Հենց Տուխելը համոզեց Հենրիխին մնալ «Բորուսիայում»` խոստանալով լիովին օգտագործել իր հսկայական ներուժը:

Հիանալի հոգեբան հանդիսացող Տուխելը կարողացավ ճիշտ մոտեցում գտնել հայ ֆուտբոլիստին եւ մի քանի արդյունավետ զրույցներից հետո խորհուրդ տվեց նրան կարդալ Տիմոտի Գոլվիի «Թենիս` ներքին խաղ» գիրքը: Այդ գրքի հիմնական իմաստն այն է, որ մարդը չպետք է կենտրոնանա սեփական սխալների վրա եւ մեղադրի ինքն իրեն: Անցյալն արդեն անցյալում է, առջեւում նոր նպատակներ ու մարտահրավերներ են:

Տուխելը կարողացավ հայ փլեյմեյքերի շուրջ ստեղծել դրական մթնոլորտ. գերմանացին հավատաց Մխիթարյանին եւ ստիպեց Հենրիխին վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մարզիչի վստահությունից եւ նրա դավանած թիմային ֆուտբոլից ոգեշնչված Հենրիխը փայլուն մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում (11 գոլ եւ 20 արդյունավետ փոխանցում), ինչի արդյունքում ճանաչվեց ֆուտբոլիստների վարկածով` Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող:

Տպավորիչ մրցաշրջանից հետո «Բորուսիայում», բնականաբար, շատ էին ցանկանում պահպանել Մխիթարյանին, սակայն միշտ առաջ նայող Հենրիխը լի էր կարիերայում հաջորդ քայլն անելու վճռականությամբ եւ իր գործակալ Մինո Ռայոլայի օգնությամբ «ստիպեց» դորտմունդցիներին վաճառել իրեն:

Արդյունքում, Մխիթարյանը 2016թ. ամռանը հայտնվեց այն ժամանակ իր ոչ լավագույն օրերն ապրող թոփ-ակումբում` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Սակայն, լեգենդար ակումբ եւ աշխարհի լավագույն լիգա տեղափոխության հետ կապված դրական սպասելիքներն աստիճանաբար փոխարինվեցին «դաժան իրականությամբ». Հենրիխին սպասում էին Պրեմյեր լիգայի ուժային ֆուտբոլին հարմարվելու անխուսափելի պահանջն ու մանչեսթերցիների պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ միանշանակ սկզբունքները:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ անհաջող խաղից հետո Մոուրինյոն զրկեց Մխիթարյանին խաղային պրակտիկայից` երկար ժամանակ նրան դուրս թողնելով ոչ միայն մեկնարկային կազմից, այլեւ հայտացուցակից: Պորտուգալացին առանց մեծ ցանկության էր մեկնաբանում իր որոշումը` ընդգծելով, որ «Մխիթարյանը պետք է շատ աշխատի, որպեսզի տեղ վաստակի կազմում»:

Բայց Հենրիխը Հենրիխ չէր լինի, եթե հաղթող դուրս չգար նաեւ այս իրավիճակից: Ստանալով իր հնարավորությունը, Մխիթարյանը լիովին օգտագործեց այն` ամուր տեղ վաստակելով «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում եւ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:

«Կարիճ» հարվածով գոլը, որը մեծ արձագանք ստացավ ամբողջ ֆուտբոլային աշխարհում, հիանալի մրցելույթներ Եվրոպայի լիգայում եւ վճռորոշ գոլ մրցաշարի եզրափակիչում. Մխիթարյանն, անկասկած, գրեց իր անունը լեգենդար մանչեսթերյան ակումբի պատմության մեջ:

Երկրորդ մրցաշրջանի հիանալի մեկնարկը բերեց այն մտքին, որ Մոուրինյոյի հետ հարաբերություններում առկա լարվածությունն անցյալում է, սակայն շուտով պատմությունը կրկնվեց: Թիմում առաջատար դիրքերի դուրս եկած հայ ֆուտբոլիստի խաղում անկում նկատվեց, ինչի հետեւանքով նա կրկին անհետացավ մանչեսթերյան թիմի հայտացուցակից: Դեժավյու, որը նման էր մղձավանջային երազի:

Մոտ մեկ ամիս անց Մոուրինյոն, այնուամենայնիվ, վերադարձրեց Մխիթարյանին կազմ, սակայն այս անգամ վերադարձն ավելի շատ նման էր «կարապի երգի», քան «քամբեքի»: Տպավորություն էր ստեղծվում, որ հայ կիսապաշտպանը հոգնել է պրագմատիկ պորտուգալացու եւ նրա գլխավորած թիմի խաղաոճից: Բրիտանական մամուլի համաձայն, Հենրիխի եւ պորտուգալացի մասնագետի հարաբերությունները վաղուց էին լարված:

Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կրկին կարող էր պայքարել եւ վերադառնալ «խաղի մեջ», սակայն, ըստ երեւույթին, այս անգամ նրա մոտ պարզապես բացակայում էին անհրաժեշտ հույզերը եւ անսահմանափակ ցանկությունը: Հենց այն հույզերը, որոնք նոր նպատակներին հասնելու ճանապարհին Հենրիխի համար այնքան անհրաժեշտ խթան են:

Կան մարդիկ, որոնց համար լավ մոտիվացիա են քննադատությունն ու սխալների վերլուծությունը եւ դրանց վերացման ուղղությամբ աշխատանքը: Մյուսներն էլ, հակառակը, թեւեր են առնում գովեստի խոսքերից եւ լավ աշխատանքային մթնոլորտից: Պարզ ասած` նրանք ավելի օգտակար են, երբ երջանիկ են եւ Մխիթարյանը նրանցից է:

Շուտով բրիտանական մամուլը պարզապես «հեղեղվեց» հավանական տրանսֆերային գործարքի մասին լուրերով, որի շրջանակում սպասվում էր աստղային ֆուտբոլիստների փոխանակում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» միջեւ: Լոնդոնյան ակումբը ցանկանում էր վաճառել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, քանի որ հակառակ դեպքում նա անվճար կլքեր ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, Մոուրինյոն էլ շատ էր հետաքրքրված «Բարսելոնայի» նախկին խաղացողի տեղափոխությամբ:

Ի վերջո, կողմերը երկար բանակցություններից հետո համաձայնության եկան: Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», իսկ Սանչեսը ուղեւորվեց հակառակ ուղղությամբ:

«Սա քո կյանքի ամենատարորինա՞կ ծննդյան օրն է»,- հարցրեց Մխիթարյանին հայ ֆուտբոլիստի 29-ամյակի օրն իր ներկայացման տեսահոլովակը նկարահանող «Արսենալի» ներկայացուցիչը: «Սա իմ կյանքի ամենաերջանիկ ծննդյան օրն է»,- հետեւեց ժպտացող Հենրիխի հստակ պատասխանը:

Առաջին անգամ կարիերայում, Մխիթարյանը, որպես այդպիսին, քայլ առաջ չկատարեց, սակայն դրա փոխարեն կատարեց «քայլ ձիով», ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ շարունակել իր ճանապարհը դեպի «ֆուտբոլային Էվերեստը»: Չէ որ երբեմն երկու քայլ առաջ կատարելու համար պետք է մեկ քայլ հետ կատարել:

Հենրիխի տեղափոխության առիթով «Արսենալի» մամուլի ծառայության անկեղծ ոգեշնչվածությունը, Մխիթարյանի տաղանդի երկրպագու գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից գովեստի խոսքերը, երկրպագուների դրական տրամադրվածությունն ու նոր խաղընկերների կողմից հիանալի հյուրընկալությունը. ամեն ինչ գնում է նրան, որ Մխիթարյանը կհայտնվի հենց այն բարենպաստ մթնոլորտում, որի առկայության պարագայում նա երբեմն հրաշքներ է գործում: Դե իսկ այն փաստը, որ «Արսենալի» դավանած թիմային ֆուտբոլը, որի մի մասնիկը լինելու ցանկության մասին Մխիթարյանը հայտարարել էր դեռեւս 2009-ին, պարզապես ստեղծված է Հայաստանի հավաքականի ավագի համար, կասկած չի հարուցում:

Դե ինչ, Մխիթարյանը երջանիկ է` սպասեք հրավառության: Իսկ այդ դեպքում կերջանկանան նաեւ հայ երկրպագուները, որոնք արդեն մոտ 10 տարի է հետեւում են հայկական ֆուտբոլի առաջատարի կարիերայի ամեն քայլին:

Հ.Գ. #ՀենոԴուխով!

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով