11:15  ,  10 հուլիսի, 2013

Դմիտրի Սելյուկ. «Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ

«Մխիթարյանը «Շախտյորին» պարգեւեց հաղթանակներ ու դրական զգացմունքներ, իսկ Դոնեցկի թիմը Հենրիխին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ, ով այսօր տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»:

Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։ Նա անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը Դորտմունդի «Բորուսիա»:

«3 տարի առաջ ես մասնակցել էի Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտյոր»: Ես գոհ եմ դրա համար, քանի որ նա «Շախտյորին» պարգեւեց հաղթանակներ ու դրական զգացմունքներ: «Շախտյորը» Հենրիխին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ, ով այսօր տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս տրանսֆերը ձեռնտու էր բոլորին:

«Լիվերպուլը» վաղուց էր հետաքրքրվում նրա ծառայություններով: Մխիթարյանի համար նրանք պատրաստ էին վճարել 25 միլիոն եվրո: «Բորուսիան» վաճառել էր շատ ֆուտբոլիստների եւ տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ Հենրիխի համար վճարելով 27.5 միլիոն եվրո:

Պայմանագրի համաձայն՝ կիսապաշտանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին: Տրանսֆերային իրավունքի 50 տոկոսի համար «Շախտյորը» վճարել էր 7.5 միլիոն եվրո, երբ Հենրիխը դեռ այն մակարդակի խաղացող չէր, ինչպիսին հիմա է: Քանի որ «Շախտյորը» շատ արդար գործընկեր է, այսօր Օլեգ Մկրտչյանը Մխիթարյանի տրանսֆերից ստացել է 13 միլիոն 750 հազար եվրո:

Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյորին» համբավ բերեց համաշխարհային ասպարեզում: Դոնեցկի թիմի հետ կարելի է եւ պետք է աշխատել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Շախտյորի» համար ավելի ցավալի էր Ֆերնանդինյոյի կորուստը»,- Սելյուկի խոսքը մեջբերում է terrikon.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով