21:18  ,  9 հուլիսի, 2013

Մորոզով. Առաջընթացի համար Հենրիխ Մխիթարյանին պետք է ավելի ուժեղ առաջնություն

Ֆերնանդինյոյի եւ Վիլյանի ֆոնի վրա Հենրիխ Մխիթարյանի հեռացումն ամենաքիչ ցավ պատճառող կորուստն էր «Շախտյորի» համար, ասել է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը: Նա խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա»  տեղափոխության մասին:

«Մխիթարյանի տրանսֆերը ճիշտ ժամանակին իրականացվեց: «Շախտյորը» շատ ճիշտ վարվեց: Դոնեցկի թիմում Հենրիխը հասել էր առավելագույն սահմանին եւ առաջընթացի համար նրան պետք է ավելի ուժեղ առաջնություն:

Չէի ասի, որ Մխիթարյանի բացակայությունը խիստ նկատվում էր Միավորված մրցաշարում: Խաղային առումով «Շախտյորի» համար ավելի մեծ էր Ֆերնանդինյոյի կորուստը: Կարծում եմ՝ բրազիլացին Ուկրաինայի բոլոր ժամանակների լավագույն լեգեոնականն էր: Ֆերնանդինյոյի եւ Վիլյանի ֆոնի վրա Մխիթարյանի հեռացումը ամենաքիչ ցավ պատճառող կորուստն էր «Շախտյորի» համար:

Յուրգեն Կլոպը ֆուտբոլիստներին հենց այնպես չի ընտրում: Նրա համար գլխավոր չափանիշն արագաուժային դիմացկունությունն է, իսկ Մխիթարյանն ունի այդ նախադրյալները: Այնպես որ «Բորուսիան» ճիշտ ընտրություն էր նրա համար: Անգլիայում Հենրիխի համար ավելի դժվար կլիներ: Նույն «Լիվերպուլում» կան առանձին ֆուտբոլիստներ, որոնք փորձում են խաղալ անհատական վարպետության շնորհիվ: Իսկ դորտմունդիցներն աչքի են ընկնում թիմային խաղով, յուրաքանչյուր դիրքում ֆուտբոլիստները մեծ աշխատանք են կատարում՝ միեւնույն ժամանակ գործելով մեկ մեխանիզմի նման»,- Մորոզովի խոսքը մեջբերում է terrikon.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով