14:55  ,  8 հուլիսի, 2013

Վլադիմիր Լյուտի. Հենրիխ Մխիթարյանը հավասարազոր փոխարինող է Գյոտցեին

«Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ բաց ֆուտբոլ են խաղում»: Այդ մասին ասել է ուկրաինացի եւ խորհրդային ֆուտբոլիստ Վլադիմիր Լյուտին, որը հանդես է եկել գերմանական «Շալկեում», «Դույսբուրգում» եւ «Բոխումում»: Նրա վերջին ակումբը եղել է «Յունկերսդորֆը», որի կազմում խաղացել է 1999-2001 թվականներին:

«Հենրիխ Մխիթարյանը հավասարազոր փոխարինող է Գյոտցեին: Կրեատիվությամբ եւ մտքի արագությամբ նրանք արժանի են միմյանց: Բնականաբար, մի երկու ամիս կպահանջվի, որպեսզի Հենրիխը հարմարվի նոր պայմաններին, մարզչական մոտեցմանը: Բայց նա այն աստիճան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ ամեն ինչ նրա մոտ կստացվի: Հնարավոր է, որ նա նույնիսկ գերազանցի Գյոտցեին, քանի որ Մարիոն Մխիթարյանի նման արդյունավետ չէ գոլի տեսնակյունից: Չի բացառվում, որ երկու տարի հետո նրա տրանսֆերի արժեքը կրկնապատկվի: Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ բաց ֆուտբոլ են խաղում: Նրա համար գլխավորը կլինի մարզիչի առաջադրանքները կատարելը: Նա կգտնի իր տեղը «Բորուսիայի» սխեմաներում: Դորտմունդի թիմը խաղում է նորարարական գաղափարներով գրավիչ ֆուտբոլ՝ կարճ եւ միջին փոխանցումներով: Երկար փոխանցումներ նրանք հազվադեպ են կատարում: Այս տարբերակը Մխիթարյանի համար ավելի նախընտրելի է, քան «Լիվերպուլը»՝ կոշտ պայքարով, երկար փոխանցումներով եւ վերեւում մենապայքարով: Իմ փորձից ելնելով՝ Մխիթարյանին խորհուրդ կտամ առաջին հերթին լեզու սովորել, որպեսզի ինֆորմացիոն հոսքը խաղացողների եւ մարզիչների կողմից նրան արագ հասնի: Կարեւոր է նաեւ, որ նրա մենեջերը զբաղվի ապահովագրության նրբություններով: Այնտեղ մարդիկ ապահովագրում են կարիերան վնասվածքներից, ունեն դատական ապահովագրություն, որպեսզի սկանդալների դեպքում փաստաբաններին միլիոններ չվճարեն»,- Վլադիմիր Լյուտիի խոսքը մեջբերում է sport.segodnya.ua-ն:

Հունիսի 8-ին Հենրիխ Մխիթարյանը Երեւանից մեկնել է Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով