13:52  ,  1 հունիսի, 2013

Արթուր Աբրահամի մանկության երազանքը (ֆոտո)

«Մանուկ հասակում երազել եմ դառնալ իրավաբան, ապա բժիշկ, բայց տարեց տարի աչքի եմ ընկել սպորտի հանդեպ սիրով եւ երազանքս կանգ է առել բռնցքամարտիկի վրա: Չարաճճի երեխա եմ եղել: Այս օրն ինձ համար նշանավորվում է երկու առիթով: Նախ՝ երեխաների պաշտպանության օրն է, բացի այդ էլ հայրիկիս տարեդարձն է: Հենց այս պատճառով էլ այս օրը շատ եմ սիրում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

«Մանկությունը ամեն մարդու կյանքի ամենահրաշալի հատվածն է: Ես էլ բացառություն չեմ: Ամեն անգամ երբ հիշում եմ իմ մանկությունը, ժպիտ է հայտնվում դեմքիս: Երեխաները սեր են, երջանկություն են, ուրախություն են: Կարծում եմ`երեխաների ներկայությամբ մարդիկ պարզապես չեն կարող երջանիկ չլինել:

Ծնողներս պատմում են, որ ես եղել եմ չարաճճի երեխա, բայց միաժամանակ դպրոցում լավ եմ սովորել: Աչքի եմ ընկել սպորտի հանդեպ սիրով` լող, ֆուտբոլ, հեծանվասպորտ, ավելի ուշ` բռնցքամարտ: Սիրում էի այն ամենը, ինչը, իմ կարծիքով, սիրում են աշխարհի բոլոր երեխաները` տապակած կարտոֆիլ, քաղցրավենիք, հյութեր: Այդպիսին էր նաեւ եղբայրս` Ալեքսանդրը, ով ինձանից մեկ տարով փոքր է:

Փոքր ժամանակ երազանքներ շատ ունեի`ուզում էի իրավաբան դառնալ, որ իմ գործով արդարություն ապահովեմ, ապա բժիշկ դառնալու մասին էի երազում, որ կարողանամ բուժել հիվանդ մարդկանց եւ որ իմ շրջապատում բոլորն առողջ լինեն: Բայց տարեց տարի սպորտի հանդեպ իմ սերը մեծացավ, եւ ես դարձա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

Հունիսի 1-ը եղել է, կա եւ կլինի իմ ամենասիրելի տոներից մեկը: Օրն ինձ համար նշանավորվում է ոչ միայն Երեխաների պաշպանության միջազգային օրը լինելով, այլեւ հայրիկիս տարեդարձով: Այնպես որ, շնորհավորելու երկու առիթ ունեմ: Շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա առթիվ` մաղթելով կապույտ երկինք, անհոգ մանկություն եւ անսահման ուրախություն: Շնորհավորում եմ նաեւ հայրիկիս`ցանկանալով լավագույնը` առողջություն եւ երկարակեցություն»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով