13:52 1 հունիսի, 2013«Մանուկ հասակում երազել եմ դառնալ իրավաբան, ապա բժիշկ, բայց տարեց տարի աչքի եմ ընկել սպորտի հանդեպ սիրով եւ երազանքս կանգ է առել բռնցքամարտիկի վրա: Չարաճճի երեխա եմ եղել: Այս օրն ինձ համար նշանավորվում է երկու առիթով: Նախ՝ երեխաների պաշտպանության օրն է, բացի այդ էլ հայրիկիս տարեդարձն է: Հենց այս պատճառով էլ այս օրը շատ եմ սիրում»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
«Մանկությունը ամեն մարդու կյանքի ամենահրաշալի հատվածն է: Ես էլ բացառություն չեմ: Ամեն անգամ երբ հիշում եմ իմ մանկությունը, ժպիտ է հայտնվում դեմքիս: Երեխաները սեր են, երջանկություն են, ուրախություն են: Կարծում եմ`երեխաների ներկայությամբ մարդիկ պարզապես չեն կարող երջանիկ չլինել:
Ծնողներս պատմում են, որ ես եղել եմ չարաճճի երեխա, բայց միաժամանակ դպրոցում լավ եմ սովորել: Աչքի եմ ընկել սպորտի հանդեպ սիրով` լող, ֆուտբոլ, հեծանվասպորտ, ավելի ուշ` բռնցքամարտ: Սիրում էի այն ամենը, ինչը, իմ կարծիքով, սիրում են աշխարհի բոլոր երեխաները` տապակած կարտոֆիլ, քաղցրավենիք, հյութեր: Այդպիսին էր նաեւ եղբայրս` Ալեքսանդրը, ով ինձանից մեկ տարով փոքր է:

Փոքր ժամանակ երազանքներ շատ ունեի`ուզում էի իրավաբան դառնալ, որ իմ գործով արդարություն ապահովեմ, ապա բժիշկ դառնալու մասին էի երազում, որ կարողանամ բուժել հիվանդ մարդկանց եւ որ իմ շրջապատում բոլորն առողջ լինեն: Բայց տարեց տարի սպորտի հանդեպ իմ սերը մեծացավ, եւ ես դարձա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:
Հունիսի 1-ը եղել է, կա եւ կլինի իմ ամենասիրելի տոներից մեկը: Օրն ինձ համար նշանավորվում է ոչ միայն Երեխաների պաշպանության միջազգային օրը լինելով, այլեւ հայրիկիս տարեդարձով: Այնպես որ, շնորհավորելու երկու առիթ ունեմ: Շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա առթիվ` մաղթելով կապույտ երկինք, անհոգ մանկություն եւ անսահման ուրախություն: Շնորհավորում եմ նաեւ հայրիկիս`ցանկանալով լավագույնը` առողջություն եւ երկարակեցություն»,- ասաց Արթուր Աբրահամը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.