15:23  ,  9 ապրիլի, 2012

Երիտասարդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը. հարցազրույց

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ազգային հավաքականը բարձրակարգ բռնցքամարտիկներով համալրեու համար: Երիտասարդական հավաքականը, ինչպես եւ ազգային հավաքականը, ուսումնամարզական հավաքների միջոցով պատրաստվում է առաջիկա կարեւոր մրցաշարերին, մասնավորապես արդեն այսօրվանից երիտասարդները պատրաստվում են հոկտեմբերին Թաիլանդում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի հետ:

Պարոն Ոսկանյան, բոլորի ուշադրության կենտրոնում բռնցքամարտի ազգային հավաքականն է այն պարզ պատճառով, որ առջեւում օլիմպիական վարկանիշային մրցաշարն է, հետո էլ Oլիմպիական խաղերը: Սակայն, եթե մի փոքր հեռու նայենք, ապա պարզ է, որ մեզ հետաքրքրում են նաեւ մեր հավաքականը ապագայում համալրող բռնցքամարտիկները: Դուք ուզումնամարզական հավաք անցկցրեցինք ազգային հավաքականի հետ:

Երիտասարդական հավաքականի հիմնական նպատակն էլ հանդիսանում է ազգայինի համալրումը: Հետեւաբար մենք շատ ուշադիր ենք բռնցքամարտիկների ընտրության հարցում: Աբովյանում մենք, ազգային հավաքականի հետ մարզվելով, պատրաստվում ենք երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է հոկտեմբերի 10-ին Թաիլանդում: Այս հավաքին մասնակցեցին հինգ բռնցքամարտիկներ, որոնք միջազգային մրցաշարերին պատրաստվելով` կբարձրաձնեն ու կհղկեն իրենց վարպետությունը:

Ո՞վքեր են ընդգրկվել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, եւ ընտրության ինչպիսի՞ հնարավորություն դուք ունեք:

Լավ երիտասարդներ կան միանշանակ: Բայց մինչեւ ազգային հավաքականը համալրելը ցանկալի կլիներ, որ մեր երիտասարդ բռնցքամարտիկները տիտղոսներ կարողանային նվաճել իրենց տարիքային մրցումներում ու վստահություն ձեռք բերեին մինչև «մեծ» ռինգ դուրս գալը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են հավաքական հրավիրվում , ապա ասեմ, որ Հայաստանի առաջնությունում հաղթողներն են հրավիրված հավաքական:

Դուք ասացիք, որ հինգ բռնցքամարտիկներ են մասնակցել այս հավաքին, իսկ Թաիլանդում մեր երկիրը քանի՞ մարզիկներ են ներկայացնելու:

Կոնկրետ թիվը հիմա դժվարանում եմ ասել: Հուլիսին Սերբիայում մենք մասնակցելու են միջազգային եւս մեկ մրցաշարի, եւ այդ մրցաշարին արդեն ռինգ դուրս կգան մեր հավաքականի մյուս թեկնածուները: Պետք է բոլորին գործի մեջ տեսնենք, հետո արդեն կկողմնորոշվենք, թե քանի բռնցքամարտիկով ենք հանդես գալու աշխարհի առաջնությունում: Ինձ թվում է, որ Թաիլանդում մենք հանդես կգանք 6-7 բռնցքամարտիկներով:

Հայաստանի երիտասարդների առաջնության մակարդակը ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ բռնցքամարտիկները դեռեւս անելիքներ ունեն:

Անցյալ տարի մենք ունեցանք բավականին լավ արդյունքներ միջազգային մրցասպարեզում: Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր ունեցանք: Շատ ուրախ եմ, որ Կորյուն Սողոմոնյանը, ով Իռալնդիայում նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը, արդեն ազգային հավաքականում է: Հիմա երիտասարդականում ընդգրկված են պատանեկան հավաքականի անդամները, ովքեր արդեն պետք է հանդես գան այս տարիքային խմբում: Աշխատելու տեղ, իհարկե, կա: Հղկել է պետք յուրաքանչյուր բռնցքամարտիկի վարպետությունն ու պատրաստականությունը: Բռնցքամարտը ունի իր նրբությունները, որոնք շատ կարեւոր են յուրաքանչյուր բռնցքամարտիկի համար: Անհատական մարզիչի աշխատանքից սկսած, վերջացրած հավաքականի մարզիչներով: Բայց աշխատել հարկավոր է միշտ, անկախ տարիքից:

Երկու միջազգային մրցաշարերից բացի, այլ մրցումներ չեն լինելո՞ւ:

Իհարկե, աշխարհի առաջնությանը լավ մասնակցելու համար երկու մրցաշարը քիչ է, այդ պատճառով նպատակ կա Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշրը, որը միշտ անցկացրել ենք նոյեմբեր ամսին, այս տարի ավելի շուտ անցկացնենք տղաներին պրակտիկա ապահովելու նպատակով: Հրավիրելու ենք  նաեւ Վրաստանի հավաքականին, եւ այդ առումով արդեն պայմանավորվածություն կա:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում