15:37  ,  18 մայիսի, 2013

Սերժ Սարգսյան. Մեր հավաքականի նվաճումների շնորհիվ յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում

«Այսօր մենք գործող չեմպիոններ ենք: Մեր տղաները մեզ հնարավորություն են տալիս հոգնակի խոսել այդ նվաճումների մասին: Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում: Հույ ունեմ, որ մի օր կգա ժամանակ, որ մենք կխոսենք նաեւ մեր աղջիկների մասին որպես աշխարհի կամ օլիմպիական չեմպիոններ»:

Այս մասին այսօր Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի բացման խոսքում ասաց ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Նախագահության 150 անդամներից ներկա են 120-ը: Կարող ենք սկսել կոնֆերանսը:
Այսօր ամփոփելու ենք անցած ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքը, որն ընգրկելու է 2011-ից մինչ օրս: Այդ ժամանակահատվածում մեր շախմատային կազմակերպությունը հասել է ակնառու հաջողությունների: Այդ հաջողություններից որպես ձեռքբերում կառանձնացնեմ երեքը` 2011 թվականին Չինաստանում մեր հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, այնուհետեւ Թուրքիայում մեր տղաների հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն: Այսօր մենք գործող չեմպիոններ ենք: Մեր տղաները մեզ հնարավորություն են տալիս այսպես հոգնակի խոսել այդ նվաճման մասին: Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեր շախմատիստներին դրսեւորովել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ ձեռքբերման մասին ՀՀ նախագահը դիտավորյալ չնշեց՝ ակնկալելով դա լսել ֆեդերացիայի աշխատանքների հաշվետությունում: Խոսքը Հայաստանում շախմատը որպես ուսումնական առարկա հանրակրթական դպրոցներում ընգրկելու մասին է: Այդ մասին նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշեց ֆեդերացիայի 2011-2013 թվականների աշխատանքների հաշվետվությունում:

«Այսօր Հայաստանը բավական հպարտանալու տեղ ունի, որովհետեւ Հայաստանը առաջինն էր, որ կարողացավ շախմատը ընգրկել հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրում  որպես առարկա: Ունենք բոլոր դպրոցներում շախմատի սենյակներ, գույք, սեղաններ»,- հաշվետվությունում ընդգծեց Սմբատ Լպուտյանը:

Սերժ Սարգսյանն էլ, ընդհատելով Սմբատ Լպուտյանի խոսքն, ասաց.

«Սա այն երրորդ նվաճումն է, որը ես դիտավորյալ բաց թողեցի: Սա տղաների սխրանքներին համարժեք գործընթաց է: Սա լիովին Սմբատ Լպուտյանի աշխատանքն է»:
Ադրադառնալով կանանց հավաքականի նվաճումներին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը նկատեց.

«Մենք, խոսելով տղաների մասին, չենք մոռանում նաեւ աղջիկների հաջող ելույթները: Բայց իրականությունն այն է, որ մեր աղջիկներն իրենց նվաճումներով մի քիչ հետ են մնում մեր տղաներից: Բայց հույ ունեմ, որ մի օր կգա ժամանակ, որ մենք կխոսենք մեր աղջիկների մասին որպես աշխարհի կամ Օլիմպիադայի չեմպիոններ»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով