11:17  ,  13 ապրիլի, 2013

Հայկ Հակոբյան. Եթե Եվրոպայի առաջնությունում 410-415 կգ բարձրացնեմ, ապա մեդալ կունենանք

«Գուցե մարզավիճակդ հիանալի լինի, բայց հոգեբանորեն տրամադրված չլինես այս ծանրությունը բարձրացնելու։ Ծանրաձողի առջեւ ծանրորդը ոչնչի մասին չպիտի միտքը զբաղեցնի, այլ տրամադրվի ծանրաձողը բարձրացնելուն»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլի 8-ին Տիրանայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանցի երրորդ մասնակից, գերծանր քաշային Հայկ Հակոբյանը։ Նա մրցահարթակ դուրս կգա ապրիլի 14-ին։

22-ամյա Հայկ Հակոբյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Համաշխարհային ուսանողական խաղերի երրորդ մրցանակակիր։

Հայկ, մեծահասակների կազմում սա քո երկրորդ ելույթն է Եվրոպայի առաջնությունում։ Ի՞նչ ակնկալիքով ես մեկնում Ալբանիա։

Սա իմ երկրորդ փորձն է։ Առաջին փորձն անհաջող էր։ Այս անգամ շատ լավ եմ նախապատրաստվել։ Ամենակարեւորը մոտեցումներն են, որոնց վրա արդեն երկար ժամանակ աշխատում ենք։ Պետք է կարողանամ յուրաքանչյուր հանձնարարություն յուրաքանչյուր մոտեցման ժամանակ ճիշտ իրականացնել։ Իսկ երբ բոլոր մոտեցումները ճիշտ եւ տեղին իրագործեմ, միայն դրանից հետո արդեն կմտածեմ մեդալների մասին։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, առանց վնասվածքի մոտեցումները կատարեմ եւ ամենակարեւորը կարողանամ բարձրացնել նշանակված կիլոգրամները, մեդալ միանշանակ կլինի։

Երկամարտում քանի՞ կիլոգրամի  հույս ունես։

Չեմ կարող հստակ ասել։ Մոտավորապես 410-415 կգ։ Եվրոպայի առաջնություններում միշտ մասնակցում են ուժեղագույն ծանրորդներ եւ թիմեր։ Այս առաջնությունն էլ ուժեղ մրցակցությամբ կանցնի։ Վստահ եմ, որ բոլոր լավագույններն ու ուժեղագույններն են մասնակցելու գերծանր քաշային կարգում։

Իսկ մեդալի սպասումներ ուն՞ս։

Առանց սպասումների եւ հույսերի չի լինի։ Բնական է, որ ես իմ ուժերին վստահում եմ եւ հավատում եմ։ Մեդալի հույս ունեմ։ Բնական է, որ ձգտումս ոսկե մեդալն է։ Կարելի է ասել՝ գնում եմ պայքարելու ոսկե մեդալի համար։ Բայց, թե ինչպես կստացվի, պարզ կլինի մրցավայրում միայն։

Առաջին միտքդ, երբ մոտենում ես ծանրաձողին։

Ծանրաձողի առջեւ միայն բարձրացնելու մասին եմ մտածում, որ կարողանամ պահաջվելիք կիլոգրամները բարձրցացնել։ Ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում։ Միայն այն միտքն է, որ ուժերս ներեն եւ ես կարողանամ պատվով գետնից պոկեմ այս ծանրաձողը։

Ծանրամարտում մեծ տեղ է տրվում ծանրորդի հոգեբանական վիճակին։ Ինչպե՞ս ես ինքդ քեզ հոգեբանորեն տրամադրում ծանրաձողի հետ պայքարում։

Իսկապես ծանրաձողի առջեւ յուրաքանչյուր ծանրորդ տրամադրվելու խնդիր ունի։ Գուցե ֆիզիկական պատրաստվածությունը լիովին անցած լինես, մարզավիճակդ հիանալի լինի, բայց հոգեբանորեն տրամադրված չլինես այս ծանրությունը բարձրացնելու։ Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ ունենում նման խնդիր։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Ես ինքս ինձ տրամադրում եմ՝ ոչնչի մասին չմտածելով։ Երբ մոտենում եմ ծանրաձողին, ոչնչի մասին, որեւէ այլ խնդրի, մտքի մասին ուղեղս չեմ զբաղեցնում։ Միայն մտածում եմ ծանրությունը հաղթահարելու մասին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով