17:54  ,  31 հունվարի, 2013

Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. Հայաստանը մեծ թիմով հանդես կգա աշխարհի առաջնությունում

«Միջազգային ֆեդերացիայի  վարկանիշային աղյուսակում Հայաստանը աստիճանաբար բարձրանում է, մեր տղաների վարկանիշը աճում է»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, վերջերս հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը Չեխիայում կայացած դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավեց 16-րդ տեղը։ Ինչպե՞ս կգնահատեք դահուկորդների ելույթները Չեխիայում։

Այս առաջնությանը Հայաստանից մասնակցում էր երկու դահուկորդ՝ Սերգեյ Միքայելյանը եւ Թադեւոս Պողոսյանը։ 20-23 տարեկանների խումբը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը բավական ուժեղ մրցապայքարի մեջ էր, որովհետեւ այս տարիքային խմբում մասնակցում էին ուժեղագույնները։ 15 կմ ազատ ոճում Միքայելյանը գրավեց 16-րդ տեղը: Սպրինտում նա 54-րդն էր: Իսկ ուժեղագույնների մեջ 16-րդ տեղ զբաղեցնելը, հավատացեք՝ լուրջ արդյունք է։ Սերգեյի մրցելույթը բավական հաջողված էր։ Մենք մեր պատմության մեջ նման արդյունք դեռ չէինք գրանցել։ Ինչ վերաբերում է Թադեւոս Պողոսյանին, ցավոք նա չկարողացավ իր հնարավորությունների չափով հանդես գալ։ Մեր կարծիքով նա ավելի թույլ մասնակցեց՝ ընդամենը հաղթելով մոտ 20 մասնակցի։ Կարող էր ավելի լավ մասնակցել։

Ընդհանուր արդյունքից ֆեդերացիան գո՞հ է։

Այո, գոհ ենք, որովհետեւ այս մարզաձեւում միավորները, որպես այդպիսին, միանգամից տալիս են տվյալ պետությունը ներկայացնող մարզիկի նկարագիրը։ Վստահ կարող եմ ասել, որ մեր մարզիկներն ունեն աճ։ Միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում մեր մարզիկները իրենց արդյունքները լավացնում են։ Դրա համար պետք է միայն գոհ լինենք, որ տեղում չեն դոփում, այլ ձգտում են լավացնել իրենց արդյունքները։ Սա միայն դահուկավազքում չէ, այլ նաեւ լեռնադահուկային սպորտում։ Շուտով տեղի կունենա նաեւ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի փետրվարի 8-17-ը  Ավստրիայում։ Հայաստանից այս առաջնությանը կմասնակցի 4 տղա, մեկ աղջիկ լեռնադահուկորդ։

Պատրաստվում ենք նաեւ դահուկավազքի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում՝ փետրվարի 14-28-ը։ Հայաստանը այս առաջնությունում ավելի ներկայանալի հանդես կգա՝ 4 տղա, 4 աղջիկ դահուկորդներով։

Իսկ թե ովքեր են լինելու դահուկավազքի այդ 8 մասնակիցները եւ 3 լեռնադահուկորդները, որոնք կմասնակցենք աշխարհի առաջնությանը, պարզ կդառնա Հայաստանի առաջնության արդյունքներից։ Փետրվարի 4-7-ը Ծաղկաձորում կանցկացվի դահուկային սպորտի Հայաստանի առաջնություն։ Դեռեւս հայտագրվում են մասնակիցները։ Ամեն ինչ անում ենք Հայաստանի առաջնությունը բարձր մակարդակով անձնացնելու համար։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով