Բարդ էր երկրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դժվար էր նախորդ օրը Համլետ Մանուկյանի չեմպիոնությունից հետո կառավարել ուրախությունը, չտրվել էմոցիաներին եւ կենտրոնանալ մրցելույթի վրա: Աշխարհի առաջնությունից առաջ այդքան էլ վստահ չէի ինձ վրա: Վնասվածք ունեի, բայց կարճ ժամանակում պատրաստվեցի եւ շատ լավ ցատկերով հաղթեցի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոտերդամից ասաց երկրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանը:
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկի վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում երկու փայլուն ցատկերի արդյունքում վաստակեց ամենաբարձր 14.850 միավորը:
Արթուր, շնորհավորում եմ աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Բարդ տրվե՞ց երկրորդ չեմպիոնությունը: Սպասո՞ւմ էիր:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ կարողացա նվաճել տիտղոսը եւ հռչակվել աշխարհի կրկնակի չեմպիոն: Սպասելիքներ կային, բայց աշխարհի առաջնությունը շատ բարդ է. չես կարող կանխատեսել, թե ինչպես կստացվի, կհաջողես, թե կձախողես: Նույն հաջողությամբ ֆիլիպինցի մարմնամարզիկը, որն անցած տարվա աշխարհի չեմպիոնն էր, այս առաջնությունում տեղ չգրավեց, գործող Եվրոպայի չեմպիոնը մնաց առանց մեդալի, անգլիացի մարզիկը, որն օլիմպիական մեդալակիր է, նա էլ տեղ չզբաղեցրեց: Չես կարող ասել, անկանխատեսել է: Կարեւորը՝ կենտրոնանալ եւ անել քո ցատկերն այնպես, ինչպես կարողանում ես: Այս պահին շատ լավ ստացվեց ինձ մոտ, շատ լավ ցատկեր կատարեցի:
Եվրոպայի առաջնությունից հետո վստահությունդ վերադարձե՞լ էր:
Իրականում` ոչ, այդքան էլ վստահ չէի ինձ վրա: Վնասվածք ունեի, ոտքի մկանաթելի պատռվածք ունեի: Աշխարհի առաջնությանը պատրաստվել եմ շատ կարճ ժամանակում: Նույնիսկ մտքեր ունեի չմասնակցել. մտածում էի, որ անիմաստ է այդպես աշխարհի առաջնությանը գնալ: Հետո արդեն հասցրեցի վերականգնվել: Որակավորման փուլում բավականին լավ կատարեցի ցատկերս, իսկ եզրափակիչում շատ լավ կատարեցի երկու ցատկերն էլ:
Որքանո՞վ ոգեշնչեցին քեզ Համլետ Մանուկյանի չեմպիոնությունը, մյուս տղաների մեդալները:
Անկեղծ կլինեմ՝ այս մասով մի քիչ դժվար էր: Անչափ ուրախացանք Համլետի հաղթանակով, տղաների մեդալներով, բայց դժվար էր այնքանով, որ ինքս պետք է կարողայաին կառավալեր իմ հույզերը եւ տրամադրվել հաջորդ օրվա իմ մրցելույթին: Եվ դժվար էր եւ ոգեւորիչ էր, իսկապես շատ էի ուրախացել, բայց գիտակցում էի, որ էմոցիաներին մինչեւ վերջ չպետք է տրվեմ, որպեսզի ուժերս պահպանեմ իմ եզրափակիչի համար:
Նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էիր դարձել 4 տարի առաջ: Բա՞րդ էր երկրորդ անգամ տիտղոսը նվաճել:
Բարդ է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել, նույնքան բարդ է այդ տիտղոսը պահպանել, երկրորդ անգամ նվաճել: Անցած տարի աշխարհի առաջնությունում շատ լավ ցատկեր կատարեցի, երկուսն էլ իդեալական դիմավորեցի, նույնիսկ ավելի լավ կատարեցի, քան այս առաջնությունում, բայց երկրորդ տեղը գրավեցի: 2025-ում չեմպիոն դարձավ ֆիլիպինցի մարզիկը, որի նախնական գնահատականը բարձր էր: Նա էլ առաջին ցատկը հրաշալի կատարեց եւ ինձ գերազանցեց: Ես երկու ցատկերն էլ անթերի կատարեցի, բայց չկարողացա հաղթել նրան:
Ինչ վերաբերում է տիտղոսն առաջին անգամ նվաճելուն, սկզբում շատ բարդ է թվում, անհնարին, հետո երբ հասնում ես, նվաճում, հասկանում ես, որ անհավանական չէր: Արդեն գալիս է ավելի բարդ փուլ՝ պահել տիտղոսը: Երկու դեպքում էլ շատ բարդ է:
Զգացողությունները շատ տարբե՞ր էին առաջին անգամ տիտղոսը նվաճելու համեմատ:
Այս աշխարհի առաջնությունում զգացողություններն անբացատրելի են, շատ տարբեր են: Իմ չեմպիոնությունը, Համլետի չեմպիոնությունը, Արթուրի, Մամիկոնի մեդալները. հրաշալի էր: 4 մասնակցով եկանք եւ 4 մեդալով վերադառնում ենք: Ինձ համար սա 100-տոկոսանոց արդյունք է: Սրանից լավ կարող էր լինել, բայց այս պահի դրությամբ մեզ համար նոր ռեկորդ է:
Թերեւս առաջին անգամ, երբ դարձա աշխարհի չեմպիոն շատ այլ էմոցիաներ էին եւ նման չէին այս մեկին:
Ավելի շատ քո չեմպիոնության համար ուրախացա՞ր, թե՞ Համլետ Մանուկյանի:
Տարբեր հույզեր են: Համլետի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելը բոլորիս համար մեծ ուրախություն էր, հպարտություն: 19 տարեկանում աշխարհի չեմպիոն դառնալը շատ մեծ նվաճում է մեծ սպորտում: Ընկերոջ ուրախությունն այլ է, քո անձնական նվաճումն՝ այլ: Գրեթե նույնկերպ ուրախացել եմ, երեւի մի բան էլ ավել տղաների համար եմ ուրախացել, որովհետեւ ես արդեն եղել եմ աշխարհի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր եմ, իսկ իրենց համար այս ամենը նոր է:
Նշեցիր, որ քեզ համար 4 մասնակցով 4 մեդալով վերադառնալը 100-տոկոսանոց արդյունք է: Ո՞րն է ձեր թիմի հաջողության գաղտնիքը:
Այս հաջողությունները մեր մեծ ընտանիք լինելու արդյունքն է: Բոլորն են տեսնում, որ յուրաքանչյուրը թիմում լիարժեք ուրախանում է մյուսի հաջողության, հաղթանակի համար, ամեն ինչ անում է, որ իր ընկերը դառնա չեմպիոն, մեդալակիր: Ոչ նախանձ ունենք, ոչ որեւէ այլ բան, այդ պատճառով էլ առաջ ենք գնում: Սա է մեր հաջողության գաղտնիքը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 26 հոկտեմբերի
19:36 , 26 հոկտեմբերի
19:06 , 26 հոկտեմբերի
18:11 , 26 հոկտեմբերի
17:51 , 26 հոկտեմբերի
17:02 , 26 հոկտեմբերի
16:32 , 26 հոկտեմբերի
16:15 , 26 հոկտեմբերի
16:03 , 26 հոկտեմբերի
15:03 , 26 հոկտեմբերի