Ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ երրորդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ, որն անցկացվելու է հոկտեմբերի 27-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
«Աշխարհի առաջնությանը պատրաստվել ենք մի շարք փուլերով, հավաքներ, միջազգային մրցաշարեր: Թե ինչ մարզավիճակում եւ ինչպես հանդես կգանք, արդեն ցույց կտա Ղազախստանի մրցագորգը: Պատասխանատվությունս ավելի է մեծանում։ Բոլորը պայքարելու են տիտղոսի համար, իսկ պետք է կարողանամ այնպես անել, որպեսզի պաշտպանեմ տիտղոսս։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ երրորդ ոսկե մեդալը նվաճել։
Ամեն ինչ լավ է, վնասվածքներ չունեմ։ Մրցակիցներս հիմնականում նույն են։ 2-3 ըմբիշ չեն մասնակցում, բայց իմ հիմնական մրցակիցներ կան, նաեւ նոր ներկայացուցիչներ ունենք 77 կգ քաշային կարգում. ներքեւի քաշերից աշխարհի չեմպիոններ են բարձրացել իմ քաշային կարգ։ Մեծ մրցակցություն է լինելու։ Ցանկացած մրցաշարի պատրաստվում եմ բոլորի դեմ։ Ինձ համար բոլորը հավասար են, քանի որ աշխարհի առաջնությունում պայքարում են ուժեղագույնները։ Այս առումով չեմ կարեւորում, թե ով է մասնակցելու, ով՝ ոչ։ Ինձ համար կարեւորը միայն հաղթանակն է։
Այս աշխարհի առաջնությանը մասնակցում ենք առանց Արթուր Ալեքսանյանի։ Նա մեր թիմի ավագն է, վնասվածքի պատճառով է բաց թողնում։ Իմ պատասխանատվությունն ավելի է մեծանում, որ առանց նրա ենք մեկնում աշխարհի առաջնության։ Ունենք շատ լավ թիմ, կարծում եմ նրա բացակայության պարագայում էլ, պետք է որ լավ հանդես գանք, մեկս մյուսին օգնելով պետք է առաջ շարժվենք»,- ասաց Մալխաս Ամոյանը։
Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։ 2025 թ. սեպտեմբերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:03 , 19 հոկտեմբերի 
18:06 , 19 հոկտեմբերի
17:01 , 19 հոկտեմբերի
16:11 , 19 հոկտեմբերի
15:04 , 19 հոկտեմբերի
14:02 , 19 հոկտեմբերի
13:36 , 19 հոկտեմբերի
13:01 , 19 հոկտեմբերի 
12:22 , 19 հոկտեմբերի
12:05 , 19 հոկտեմբերի