19:23  ,  30 սեպտեմբերի, 2026

Play City-ի եւ Sodi world series-ի համագործակցությունը հնարավոր է ավարտվի, եթե կարտինգի դպրոցը փակ մնա (տեսանյութ)

Play City համալիրի եւ միջազգային Sodi world series-ի համագործակցությունը վտանգված է եւ հնարավոր է ավարտվի, եթե կարտինգի դպրոցը շարունակվի փակ մնալ:  Դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը, որի հետեւանքով կարող են զրկվել 2027 թ. լիցենզիայից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի Play City-ի կարտինգի դպրոցի տնօրեն եւ մարզիչ Ռոդիոն Կռիլովը:

Երեւանի Play City-ի կարտինգ դպրոցի տնօրենը, անդամներն արդեն մեկ ամիս շարունակ չեն կարողանում մարզումներ անցկացնել եւ պաշտոնական մրցաշարերի պատրաստվել: Sodi world series հավատարմագրում ունեցող դպրոցը, Play City համալիրի կապարակնքված լինելու պատճառով դադարեցրել է աշխատանքը եւ կանգնած է միջազգային լիցենզիա կորցնելու առջեւ:

«Sodi world series-ը համաշխարհային հարթակ է, որը համախմբում է աշխարհի ավտոմոտոսպորտ սիրահարներին եւ անցկացնում է միջազգային մրցաշարեր: Շատ երկրներ ունեն «Sodi world series-ի հավատարմագրում, այդ թվում՝ Հայաստանում:

Մենք նրանց հետ աշխատում ենք 2023 թ.-ից, 2024-ին ստացել ենք հավատարմագրումը եւ անցած տարվանից կազմակերպում եւ անցկացնում ենք միջազգային մրցումներ: Ցավոք, արդեն մեկ ամսից ավել Play City-ն չի գործում եւ փակ լինելու պատճառով չեղարկել ենք Sodi world series-ի մի քանի միջազգային մրցաշարեր: Օրեր առաջ նրանցից ստացանք նամակ, որ այս տարվա նվազագույն պահանջները չկատարելու դեպքում Հայաստանը կզրկվի Sodi world series-ի 2026 թ. Grand Final-ի քվոտայից:

Այս պահին քվոտայի հավակնորդ է Արա Եգանյանը: Նաեւ ունենք հավակնորդ պատանի մարզիկ, որը նույնպես չի ստանա քվոտան, եթե հոկտեմբերի 11-ին անցկացվելիք մրցաշարին չմասնակցի, իսկ այդ մրցաշարն անցկացնում ենք մենք: Եթե այդ մրցաշարն էլ չեղարկենք, կզրկվենք մյուս տարվա Հայաստանը ներկայացնող մարզիկներից միջազգային հարթակում»,- ասաց Ռոդիոն Կռիլովը:

Դպրոցի մարզիչ եւ կարտինգի մրցավար Կարեն Սարգսյանը մտահոգված է, որ փոքր տարիքից ավտոմոտոսպորտով զնաղբող երեխաներն առանց մարզումների կկորցնեն Formula 1 հասնելու ձգտումը եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը:

«Մեզ մոտ մարզվում են երեխան 3-4 տարեկանից: Այս տարիքն աշխարհում ավտոմոտոսպորտի հիմքն է, իսկ գագաթնակետը կամ այն կետը, որին ձգտում են բոլոր մրցարշավորդները՝ Formula 1-ն է: Մեզ մոտ մարզվում ենք 60-ից ավել երեխաներ, օրական 30-ից ավել երեխա է հաճախում դպրոց:

Այժմ բոլորը սպասում են, թե երբ է վերաբացվելու դպրոցը, պարբերաբար գրում են, զանգում: Հայաստանում միակ կարտինգ դպրոցը Play City-ի կարտադրոմն էր, որտեղ հնարավոր է մարզվել եւ մրցումներ անցկացնել: Այս դադարը բացասաբար է ազդելու երեխաների վրա, որոնցում ունենք շատ տաղանդավորներ եւ այդ երեխաներն արդեն դրսում մասնակցում են շատ հեղինակավոր մրցաշարերի: Սպասում ենք հետագա զարգացումներին:

Սպորտից բացի, մեր առաքելությունն է նաեւ դաստիարակել կարգապահ, անվտանգությանը հետեւող քաղաքացիներ: Այսինքն՝ սա ոչ միայն սպորտ է, նախասիրություն կամ հետաքրքրություն, այլ նաեւ դաստիարակություն է, ճիշտ քաղաքացիներ, լավ մարդիկ մեծացնել է, որն այս պահին, հուսանք, ժամանակավոր դադարեցված է»,- նշեց Կարեն Սարգսյանը:

Սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցաշարերում Հայաստանի թիմի մենեջեր Գուրգեն Դալիբալտյանը պարզաբանում է, որ դպրոցը, միջազգային լիցենզիան, ավտոմեքենաները եւ պայմանները մեծ դժվարությամբ են ձեռք բերվել:

«Հայաստանում կարտինգի զարգացումը սկսել ենք շատ վաղուց, որպեսզի ունենանք նման ենթակառուցված եւ մարզվելու պայմաններ: Շատ մեծ ջանքերի ու ներդրումների արդյունքում կարողացանք ձեռք բերել այն ավտոմեքենաները, որոնք Sodi world series-ի չափանիշներին համապատասխան էին: Մեծ դժվարությամբ կարողացանք ձեռք բերել նաեւ քվոտաները: Նշեմ, որ 2025 թ. մենք քվոտա ունեցանք նաեւ թիմային մրցաձեւում եւ տարածաշրջանում երեք հնարավորություն ունեցող երկրից մենք միակն էինք, որ թիմային քվոտան ձեռք բերեցինք:

Մենք, իրոք, այս մարզաձեւում մեծ պոտենցիալ ունենք: 2023 թ. Դուբայի 24-ժամյա մրցաշարում մեր թիմը երրորդ տեղը զբաղեցրեց: Այս տարի Համահայկական մրցաշարի հաղթողները նույն պոտենցիալն ունեին Հունաստանի մեծ մրցաշարում, բայց քանի որ մեկ ամսից ավել մարզվելու հնարավորություն չէին ունեցել, բավարարվեցինք 10-րդ տեղով  25 թիմի մեջ: Մեզ այդ արդյունքը չբավարարեց. Հասկանում ենք թիմի, մեր ընդհանուր իրավիճակը»,- մանրամասնեց Գուրգեն Դալիբալտյանը:

Ռոդիոն Կռիլովը պատմեց, որ Play City-ում երկու տարին անընդմեջ կազմակերպվել է Sodi world series-ի կողմից հաստատված Համահայկական մրցաշար, որը համախմբել է մրցաշարվորդներ Հայաստանից եւ Սփյուռքից: Համահայկական մրցաշարը դարձել է հայկական ավտոսպորտի ամենամասշտաբային միջոցառումը: 2026 թ. մրցաշարի հաղթող է դարձել ավտոարշավորդ Արա Եգանյան:

«Ծանր է այն ամենը, ինչի միջով անցնում ենք: Մեր թիմն ամեն ինչ արել է, որ ունենանք այս պայմանները, կարողանանք գնալ միջազգային մրցաշարերի: Ապագան անորոշ է: Այս պահին Sodi world series-ի Grand Final-ի հավակնորդներ ունենք, որից մեկը ես եմ, բայց չենք կարողանում նվազագույն մարզավիճակը հավաքել, որպեսզի մասնակցենք մրցաշարին եւ վաստակենք մասնակցության իրավունք:

Մեզնից առավել ծանր է երեխաների համար, որովհետեւ կարտինգով զբաղվող հայ երեխաները մեծ պոտենցիալ ունեին, շատ ավելի հեռանկարային էին եւ կարող էին բարձր հարթակներ հասնել: Այս վիճակում պոտենցիալը կորում է»,- շեշտեց Արա Եգանյանը :

Ռոդիոն Կռիլովը նշեց, որ համալիրի փակ լինելու պատճառով ինչպես դպրոցի, այնպես էլ Play City-ի ամբողջ աշխատակազմը մնացել է առանց աշխատանքի:

«Դիմել ենք քննչական կոմիտե, ԿԳՄՍ, Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով, որ գոնե սպորտային մասը հիմա գործի, որպեսզի հնարավորություն ունենանք պահպանել մեր լիցենզիան: Արդեն չեղարկել ենք 3 մրցաշար, որից մեկին դրսից երեք թիմ պետք է մասնակցեր: Նրանց ստիպված մերժել ենք:

Մեր նպատակն այն է, որ վերսկսենք դպրոցի գործունեությունը, սպորտային մասը պահենք, որպեսզի կարողանանք մարզել մրցարշավորդներին, անցկացնել մրցաշարերը եւ չզրկվենք մեր հնարավարություններից, որոնք ինքներս ենք ստեղծել դժվար ճանապարհով:

Մեր դիմումներին այսօր պատասխանել է միայն Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ուղղորդել է մեզ քննչական կոմիտե՝ նշելով, որ իր իրավասությունների մեջ չի եւ չի կարող պատասխանել մեզ»,- ամփոփեց Ռոդիոն Կռիլովը: 

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print