15:27  ,  30 սեպտեմբերի, 2026

Ավան համայնքում բացվեց «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան (ֆոտո)

Երեւանի Ավան համայնքում այսօր պաշտոնապես բացվեց Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան: Ավանի մարզաբազայի բացմանը ներկա էին ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելին, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագան եւ նախկին անվանի ֆուտբոլիստ Լեւան Կոբիաշվիլին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ակադեմիայի «Ավան» մարզաբազայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնի եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիսավոր կտրեց կարմիր ժապավենը։ Պատվավոր հյուրերն ու ֆուտբոլային լեգենդները շրջեցին մարզաբազայում, ծանոթացան կատարված աշխատանքներին, ենթակառուցվածքներին եւ հետեւեցին երեխաների մարզումներին։

Ավանի մարզաբազան ներառում է երեխաների եւ մարզիչների համար նախատեսված մարզասրահ, բժշկական հետազոտությունների եւ վերականգնողական կենտրոններ, կացարան, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ եւ այլ  ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» ստանդարտներին համապատասխան։

Ավանի մարզաբազան ներառում է 5 մարզադաշտ:

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը հիացած է հայաստանյան մասնաճյուղում կատարված աշխատանքներով:

«Մենք հաճելիորեն զարմացած ենք եւ հպարտ տեսնելու այս ամենը: Այն, թե ինչ կարճ ժամանակում կատարեցին հիմնադիրները, պարզապես հիացնում է: Սա եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամությունը: «Յուվենտուսն» աշխարհի մեծագույն ակումբներից է եւ Հայաստանում լիցենզավորված ակադեմիա ունենալը պարզապես մոտիվացնող է եւ մեծ հույզեր է պատճառում բոլորին: Տեղեկացնեմ, որ Ավանի մարզաբազայում արդեն մարզվում են 600-700 երեխա եւ բոլորը ներգրաված են «Յուվենտուսի» ամբողջ մեթոդաբանության եւ ծրագրի մեջ:

Մենք ամբողջ աշխարհում շուրջ 100 ակադեմիա եւ այսպիսի նախագիծ ունենք, բայց տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որն ունի այսպիսի ակադեմիա: Մեզ համար հայաստանյան փորձը օրինակ կլինի տարածաշրջանում մյուս ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց Պետեր Սիլվերստոնը:

«Կարծում եմ՝ «Յուվենտուսի» ակադեմիայի բացումը Երեւանում շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ Հայաստանում առաջին անգամ խոշոր եվրոպական ակումբի ակադեմիա է բացվում: Այս ակադեմիան լայն հնարավորություններ կստեղծի մեր երեխաների համար, որոնք սիրում են ֆուտբոլը եւ ուզում են զբաղվել ֆուտբոլով եւ մասնավորապես նրանք, որոնք ուզում են պրոֆեսիոնալ զբաղվել ֆուտբոլով: Կարծում եմ, որ սա շատ լավ սկիզբ է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային ապագայի համար»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Ավանի ակադեմիայի մարզաբազայից հյուրերը «Յուվենտուսի» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիրների հետ այցելեցին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնք, որտեղ տրվեց երրորդ մասնաճյուղի եւ սպորտային թաղամասի շինաշխատանքների մեկնարկը։

Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելին Նոր Հաճնում տեղի ունեցած հիմնարկեքից հետո նշել է, որ հիացած է «Յուվենտուսի» հայաստանյան մասնաճյուղերից:

«Ֆանտաստիկ տպավորություններ ունեմ Հայաստանից: Սա իմ առաջին այցն է այս երկիր, քաղաքը հիանալի է, եղանակն ու մարդիկ՝ նույնպես: Հուսով եմ՝ Հայաստան կժամանեմ նաեւ ընտանիքիս հետ: Անկեղծ կլինեմ, ես եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում ու այցելել «Յուվենտուսի» ակադեմիաներ Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում, սակայն ես առաջին անգամ եմ տեսնում նման նախագիծ: Այս ամենը ֆանտաստիկ է: Կարծում եմ՝ սա այս պահին «Յուվենտուսի» լավագույն ակադեմիան է աշխարհում»,- ասել է Ֆաբրիցիո Ռավանելին:

Սեպտեմների 30-ին երեկոյան «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ կբացվի ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխանող Freedom Arena-ն եւ «Յուվենտուսի» հայաստանյան մասնաճյուղի երրորդ մարզաբազան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում