22:55  ,  28 սեպտեմբերի, 2026

Եղիշե Մելիքյան․ Ափսոսում եմ, որ չկարողացանք արդյունքի հասնել, որի համար ներողություն եմ խնդրում

Ափսոսում եմ, որ չկարողացանք արդյունքի հասնել, որի համար ներողություն եմ խնդրում: Շնորհակալ եմ երկրպագուներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Տղաների մոտ նվիրվածություն տեսա, որը մեզ կտանի առաջ:

Այսպես Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում Չեռնոգորիայից կրած 2:3 հաշվով պարտությունը մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Դգոհ եմ մրցավարությունից, Փիլոյանի առաջին գոլը խախտում էր, բայց չեմ ուզում դրա մասին խոսել, քննարկել: Ինչ կարող եմ ասել այսօրվա խաղի մասին. ունեինք  պլան Ա եւ պլան Բ: Առաջին խաղակեսում աշխատեցինք պլան Ա-ով: Ընդմիջմանը տակտիկապես փոփոխություն կատարեցի, խաղացողների փոփոխություն եղավ նաեւ, մենք ունեցանք առավելություն, ճնշում: Ափսոսում եմ, որ չկարողացանք արդյունքի հասնել, որի համար ներողություն եմ խնդրում: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, իրենց աջակցության համար, շատ օգնեցին մեզ: Շատ տխուր ենք մենք, հանդերձարանում շատ տխուր էինք: Իմացեք, որ այս թիմն ապագա ունի, այս թիմը լավ կազմ ունի եւ պայքարելու է ու շարունակելու է:

Տղաների մոտ նվիրվածություն տեսա, որը մեզ կտանի առաջ: Անհատական պահերում սխալներ թույլ տվեցինք, որի համար պատժվեցինք: Ընդհանուր առմամբ՝ տղաներից շատ գոհ եմ: Ամեն ինչ կանեմ, որ ճնշում չլինի իրենց վրա: Այդ ամենը կվերցնեմ ինձ վրա: Պատասխանատվություն, ճնշում, ամեն ինչ վերցնում եմ ինձ վրա:

Մեր ծրագրերում չէր մտնում, որ պետք է իջնենք ներքեւ հաշիվ պահելու համար: Խաղից առաջ ուզում էի գնալ գոնե ոչ ոքի արդյունքի, բայց խաղը թելադրում էր, որ կարող էինք նաեւ հաղթել: Այդ պատճառով ես միշտ ստիպում էի նրանց դուրս գալ: Չմոռանանք, որ տղերքի ֆիզիկական վիճակը, ֆուտբոլիստներ կային, որոնք առաջին անգամ էին մեկնարկային կազում, ամիսներ չէին խաղացել:Մրցակցին շատ էր պետք հաղթանակը, գնաց փոխարինումների, ճնշումի եւ մեխանիկորեն մենք իջանք ներքեւ հաշիվ պահելու:

Դեռ չեմ կարող որեւէ կանխատեսում անել, թե ինչ հնարավորություններ ունենք խմբում: Ափսոս էր, որ այս երեք միավորը կորցրինք եւ թողեցինք, որ մեզնից առաջ անցնեն: 4 խաղ ունենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել: Կորուստներ ունենք,  թիմը երկու խաղ արդեն խաղացել է, չունեմ ռեսուրս, պիտի քամեմ այս թիմից որքան կարող եմ: Եթե աշունը ստացվի մեզ մոտ, ուրախ կլինենք: Այս թիմն ունի ապագա, ես հավատում եմ: 

Չանչարեւիչը մեզ համար շատ լավ դարպասապահ է, նրանից շատ գոհ եմ, շատ նվիրված է եւ շատ հանգիստ է: Ուրախ եմ, որ նա կա մեր թիմում: Միրանյանը շատ լավ ճնշում էր անում, տակտիկապես շատ գրագետ էր խաղում, բայց երբ հարձակվողը չունի արդյունք, գոլ չի խփում, կարող ենք նրա մասին ինչ-որ բան ասել: Այսօր ունեինք իրեն եւ պետք  է հավատանք նրան: Այս տղան ամբողջ ամառ չէր խաղացել եւ այսօր նա իր մաքսիմալից շատ աշխատեց: 

Իվուն երկար վնասվածքից հետո նոր է վերակգնվել եւ նոր է այս դինամիկայով խաղում: Նրան փոխարինեցի հոգնածության պատճառով: Կառլեն Հովհաննիսյանից եւս գոհ եմ:

Այսօր շատ դժգոհ եմ Ժիրայր Շաղոյանից: Չեմ ուզում մեկ ֆուտբոլիստի մասին շատ խոսել, այդ պատճառով մեկ բառով ասացի՝ դժգոհ եմ: Բայց... ամեն ֆուտբոլիստ, երբ հագնում է ազգային հավաքականի մարզաշապիկը այդ պահից պետք է զգա մեծ պատասխանատվություն եւ անմնացորդ նվիրում մարզադաշտում, որտեղ պետք է պայքարի եւ մեռնի: Ֆուտբոլիսն իրավունք չունի թարմ դուրս գա խաղադաշտից, եթե թարմ դուրս եկավ, ուրեմն նա անմնացորդ չի նվիրվել եւ չի մեռել դաշտում: Իսկ ով այդպես չի անում, հաջորդ անգամ չի հագնի այդ մարզաշապիկը:

Հաջորդ արտագնա խաղից առաջ հավաքականը ֆիզիկապես լավ վիճակում չի կարող լինել: Հոգեբանորեն նույնպես հարված կերավ, երբ հանդիպման վերջին րոպեին գոլ բաց թողեց: Ամեն ինչ պետք է անենք, որ թիմին վերականգնենք արդեն հոգեբանորեն եւ ֆիզիկապես»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի թիմը երրորդ տուրում կհյուրընկալվի Կիպրոսի թիմին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print